Մատչելիության հղումներ

Հեռու չէ այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով. Ալիև


Հայաստանն Ադրբեջանին է ուղարկել ՀՀ-ից Ռուսաստան բեռների տարանցման տրամադրման վերաբերյալ հարցում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլևամ Ալիևը Դավոսում:

«Այսպիսով մենք դե ֆակտո, միակողմանիորեն բացել ենք միջանցքները։ Ճիշտ է՝ բեռնափոխադրումն իրականացվում է Վրաստանի տարածքով, սակայն կգա մի օր, որ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով, և այդ օրը հեռու չէ», - ասել է նա:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից երեկ հայտնել էին, որ ՀՀ-ն շուտով ռուսական հեղուկ գազ կներկրի երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով:

Ըստ Ալիևի՝ և՛ Բաքուն, և՛ Երևանը «պետք է ավելի շատ ցույց տան խաղաղ համակեցության արդյունքները»:

Ադրբեջանի ղեկավարն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին՝ ասելով, որ կարգավորման գործընթացն ընթանում է հայ-ադրբեջանականին զուգահեռ:

«Անշուշտ, այդ գործընթացները կավարտվեն միաժամանակ Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ»,- հավելել է նա:

Տարեվերջին Երևանն ու Անկարան տեղեկացրին՝ դյուրացրել են վիզաների տրամադրումը դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր կրողների համար: Զուգահեռ թուրքական լրատվամիջոցները գրում էին, որ Թուրքիա - Հայաստան սահմանին՝ Ալիջանի անցակետում վերազինման աշխատանքներ են: Թուրքական պետական «Անադոլուն» հայտնեց՝ անցակետում աշխատանքները գրեթե ավարտված են:


XS
SM
MD
LG