ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Շվեյցարիա, որտեղ պետք է ուղիղ բանակցություններ վարեր իրանցի բանագնացների հետ, հետաձգվել է, հայտնել են Սպիտակ տնից՝ որոշման պատճառ նշելով «լոգիստիկ» խնդիրները։
«Այս բանակցությունների լոգիստիկան երբեք էլ պարզ կամ կանխատեսելի չի եղել, - AFP-ի փոխանցմամբ՝ նշել են Սպիտակ տնից՝ շարունակելով․ - Այս պահի դրությամբ փոխնախագահը այս գիշեր չի մեկնի։ Մենք անհամբերությամբ սպասում ենք տեխնիկական բանակցությունները հնարավորինս շուտ սկսելուն»։
Հստակ չէ՝ արդյո՞ք բուն բանակցությունների մեկնարկը նույնպես հետաձգվում է։ dpa լրատվականի փոխանցմամբ՝ Սպիտակ տնից հայտնել են, որ սպասվող բանակցությունները դեռ վերջնականապես չեն հաստատվել։
Իրանական Tasnim գործակալությունը հայտնել է, որ Թեհրանի պատվիրակության՝ Շվեյցարիա մեկնելու վերաբերյալ «ոչինչ հաստատված չէ»։ Իրանական լրատվամիջոցներն ավելի վաղ տեղեկություններ էին տարածել, որ Թեհրանն ինքը հետաձգել է իր պատվիրակության այցը Շվեյցարիա՝ Լիբանանի վրա Իսրայելի շարունակական հարձակումների պատճառով։
ԱՄՆ-Իրան պատերազմին վերջ դնող փոխըմբռնման հուշագիրը ԱՄՆ և Իրանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Մասուդ Փեզեշքիանը թվային տարբերակով նախօրեին ստորագրեցին։ Փաստաթուղթը 60-օրյա ժամկետ է սահմանում վերջնական համաձայնագրի հասնելու բանակցությունների համար։ Ըստ հուշագրի՝ հրադադարի ռեժիմ պետք է հաստատվի նաև Լիբանանում։
«Ես կասեի, որ 60-օրյա ժամկետը այսօր պաշտոնապես սկսվել է»,- նախօրեին հայտարարել է փոխնախագահ Վենսը։