Մատչելիության հղումներ

Իրանը և Միացյալ Նահանգները Մասկատում վճռորոշ բանակցություններ անցկացրեցին

Օման - Իրանի պատվիրակությունը ժամանում է բանակցությունների, Մասկա, 6-ը փետրվարի, 2026թ.
Օման - Իրանի պատվիրակությունը ժամանում է բանակցությունների, Մասկա, 6-ը փետրվարի, 2026թ.

Իրանն ու Միացյալ Նահանգները Մասկատում վճռորոշ բանակցություններ են անցկացրել Օմանի միջնորդությամբ՝ վերջին ամիսներին աճող լարվածության ֆոնին։ Իրանի արտգործնախարարը դրանք արդյունավետ է բնորոշել, միաժամանակ փոխանցել՝ Թեհրանն ընդգծել է, որ ցանկացած երկխոսության համար անհրաժեշտ է զերծ մնալ սպառնալիքներից։

Աբբաս Արաղչին նաև նշել է, թե այս հանդիպումից հետո կողմերը խորհրդակցություններ կանցկացնեն իրենց մայրաքաղաքներում՝ հետագա քայլերը որոշելու համար։

«Օգտակար էր քննարկել և բացահայտել հնարավոր առաջընթացի ոլորտները»,-X-ում գրել է Օմանի արտգործնախարարը։

Դեռ պարզ չէ, թե արդյոք կողմերը համաձայնել են որևէ հարցի շուրջ: Իրանի արտգործնախարարության խոսնակը միայն հայտնել է, որ բանագնացները կվերադառնան իրենց երկրներ՝ խորհրդակցությունների, իսկ բանակցությունները կշարունակվեն ավելի ուշ: «Անվստահության պատը պետք է հաղթահարվի»,- սոցցանցում գրել է Էսմայիլ Բաղային:

Օմանի արտգործնախարարը երկրի մայրաքաղաքում առանձին հանդիպել է իրանցի պաշտոնակից Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի ու Ջարեդ Քուշների հետ: Իրանական պատվիրակության հետ նաև երկրորդ հանդիպումն է եղել:

Թեհրանն ու Վաշինգտոնը Օմանի միջոցով միմյանց են փոխանցել իրենց պահանջները, լարվածությունը թուլացնելու և բանակցություններն առաջ մղելու պայմանները: Օմանի արտգործնախարարությունը հայտնել է, որ կողմերի հետ այսօրվա հանդիպումները «կենտրոնացած էին դիվանագիտական և տեխնիկական բանակցությունների վերսկսման համար համապատասխան պայմաններ ստեղծելու վրա»:

Իրանը նախքան հանդիպումը հայտարարել էր, որ կքննարկի միայն միջուկային ծրագիրը, ԱՄՆ-ն էլ պնդել էր, որ կքննարկվեն նաև բալիստիկ հրթիռների ծրագիրը, ահաբեկչական կազմակերպություններին Իրանի աջակցության և սեփական ժողովրդին ճնշումների ենթարկելու հարցերը։

Հանդիպումից առաջ ԱՄՆ-ն դարձյալ իր քաղաքացիներին կոչ է արել անմիջապես լքել Իրանը Հայաստանի կամ Թուրքիայի տարածքով։ Վերջին անգամ Իրանից հեռանալու զգուշացում արվել էր հունվարի 14-ին, երբ երկրում ցույցերից հետո Դոնալդ Թրամփը քննարկում էր հնարավոր միջամտության տարբերակները, այդ թվում՝ թիրախային հարվածները:

Աբբաս Արաղչին հանդիպումից առաջ սոցցանցում գրել էր, որ բանակցությունները պետք է անցկացվեն հավասար դիրքերից, հարգվեն կողմերի իրավունքներն ու շահերը, քանզի դրանք են հուսալի համաձայնության հասնելու երաշխիքը։ Իրանը նաև չի մոռացել անցած տարվա պատերազմը և վճռական է իր իրավունքները պաշտպանելու հարցում, զգուշացրել էր իրանցի պաշտոնյան:

«Իրանը բանակցություններն սկսում է բաց աչքերով և անցյալ տարվա ամուր հիշողությամբ։ Մենք գործում ենք բարի կամքով և վճռական ենք՝ պաշտպանելու ենք մեր իրավունքները։ Պարտավորությունները պետք է կատարվեն», - պնդել էր Իրանի արտգործնախարարը:

