TRIPP-ի ստորագրման տարեդարձին իշխանությունների շնորհավորական ուղերձների ֆոնին Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը պնդում է՝ այս մեկ տարում չլուծվեց Նախիջևանով հայերի անցման հարցը, որ հայկական կողմն էլ նույն «Թրամփի ուղու» պայմաններով կարճ ճանապարհ ունենա Արարատից Սյունիք:
«Ինչ ասել ենք մեկ տարի առաջ, հիմա նույնպես կրկնում ենք՝ TRIPP-ը չի լուծում Հայաստանի ապաշրջափակման հարցը», - ասաց Խաչատրյանը:
«Եթե այս իշխանությունները մտածեին Հայաստանի ապաշրջափակման մասին, ապա TRIPP-ը կընդլայնեին, այսինքն՝ պետք է լիներ փաթեթային լուծում, որով կկարգավորվեր Հայաստանի Հանրապետության ամբողջական ապաշրջափակման խնդիրը», - վստահ է դաշնակցական պատգամավորը:
Ըստ մեկ տարի առաջ Սպիտակ տանը ստորագրված փաստաթղթի՝ Ադրբեջանը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան անխոչընդոտ հաղորդակցություն է ստանում: Մինչդեռ Հայաստանի դեպքում առանց մանրամասների միայն նշվում է, որ հաղորդակցության փոխադարձ առավելություններ կլինեն:
Կառավարող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Սոնա Ղազարյանը չակերտներ չի բացում՝ Ադրբեջանը նույն պայմանները կապահովի՞, որ հայկական բեռներն էլ իր տարածքով անխոչընդոտ անցնեն:
«TRIPP-ը հայ-ամերիկյան նախագիծ է, որտեղ որ մենք հստակ սահմանել ենք, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հավասարության սկզբունքով, և առավելությունները նույնպես պետք է համարժեք լինեն թե՛ Հայաստանի համար, թե՛ մնացած կողմերի համար: Էս մասով՝ ես կարծում եմ, որ գործադիրից ավելի հստակ կարձագանքեն ... Սրա մասին գործադիրը հավելյալ կներկայացնի», - ասաց իշխանական պատգամավորը:
Հետագայում հայտնի դարձավ, որ Սյունիքով անցնող ճանապարհի երկու կողմերում գործելու են Հայաստանում դեռևս չկիրառված սահմանային անցակետեր՝ ֆրոնտ և բեք օֆիս: Առաջնային գրասենյակը, իշխանությունները չեն բացառել, կարող է լինել առանց սահմանապահի՝ միայն սարքավորումներով զինված, այսինքն՝ ադրբեջանցիները գուցե չտեսնեն հայերի:
«Ինչի՞ ենք մենք այդ հատվածի վրա ինչ-որ լրացուցիչ կարգավորումներ բերում, այսինքն՝ ինչո՞ւ Բագրատաշենում և Բավրայում չկա ֆրոնտ օֆիս, բեք օֆիս, իսկ TRIPP-ում հանկարծ կա: Իսկ ինչո՞ւ փոխադարձ առավելություն, այլ ոչ թե ճանապարհ՝ ճանապարհի դիմաց: Որովհետև փոխադարձ առավելություն՝ բազմաթիվ դրսևորումներ կարող է ունենալ, օրինակ՝ Հայաստանը Ադրբեջանին տալիս է անխոչընդոտ անցում, Ադրբեջանը Հայաստանին թույլ է տալիս իր տարածքով ինչ-որ սահմանափակ ներմուծումներ», - նշեց Արթուր Խաչատրյանը:
Անցած տարում Ադրբեջանի տարածքով Հայաստանը բեռներ ստացել է, նաև ադրբեջանական նավթամթերք է ձեռք բերել: Սակայն հակառակը տեղի չի ունեցել՝ հայկական ապրանք Բաքուն չի գնել, Երևանն Ադրբեջանով տարանցում չի իրականացրել:
«Սա մի նախագիծ է, որը հետաքրքրում է բոլորին՝ արևմուտքից արևելք, և այնպիսի կապիտալ ներդրումներ են իրականացվում, որոնք ի ցույց են դնում, որ նույնիսկ Միացյալ Նահանգներում տարբեր կուսակցությունների հաղթանակի և պարտության պարագայում էս նախագիծը մեծ հետաքրքրություն է ներկայացնում», - հայտարարեց Սոնա Ղազարյանը:
«Թրամփի ուղու» շինարարությունը դեռ չի մեկնարկել: Փաստաթղթի ստորագրման առաջին տարեդարձի ուղերձում Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը հայտարարել է, թե երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների արդիականացում ենթադրող TRIPP-ն աստիճանաբար վերածվում է իրականության։
Վաշինգտոնի հաղորդմամբ՝ Հայաստանում արդեն մեկնարկել են երկաթուղու ինժեներական հետազոտությունները, իսկ Ադրբեջանը մոտենում է դեպի Հայաստան միացվող ավտոմայրուղու և երկաթուղու շինարարության ավարտին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձում պնդել է, որ այս նախագիծը ոչ միայն Հայաստանի շրջափակմանը վերջ է դնելու շատ մոտ ապագայում ու դառնալու է տարածաշրջանի տնտեսության առանցքը, այլև օգնելու է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար սկսեն ընկալել ոչ թե որպես խոչընդոտ, այլ՝ որպես ճանապարհ ու հարևան:
Իլհամ Ալիևը հատուկ ուղերձ չէր հղել, սակայն Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն այդ օրը հեռախոսազրույց ունեցան՝ շեշտելով առևտրատնտեսական կապերի զարգացումը: Ադրբեջանի տարածքով անցման մասին պաշտոնական հաղորդագրություններում հիշատակում չկար:
Երկու երկրների ղեկավարները նաև Միացյալ Նահանգների նախագահի հետ էին հեռախոսազրույցներով ամփոփել հռչակագրի ստորագրմանը հաջորդած տարին:
Խաղաղության հաստատման մասին գրեթե նույնանման հաղորդագրություններից բացի՝ Բաքուն հայտնեց, որ Թրամփը Ալիևին հրավիրել է Մեծ քսանյակի գագաթնաժողովին: Երևանը նման հրավերի մասին չի հաղորդել: