Մատչելիության հղումներ

Հերթական կարկտահարությունը Շիրակի մարզում այս անգամ Անիի 6 գյուղի է վնաս հասցրել

Շիրակի մարզում մի կարկուտի վնասը չգույքագրված` հաջորդն է գրանցվում: Ամռան ընթացքում արդեն հինգերորդ կարկտահարությունը այս անգամ Անիի տարածաշրջանի վեց գյուղի է վնաս հասցրել:

Բագրավանը ամենից շատ տուժածներից է: Գույքային վնասից բացի, դաշտերում բերքն է հողին հավասարվել: Կոմբայնը մի քանի օրից պետք է այս արտեր մտներ, բայց չհասցրեցին:

«Չի եղել նման տարի, որ էս տարվա պես պիտի մենք բերք քաղեինք, բայց լրիվ հավասարեցրել է հողին: Ես քաղեմ հասկը՝ ըհը, մեջը հատիկ չի մնացել, սաղ թափել է, կոմբայնը մտնի ի՞նչ անի: Արտից պետք է քաղվեր 10 տոննա ցորեն, բայց երկու մեշոկ ցորեն չի ելնի», - «Ազատությանը» ասաց գյուղացիներից մեկը:

«Էսպես կարկուտ ես գյուղում երբեք չեմ տեսել: Եղել է սելավ, բան, բայց քիչ է եղել», - նշեց մյուսը:

Բագրավանի 1000 հետար ցանքատարածությունները պաշտպանելու համար վեց հակակարկտային կայան է տեղադրված: Գյուղացիները զայրացած էին՝ դրանցից որևէ մեկն անցած ուրբաթ չէր կրակել.

«Մենք ել սպասում ենք տենանք էդ համակարգից ո՞վ պետք է մեզ պատասխան տա, թե ինչի համար չեն կրակել զենիթները: Պատճառաբանում են՝ գազը, գազ չի եղել, թող գազը տանեին երկու օր առաջ լցնեին: Եթե էդ կարգի անփույթ վերաբերմունքով են աշխատում, թող էդ մարդկանց ենթարկեն պատասխանատվության»:

Բագրավանի վարչական ղեկավար Արտյոմ Պետրոսյանը դաշտերում էր, վնասն էին գնացել գույքագրելու: Հեռախոսով պատասխանեց, թե ինչու կայանները չեն կրակել. - «Հակակարկտային կայանների գազաբալոնները առավոտյան եկել են տարել են լիցքավորելու, մի քանի ժամից հետո հետ են բերել, բայց էդ ժամանակահատվածում կարկուտը խփել էր: Վեց հատն էլ եկել են բալոնները հանել են լիցքավորելու, եթե մի հատն էլ հանես, կայանը չես կարող աշխատեցնել»:

Կակուտի ժամանակ դաշտում գտնվող հովիվներն էին տուժել, մեկին մարմնական վնասվածքներով հիվանդանոց էին հասցրել: Հովիվներից Անդրանիկ Սիրեկանյանը ևս գլխին վնասվածքներ ուներ: Ասում է՝ նման կարկուտ երբեք չէր տեսել:

«Սենց միանգամից խփեց: Սովորական կարկուտի նման էլ չէր, ոնց որ սառցե բեկորներ լիներ, կտրված, սենց, մեծ, անճոռնի», - պատմեց հովիվը:

Գյուղում մի քանի տասնյակ մեքենաների ապակիներ են կոտրվել:

Այսօր ամեն մեկը շտապում էր իր տանն ու տնտեսությանը հասցված վնասը ցույց տալ:

Հարևանի տան տանիքի պոկված բեկորներից վնասվել էր միայնակ ապրող Վարոսյան քույրերի տանիքը:

Գյուղում ոմանք չսպասելով որևէ օգնության սկսել էին տանիքները վերանորոգել, քանի որ անձրևներ են: Թեև ամառային առաջին ուժգին կարկուտից ավելի քան մեկ ամիս է անցել, բայց դեռ պարզ չէ՝ Կառավարությունը վնասի որևէ փոխհատուցում կտրամադրի՞, թե՞ ոչ: Նման նախադեպ եղավ անցած տարեվերջին՝ մասնակի փոխհատուցեցին 2024 և 2025 թվականների ընթացքում կարկուտներից տուժածներին՝ բյուջեից հատկացնելով մոտ 2 միլիարդ դրամ:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG