Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջև այսօր հեռախոսազրույց է կայացել:
Կառավարության հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին՝ 2025թ. օգոստոսի 8-ի Խաղաղության գագաթնաժողովը Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը կազմակերպելու, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված Խաղաղության հռչակագիրը որպես վկա ստորագրելու համար՝ «ընդգծելով նախագահ Թրամփի անձնական ջանքերի որոշիչ նշանակությունը խաղաղության հաստատման գործում»
«Զրուցակիցներն ուրախությամբ են արձանագրել, որ Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովը հանգեցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության, որը տեսնում և զգում են երկու երկրների ժողովուրդները»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրությունում:
Հաղորդվում է, որ Փաշինյանն ու Թրամփը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր, նաև TRIPP նախագծի իրականացման ներկա վիճակը։ «Վարչապետ Փաշինյանը և նախագահ Թրամփը վերահաստատել են TRIPP-ի կառուցման աշխատանքները մոտ ապագայում սկսելու իրենց հաստատակամությունը»,- նշվում է հայկական կողմի հաղորդագրությունում:
Այսօր վարչապետը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահի հետ: Հայկական կողմի փոխանցմամբ՝ կողմերը նշել են «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված առաջընթացը: Զրույցի ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը՝ որպես խաղաղության օգուտների շոշափելի դրսևորում»: