Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները Թուրքիայից տեղափոխվում են Օման

Ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը, արխիվ
Ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը, արխիվ

ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի պահանջին. Թեհրանի միջուկային ծրագիրը քննարկելու նպատակով Թուրքիայում ուրբաթ օրը նախատեսված հանդիպումը տեղափոխվել է Օման:

Ըստ Reuters-ի աղբյուրի՝ Իրանը բացատրել է, որ նախկինում Օմանում արդեն անցկացվել են բանակցություններ, և ցանկանում են, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի բանակցությունները նախորդի շարունակությունը դառնան:

Գործակալության փոխանցմամբ, հիմա քննարկվում է Իրանի մյուս պահանջը՝ բանակցություններն անցկացնել երկկողմ ձևաչափով՝ առանց տարածաշրջանի երկրների, որոնց միջնորդությամբ է նաև կազմակերպվում հանդիպումը:

Խնդրին իրազեկ դիվանագետն ասել է, որ Թեհրանը ձգտում է նաև նեղացնել քննարկվելիք հարցերի շրջանակը. - «Նրանք ցանկանում են ամերիկացիների հետ քննարկել միայն միջուկային ծրագիրը, մինչդեռ ԱՄՆ-ն ցանկանում է ներառել այլ թեմաներ, ինչպիսիք են բալիստիկ հրթիռները և Իրանի պրոքսիների գործունեությունը տարածաշրջանում»։

ԱՄՆ-ն համարում է, որ Իրանը ձգտում է միջուկային զենք ստեղծել, և պահանջում է, որ Թեհրանն արագ բանակցությունների նստի իր միջուկային ծրագրի շուրջ, սպառնալով հակառակ դեպքում ռազմական գործողություններ սկսել։

Իրանը, մինչդեռ, պնդում է, որ խաղաղ նպատակներով է ուրանը հարստացնում, իսկ հրթիռային ծրագրի հարցում զիջումներ չի անի, դա կարմիր գիծ է իր համար: Թեհրանը նաև հայտարարում է, որ անցած տարվա 12-օրյա պատերազմից հետո համալրել է իր բալիստիկ հրթիռների պաշարները, և զգուշացնում է, որ դրանք կօգտագործի, եթե երկրի անվտանգությունը սպառնալիքի տակ լինի:

Ռուսաստանը հայտարարել է, որ դեռ ուժի մեջ է ԱՄՆ մտահոգությունները մեղմելու նպատակով հարստացված ուրանն Իրանից դուրս բերելու՝ Մոսկվայի առաջարկը: Սակայն որոշումն Իրանը պետք է կայացնի: Մոսկվան հույս է հայտնել, որ սպասվող հանդիպմանը Վաշինգտոնն ու Թեհրանը քայլեր կձեռնարկեն իրադրության հետագա սրացումը կանխելու համար։

Ուրբաթ նախատեսված հանդիպումից առաջ ամերիկյան զինուժը երեկ խոցել է իրանական անօդաչուն, որն Արաբական ծովում մոտեցել է ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակրին: Այլ ռազմանավերի հետ այն վերջին օրերին է բերվել տարածաշրջան:

Երեկ նաև իրանական վեց զինված մոտորանավակներ Հորմուզի նեղուցում մոտեցել են ԱՄՆ դրոշի ներքո նավարկող մի լցանավի և պահանջել, որ կանգ առնի: Սակայն լցանավը շարունակել է ճանապարհը, իսկ քիչ անց ամերիկյան ռազմանավ է մոտեցել և ուղեկցել լցանավը: Ըստ Fars-ի՝ Իրանը տեղեկություն է ունեցել, որ նավը մտել է իր տարածքային ջրեր: Reuters-ը պարզել է, որ այս պնդումը իրականությանը չի համապատասխանում:

Օրերս Իրանին հերթական զգուշացումը տված ԱՄՆ նախագահը երեկ Սպիտակ տանը լրագրողներին ասել է, որ հիմա բանակցում են Թեհրանի հետ:

«Տեսնենք՝ ինչ-որ բան կստացվի՞, թե՞ ոչ։ Նրանք որևէ բան անելու հնարավորություն ունեին որոշ ժամանակ առաջ, բայց չստացվեց։ Եվ մենք իրականացրինք «Կեսգիշերային մուրճ» գործողությունը: Չեմ կարծում, թե նրանք կուզեին, որ դա կրկնվի: Նրանք ցանկանում են բանակցել, հիմա բանակցում ենք նրանց հետ, այո», - հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Սպիտակ տան մամուլի քարտուղարն իր հերթին շեշտել է՝ Դոնալդ Թրամփը խնդիրները փորձում է լուծել նախ դիվանագիտական ճանապարհով:

«Որպես գերագույն հրամանատար, իհարկե, նախագահը սեղանին մի շարք տարբերակներ ունի ... Բայց բանակցությունները կշարունակվեն այս շաբաթավերջին, որքանով այս պահին տեղյակ եմ», - ասել է Քերոլայն Լևիթը:

Գերմանիայի միջազգային և անվտանգության հարցերի ինստիտուտի գիտաշխատող Համիդռեզա Ազիզին «Ազատությանն» ասել է, որ ի տարբերություն անցած տարվա պատերազմի՝ Իրանն ԱՄՆ-ի հետ հնարավոր նոր բախումն իր համար գոյաբանական սպառնալիք է դիտարկում և պատրաստ է օգտագործել իր ռազմական ողջ կարողությունները, այդ թվում՝ պրոքսիներին:

Ազիզիի փոխանցմամբ՝ Իրանի դաշնակիցներն Իրաքում, Լիբանանում և Եմենում արդեն պատրաստվում են հնարավոր պատերազմի։ «Մենք արդեն տեսնում ենք նշաններ, որ ակտիվացվում է դիմադրության առանցքը, այն, ինչ մնացել է դրանից», - ասել է Ազիզին։

Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի առաջնորդն անցած շաբաթ հայտարարել էր, որ խմբավորումը պատրաստվում է «հնարավոր ագրեսիայի և վճռականորեն տրամադրված է պաշտպանվելու», սակայն չէր նշել, թե ինչպես կվարվի, եթե Իրանը հարձակման ենթարկվի։

Լոնդոնում տեղակայված Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ռազմական և անվտանգության հարցերով վերլուծաբան Սաշա Բրուխմանն էլ «Ազատությանը» ասել է, որ չնայած «Հեզբոլա»-ն կորցրել է իր ռազմավարական կարողությունների, հրթիռային զինանոցի մեծ մասը, անօդաչուների արտադրամասերը, բայց այն շարունակում է լուրջ սպառնալիք մնալ։ «Հեզբոլա»-ն թուլացել է, բայց պարտված չէ», - ասել է նա:


XS
SM
MD
LG