ԱՄՆ-ն և Իրանը «շատ լավ գործարքի» հասնելու վերջին փուլում են, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Ըստ ԱՄՆ նախագահի՝ այդ գործարքով Իրանին թույլ չի տրվի միջուկային զենք ստեղծել, իսկ Հորմուզի նեղուցը կբացվի համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո։
«Մենք բանակցություններ ենք վարում Իրանի հետ, դրանք չեն դադարել։ Առնվազն մեկ կամ երկու օրից կարող ենք պատկերացում կազմել, բայց կարծում եմ՝ ամեն ինչ լավ է ընթանում։ Շրջափակումը շարունակում է 100%-ով պահպանվել», - ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփն ասել է, թե չեն ցանկանում կրկին ռմբակոծել Իրանը, քանզի ծովային շրջափակումը ավելի արդյունավետ գործիք է Թեհրանի վրա ճնշում բանեցնելու համար, որպեսզի գործարքի գնա։
Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է, որ «շատ լավ զրույց» է ունեցել Իսրայելի վարչապետի հետ, ում զգուշացրել է՝ զգույշ լինել Իրանի հարցում, այլապես կարող է «շուտով միայնակ մնալ» Իրանի դեմ պայքարում։ Թրամփը նաև վստահեցրել է՝ Իսրայելն ու Իրանը համաձայնել են առնվազն մեկ շաբաթ չկրակել միմյանց վրա։
ԱՄՆ փոխնախագահն էլ Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն լավ դիրքերում է Իրանի հարցում Թրամփի դրած նպատակներին հասնելու համար։ Ջեյ Դի Վենսը վստահեցրել է՝ Իրանը չի ցանկանում, որ պատերազմը շարունակվի։
«Դա նրանց շահերից չի բխում, և կարծում եմ՝ նրանք բանակցությունների կգան իրական առաջարկներով։ Մենք, իհարկե, կստուգենք դրանք։ Եթե հասնենք գործարքի, դա մեծ հաղթանակ կլինի ամերիկյան ժողովրդի համար», - նշել է ԱՄՆ փոխնախագահը։
ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ասել է, որ ԱՄՆ-ն և Իրանը Պակիստանի միջնորդությամբ շարունակում են տեսակետներ փոխանակել բանակցությունների միջոցով պատերազմն ավարտելու վերաբերյալ։ Ամիր Սաիդ Իրավանին Associated Press-ին ասել է, որ Թեհրանը դեռ վերջնական փաստաթուղթ չի ստացել Վաշինգտոնից, սակայն ձգտում է ստանալ այն։ Նա նաև հույս է հայտնել, որ համաձայնության կհասնեն մինչև հունիսի վերջ։
Չնայած Թրամփի պնդմանը, թե Իրանի ծովային շրջափակումը լավ միջոց է Թեհրանին ճնշելու համար, Իրանի գլխավոր բանակցողը հայտարարել է, որ շրջափակումը ռազմական հանցագործություն է։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը սպառնացել է՝ Իրանը «թշնամու դավադրությունը կվերածի նրանց համար ևս մեկ պարտության»։ Նա նաև ԱՄՆ-ին է մեղադրել լարվածության համար և կասկածի տակ դրել Վաշինգտոնի անկեղծությունը բանակցություններում։
«Փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահի արած մեկնաբանությունները հակասում էին համաձայնեցված հատվածներին։ Դա ցույց տվեց, որ նրանք ո՛չ հրադադարի, ո՛չ էլ երկխոսության են ձգտում… Մենք նաև վստահություն չունենք մյուս կողմի նկատմամբ», - հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակը։
Չնայած Իրանը սպառնացել էր վերսկսել հարվածներն Իսրայելին, եթե իսրայելական բանակը շարունակի հարձակումները Լիբանանի հարավում, Իսրայելը շարունակել է ռազմական գործողությունները Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի դեմ Նաբաթիե, Տյուրոս և այլ քաղաքներում և տարհանման հրամաններ տվել։ Իսրայելական հարվածներից մեկի հետևանքով 12 մարդ է սպանվել։ Արևմուտքի կողմից ահաբեկչական շարժումն իր հերթին պատասխան հարվածներ է հասցրել՝ թվով 16-ը վերջին մեկ օրում։
ՄԱԿ-ի փոխխոսնակ Ֆարհան Հաքը կասկածի տակ է դրել մարդկանց հարկադիր տարհանման հրամանների օրինականությունը՝ նշելով, որ դրանք մարդկային կյանքեր են խլում։
«Այս հրամանների մասշտաբը և անորոշությունը գրեթե անհնար են դարձնում դրանց անվտանգ կատարումը, ինչը կասկածի տակ է դնում դրանց արդյունավետությունը, որը միջազգային մարդասիրական իրավունքի պահանջ է», - նշել է ՄԱԿ-ի փոխխոսնակը։
ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ Լիբանանն ապագա չի ունենա, եթե շարունակի կապված լինել Իրանի հետ։ Fox News-ին տված հարցազրույցում Յեխիել Լեյթերը պնդել է՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները «ոչ մի կապ չունեն Լիբանանի հետ», թեև Իրանը փորձում է այս երկու հարցերը կապել միմյանց։ «Երբ մենք հարվածում ենք «Հեզբոլա»-ին, դա որևէ կապ չունի Իրանի հետ։ Նրանք պետք է հեռու մնան դրանից», - հավելել է դեսպանը։