Այսօր երեկոյան ակնկալվում է, որ Իրանի արտգործնախարարը փոքր թիմով կժամանի Իսլամաբադ, որտեղ հավանաբար բանակցություններ տեղի կունենան ԱՄՆ-ի հետ, հաղորդում են Reuters-ը և BBC-ն՝ Պակիստանի կառավարությունում իրենց աղբյուրներին հղումով: Ըստ Reuters-ի՝ ԱՄՆ լոգիստիկ և անվտանգության թիմն արդեն այնտեղ է։ Վաշինգտոնը և Թեհրանը պաշտոնապես դեռ չեն հաստատել:
Մինչ այդ Աբբաս Արաղչին հայտնել էր, որ Պակիստանի իր պաշտոնակցի հետ քննարկել է հրադադարին առնչվող հարցեր: Այլ մանրամասներ նա չէր ներկայացրել:
Հնարավոր բանակցություններից առաջ ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանը պատմական հնարավորություն ունի Միացյալ Նահանգների հետ «լավ գործարք» կնքելու: Փիթ Հեգսեթը հույս է հայտնել, որ Թեհրանը խելամիտ կվարվի, ապա նշել, որ ԱՄՆ կողմից Իրանի նավահանգիստների շրջափակման շնորհիվ որևէ նավ առանց ԱՄՆ թույլտվության դուրս չի գալիս Հորմուզի նեղուցից:
«Սա համարձակ և վտանգավոր առաքելություն է ... Այն այսօր շարունակվում է նոր փուլում, մինչ Իրանն ունի կարևոր ընտրություն, հնարավորություն՝ կնքելու գործարք, լավ գործարք, խելամիտ գործարք», - ասել է Հեգսեթը:
Իրանի արտգործնախարարության խոսնակն, իր հերթին, հայտարարել է, որ միջուկային ծրագրի հարցն այլևս չի կարող լինել հնարավոր բանակցությունների գլխավոր թեման։ Բանակցությունները պետք է կենտրոնանան պատերազմն ավարտելու վրա, ասել է Էսմայիլ Բաղային:
«Գլխավոր թեման պատերազմն ավարտելն է այնպես, որ այն ծառայի մեր շահերին և կարիքներին։ Մենք սկզբից ասել ենք, որ ընդունում ենք այս հրադադարը, քանզի այն ճանապարհ կհարթի և կլինի պատերազմի լիակատար ավարտի նախերգանքը», - նշել է Բաղային:
Իրանի բարձրաստիճան ղեկավարությունն էլ արձագանքել է Թրամփի երեկվա հայտարարությանը, թե Իրանում չգիտեն՝ ով է իրենց ղեկավարը, և այդ պատճառով չեն կարողանում միասնական պատասխան տալ պատերազմը դադարեցնելու ամերիկյան առաջարկներին: Տարածված հայտարարությունում նշվում է, որ «ազգն ու կառավարությունը երկաթե միասնություն ունեն, լիովին հնազանդ են հեղափոխության գերագույն առաջնորդին» և կստիպեն «ագրեսոր հանցագործին զղջալ իր գործողությունների համար»։
Իրանցի պաշտոնյաների այս սպառնալիքների ֆոնին ԱՄՆ-ն ևս մեկ ավիակիր է ուղարկում Մերձավոր Արևելք: Դեռ պարզ չէ՝ արդյոք USS George HW Bush-ը կմիանա մյուս նավերի՞ն, թե՞ կփոխարինի դրանցից մեկին:
The New York Times-ը գրում է, որ Իրանի պատերազմը զգալիորեն սպառել է ԱՄՆ զինամթերքի համաշխարհային պաշարների մեծ մասը: Պենտագոնը, ըստ թերթի, ստիպված է եղել Ասիայի և Եվրոպայի հրամանատարություններից շտապ կարգով սպառազինություն ուղարկել Մերձավոր Արևելք: Արդյունքում սա նվազեցրել է Ռուսաստանի և Չինաստանի նման հնարավոր հակառակորդներին դիմակայելու դրանց կարողությունները: Դա, իր հերթին, ԱՄՆ-ին ստիպել է արտադրությունը մեծացնելու ուղիներ գտնել:
Ու մինչ պարզ չէ, թե արդյոք Վաշինգտոնն ու Թեհրանը կվերսկսեն բանակցությունները, Իսրայելն ու Լիբանանը Սպիտակ տանը կայացած բանակցությունների արդյունքում երեք շաբաթով երկարաձգել են հրադադարը: ԱՄՆ նախագահն ասել է, որ խաղաղության հասնելու շատ մեծ հնարավորություն կա, և հույս է հայտնել, որ հրադադարը կպահպանվի:
«Կարծում եմ՝ խաղաղության հասնելու շատ մեծ հնարավորություն կա։ Կարծում եմ՝ այս հակամարտությունը կարգավորելը պետք է հեշտ լինի մյուսների համեմատ, որոնց ուղղությամբ աշխատում ենք ... Այն այսքան տարիներ է տևել, քանզի ոչ ոք դրան ուշադրություն չի դարձրել», - հայտարարել է Թրամփը:
Հրադադարով հաստատվում է, որ Իսրայելն իրավունք ունի բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել ինքնապաշտպանվելու համար, Լիբանանն էլ պետք է «իմաստալից քայլեր ձեռնարկի»՝ կանխելու «Հեզբոլա»-ի և մյուս բոլոր զինված խմբավորումների հարձակումներն Իսրայելի վրա:
Հրադադարի երկարաձգումից ժամեր անց, սակայն, Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավին: Բանակը նշել է, որ պատասխանել են «Հեզբոլա»-ի հարվածներին:
Լիբանանցիները գոհ չեն ժամանակավոր հրադադարից:
«Ուզում ենք, որ հրադադարը մշտական լինի, այլ ոչ թե մեկ կամ երեք շաբաթ, որպեսզի վերջ դրվի այս ամենին … Հոգնել ենք, ավելի քան 50 տարի շարունակ նույն ցիկլն է կրկնվում», - ասում է Բեյրութի մի բնակիչ:
«Թրամփը ԱՄՆ-ից հայտարարում է, որ մեզ երեք շաբաթ ժամանակ են տվել։ Ի՞նչ է սա։ Սա հրադադար չէ, սա շանտաժ է, ավելին՝ սա մեր նախագահի և վարչապետի գրասենյակի նկատմամբ քաղաքական շանտաժ է», - նշում է մյուսը:
Իսրայելի պաշտպանության նախարարն էլ հայտարարել է, որ պատրաստ են վերսկսել պատերազմը նաև Իրանի դեմ: Իսրայել Կացն
սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ «Այս անգամ հարձակումը տարբեր կլինի և մահացու: Ավերիչ հարվածներ կհասցվեն ամենացավոտ տեղերին, որոնք կցնցեն և կփլուզեն երկրի հիմքերը», - հայտարարել է նա: