Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհանն Վադեֆուլը Deutschlandfunk ռադիոյին այսօր տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև ուղղակի հանդիպման համար ընթանում են պատրաստություններ։
«Դա, ըստ երևույթին, տեղի կունենա բավականին շուտով՝ Պակիստանում», - ասել է Վադեֆուլը՝ ընգծելով, թե նախապես եղել են անուղղակի շփումներ, և բնութագրել դրանք որպես «հույսի և վստահության առաջին նշաններ»։
«Փաստորեն, նախնական դիրքորոշումներն արդեն փոխանակվել են գրավոր ձևով՝ երրորդ կողմերի միջոցով»,- հավելել է Վադեֆուլը՝ չասելով, սակայն, «ով է կազմակերպել այս ամենը», և ընդգծել է, որ նման հարցերը հրապարակայնորեն քննարկելը շատ արդյունավետ չէ։
Իրանի արտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ վերջին օրերին Ամերիկան միջնորդների միջոցով տարբեր ուղերձներ է փոխանցել, որոնց վերաբերյալ Թեհրանն արտահայտել է իր դիրքորոշումը: Սակայն, ըստ Աբբաս Արաղչիի, դա չի նշանակում, որ Իրանը բանակցում է ԱՄՆ-ի հետ: