Իրավապահներն այսօր վաղ առավոտյան խուզարկություն են իրականացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրված պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատանը: Մոտ 2-3 ժամ տևած քննչական գործողություններից հետո, Կարապետյանի փոխանցմամբ, իրավապահները ոչինչ չեն առգրավել: Կարապետյանի գնահատմամբ՝ իր շուրջ տեղի ունեցող գործընթացները բացառապես քաղաքական են:
«Քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդկանց, փաստորեն, արգելվում է քաղաքականությամբ զբաղվել: Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է, չկա որևէ այլ պատճառ: Ուզում է ասել, որ մարդ քաղաքականությամբ չզբաղվի, բացի իմ կողմից նշանակված սատելիտների: Այդպես չի կարող լինել, որովեհտև մենք մեր երկրում պետք է քաղաքականությամբ զբաղվենք, որովհետև ինքը սխալ ճանապարհով է տանում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կարապետյանը:
Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ գործողություններն իրականացվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում։ Ալեքսանյանը, ում կալանքն այսօր երկարաձգվեց ևս երկու ամսով, մեղադրվում է հավաքներին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար: Անցած շաբաթ նույն մեղադրանքն առաջադրվել էր նաև Նարեկ Կարապետյանին: Քրեական գործի մանրամասներին Կարապետյանն այսօր էլ չանդրադարձավ՝ դրանք համարելով անկարևոր:
Կարապետյանի խոսքով.- «Ամեն ամիս ինչ-որ բանի մեջ կմեղադրեն: Խնդիրը մեղադրանքը չէ: Իրենց խնդիրը քաղաքական օպոնենտին սահմանափակելն է: Բայց էս մի տարի է՝ ուսումնասիրում են, չեն հասկանում, որ դա հակառակ էֆեկտն է տալիս»:
Ընդդիմադիր ուժերին ընտրակաշառքով քվեներ հավաքելու մեջ մեղադրող վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, թե նրանց բանտ է ուղարկելու մինչև հաջորդ ընտրությունները: Փաշինյանը պնդում է, թե ընդդիմադիր երեք ուժերը՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ստացած շուրջ 550 հազար քվեների գերակշիռ մասը կաշառքով են ստացել:
«Ես ասում եմ, որ բոլորը պետք է մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփման օրն անցկացնեն բանտում, հակառակ դեպքում՝ նշանակում է, որ մեր դատաիրավական համակարգը կանաչ լույս է տալիս ընտրակաշառք բաժանողներին: Չի կարող այդպիսի բան լինել»,- ավելի վաղ հայտարարել էր վարչապետը:
Նարեկ Կարապետյանն իրեն առնչվող գործով հրաժարվել է նաև ցուցմունք տալուց: Նա այսօր դժվարացավ պատասխանել՝ հնարավոր համարո՞ւմ է, որ խորհրդարանի ձևավորումից հետո Գլխավոր դատախազը դիմի Ազգային ժողով՝ իրեն կալանավորելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ:
«Դա կլինի աննախադեպ իրավիճակ , երբ հիմնական ընդդիմադիր ուժի առաջին համարին փորձում են սահմանափակել ու բոլորն էլ գիտեն՝ ինչ նպատակներով. քաղաքական նպատակներով: Ուզում են կալանավորեն, ինչ ուզում են՝ թող անեն, դա չի ազդելու»,- հայտարարեց Նարեկ Կարապետյանը:
Նորընտիր խորհրդարանն իր աշխատանքը կսկսի այս կիրակի: Նարեկ Կարապետյանը նշեց, որ մասնակցելու են նիստին և որոշել են թեկնածուներ առաջադրել նաև այն պաշտոնների համար, որոնք օրենքով պատկանում են ընդդիմությանը: Կարապետյանը, սակայն, նիստից երկու օր առաջ էլ չբացահայտեց, թե որ հանձնաժողովներն են նախընտրելու և ում են առաջադրելու որպես նախագահի թեկնածու:
«Քաղաքացիական պայմանագիրը» ներկուսակցական ընտրություններով որոշել է ոչ միայն Ազգային ժողովի նախագահի և փոխնախագահների, այլև հանձնաժողովների նախագահների թեկնածուներին: