Մատչելիության հղումներ

Մասկատում մեկնարկել են ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները

Մասկատում մեկնարկել են ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները՝ Օմանի միջնորդությամբ, որոնց արդյունքներից է կախված, ըստ Սպիտակ տան ղեկավարի, թե ինչ զարգացումներ կունենա երկկողմ լարվածությունը։

Իրանցի պաշտոնյան Reuters-ին ասել է, որ Իրանն իր պահանջներն Օմանի միջոցով փոխանցել է ԱՄՆ-ին։ Թեհրանը հայտարարել է, թե պատրաստ է քննարկել միայն միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները, մինչդեռ Վաշինգտոնը ցանկանում է ընդլայնել օրակարգը՝ ներառելով Իրանի բալիստիկ հրթիռների սահմանափակմանը, տարածաշրջանային զինված խմբավորումներին՝ Իրանի կողմից աջակցությանն ու «սեփական ժողովրդի նկատմամբ վերաբերմունքին» վերաբերող հարցեր, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

ԱՄՆ նախագահ Թրամփը զգուշացրել է, որ եթե կողմերն այս հանդիպմանը համաձայնության չհասնեն, «վատ բաներ» հավանաբար կպատահեն»՝ սաստկացնելով ճնշումը Իսլամական Հանրապետության վրա։

«Կցանկանայի հիշեցնել իրանական ռեժիմին, որ ԱՄՆ նախագահն իր տրամադրության տակ ունի բազմաթիվ տարբերակներ՝ դիվանագիտությունից բացի՝ որպես աշխարհում ամենաուժեղ բանակի գլխավոր հրամանատար», - երեկ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։


XS
SM
MD
LG