Սպիտակ տան մամուլի քարտուղարն էլ ասել է՝ Իրանը պետք է չմոռանա, որ ԱՄՆ նախագահը դիվանագիտությունից բացի իր տրամադրության տակ ունի բազմաթիվ տարբերակներ: Սակայն նախագահ Թրամփը հիմա փորձում է պարզել՝ արդյոք հնարավոր է խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով, ընդգծել է Քերոլայն Լևիթը:

«Նախագահի համար դիվանագիտությունը միշտ առաջին ընտրությունն է, երբ խոսքը վերաբերում է աշխարհի տարբեր երկրների հետ հարաբերություններին՝ լինեն մեր դաշնակիցները, թե մեր հակառակորդները … Տեսնենք, թե ինչ կստացվի։ Նախագահը նորության է սպասում», - հայտարարել է Սպիտակ տան խոսնակը:

ԱՄՆ-ն պնդում է, թե Իրանը փորձում է միջուկային զենք ստեղծել, Թեհրանը, մինչդեռ, վստահեցնում է՝ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ ունի: ԱՄՆ-ն վերջին շաբաթներին մեծ թվով զորք և ռազմանավեր է տեղակայել Մերձավոր Արևելքում և սպառնում է ռազմական գործողություններով, եթե Իրանը գործարքի չգնա միջուկային ծրագրի շուրջ:

Al Jazeera-ն իր աղբյուրներին հղումով հայտնում է, որ միջնորդներ Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան շաբաթվա սկզբին Իրանին և ԱՄՆ-ին ներկայացրել են այսօր քննարկվելիք հիմնական սկզբունքների շրջանակը:

Ըստ այդմ՝ Իրանը պարտավորվում է երեք տարի ուրան չհարստացնել, ապա նվազեցնել հարստացումը մինչև 1.5 տոկոս, իսկ բարձր հարստացված ուրանի ներկայիս պաշարը, այդ թվում՝ մինչև 60 տոկոս հարստացված մոտ 440 կգ ուրանը, փոխանցել երրորդ երկրի։

Իրանը նաև պարտավորվում է զենք և տեխնոլոգիաներ չփոխանցել իր պրոքսիներին, չկիրառել բալիստիկ հրթիռներ։ Միջնորդներն առաջարկում են, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև նաև «չհարձակման մասին համաձայնագիր» ստորագրվի։

Իրանցիները դեմ են պատերազմին և կոչ են անում դիվանագիտության միջոցով լուծել խնդիրը:

«Եթե պատերազմ սկսվի, մեր արժույթն ավելի կթուլանա դոլարի նկատմամբ։ Շարքային քաղաքացիների համար կյանքը միայն կդժվարանա։ Դրա համար դեմ ենք պատերազմին։ Հաջող բանակցությունները լավագույն արդյունքը կլինեն։ Պատերազմը ոչ մեկի շահերից չի բխում», - ասում է Թեհրանի մի բնակիչ:

«ԱՄՆ-ն իր ուժերը տեղափոխել է տարածաշրջան։ Սակայն կարծում եմ, որ պատերազմի իրական հավանականությունը շատ փոքր է։ Վստահ եմ, որ համաձայնության կհասնեն։ Նրանք չեն կարող իրենց թույլ տալ Իրանի հետ բախվել. նրանց համար ևս լուրջ հետևանքներ կլինեն», - նշում է մեկ այլ թեհրանցի:

«Մենք արդեն տնտեսական պատերազմի մեջ ենք։ Գնաճն ավելի վատ է, քան ռազմական հակամարտությունը։ Հուսով եմ՝ մեր ղեկավարները և դիվանագետները պատերազմը կանխելու միջոց կգտնեն., - ընդգծում է երրորդը:

Թեհրանում գործող Մերձավոր Արևելքի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Աբբաս Ասլանին Al Jazeera-ին ասել է, որ բանակցությունները տեղի են ունենում անորոշությունների պայմաններում, իսկ տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության կուտակումն է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը:

Ասլանիի կարծիքով՝ բանակցությունների այս փուլը կարող է որպես լակմուսի թուղթ ծառայել, թե որքան լուրջ են կողմերը տրամադրված և արդյոք իսկապես պատրաստ են դիվանագիտական փոխգործակցության:

XS
SM
MD
LG