Մատչելիության հղումներ

Ալիև. «Զանգեզուրի միջանցքի նախագիծն Ադրբեջանում ակտիվորեն իրականացվում է»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն Ադրբեջանում ակտիվորեն իրականացվում է և, որ Ադրբեջանի տարածքում նախագծի հիմնական աշխատանքները նախատեսվում են ավարտել հաջորդ տարի։

Այս մասին APA-ի փոխանցմամբ նա ասել է Ադրբեջանի և Ուզբեկստանի Բարձրագույն միջպետական խորհրդի երրորդ նիստի ժամանակ:

«Ցանկանում եմ նշել, որ աշխատանքներ են իրականացվում նաև Հայաստանում։ Մեր ամերիկացի գործընկերները պարբերաբար տեղեկացնում են մեզ այդ մասին։ Մեզ տրամադրված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանում շինարարական աշխատանքները կսկսվեն կա՛մ այս տարվա վերջին, կա՛մ հաջորդ տարվա սկզբին։ Սակայն այնտեղ երկաթուղու երկարությունը ընդամենը 42 կիլոմետր է, իսկ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում այդ հատվածի երկարությունը 194 կիլոմետր է։ Հետևաբար, մենք արդեն սկսել ենք աշխատանքները և ամեն դեպքում ավարտին կհասցնենք դրանք»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Բաքուն, որ հաճախ «Թրամփի ուղու» փոխարեն գործածում է Երևանի համար անընդունելի «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, պարբերաբար հայտարարում է, թե իր կողմում ամեն ինչ գրեթե պատրաստ է շահագործմանը:
Երևանում, մինչդեռ, դեռ փաստաթղթային աշխատանքներ են ընթանում և՛ ներսում, և՛ ամերիկյան կողմի հետ:

TRIPP-ը հայ-ամերիկյան նախագիծ է: Երևանն ու Վաշինգտոնը պայմանավորվել են, որ TRIPP զարգացման համատեղ ձեռնարկությունում Միացյալ Նահանգների մասնաբաժինն առաջին 49 տարում 74, Հայաստանինը՝ 26 տոկոս կլինի: Եթե համագործակցությունը ևս 50 տարով երկարաձգեն, Հայաստանի բաժնեմասը կավելանա մինչև 49 տոկոս:

TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագիրն արդեն վավերացման փուլում է: Նախ Սահմանադրական դատարանը պետք է որոշի՝ արդյոք այն չի հակասում Հայաստանի սահմանադրությանը, ապա դրական եզրակացությունից հետո փաստաթուղթը կուղարկվի խորհրդարան՝ վավերացման: ՍԴ-ի որոշումն ակնկալվում է սեպտեմբերի 15-ին:


XS
SM
MD
LG