Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում այսօր երեկոյան նախատեսված է Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների մասնակցությամբ անվտանգության հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը՝ առաջինը պատերազմի սկզբից ի վեր: Եռակողմ հանդիպմանը քննարկվելու է Ուկրաինայի տարածքների հարցը:
Ռուսաստանից մասնակցում են պաշտպանության նախարարության պաշտոնյաներ՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ, ծովակալ Իգոր Կոստյուկովի գլխավորությամբ: Ուկրաինական պատվիրակությունը ղեկավարում է գլխավոր բանագնաց Ռուստեմ Ումերովը:
Աբու Դաբիում առանձին կհանդիպեն նաև ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու Ռուսաստանի նախագահի ներդրումային հարցերով բանագնաց Կիրիլ Դմիտրիևը։
Ուկրաինայի նախագահն այսօր հաստատել է ամերիկյան Axios-ի հրապարակումը, որ Աբու Դաբիում Ուկրաինայի տարածքների հարցն է քննարկվելու: Վլադիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ այսօր և վաղը կայանալիք հանդիպումները պատերազմը դադարեցնելու ուղղությամբ քայլ կլինեն:
«Դոնբասի հարցը գլխավորն է։ Այսօր և վաղը Աբու Դաբիում կքննարկվի, թե ինչ տեսակետներ ունեն երեք կողմերը դրա վերաբերյալ ... Ինչ վերաբերում է մեր եվրոպացի գործընկերներին, ես միշտ կողմ եմ նրանց մասնակցությանը», - հայտարարել է Զելենսկին:
Ռուսաստանը պահանջում է, որ Ուկրաինան զիջի ողջ Դոնբասը՝ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերը, ինչին Կիևը դեմ է: Կրեմլի խոսնակն այսօր վերահաստատել է Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում՝ նշելով, որ չի կարող մանրամասներ հայտնել բանակցություններից:
«Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է. Ուկրաինան, ուկրաինական զինված ուժերը պետք է լքեն Դոնբասի տարածքը, դուրս գան այնտեղից: Դա շատ կարևոր պայման է: Կան նաև այլ նրբերանգներ, որոնք բանակցությունների օրակարգում են», - ասել է Դմիտրի Պեսկովը:
Եռակողմ այս հանդիպումից առաջ երեկ Կրեմլում մոտ չորս ժամ բանակցել էին Ռուսաստանի նախագահն ու ԱՄՆ նախագահի բանագնացները: Վլադիմիր Պուտինը, նրա օգնական Յուրի Ուշակովի խոսքով, զգուշացրել է՝ երկարատև խաղաղություն չի լինի, քանի դեռ չեն լուծվել տարածքային հարցերը:
«Ամենակարևորը՝ մեր նախագահի և ամերիկացիների միջև այս բանակցությունների ընթացքում վերահաստատվեց, որ իմաստ չունի երկարաժամկետ կարգավորում ակնկալել առանց տարածքային հարցը լուծելու՝ ըստ Անքորիջում համաձայնեցված բանաձևի», - ասել է Ուշակովը:
ՌԴ նախագահի օգնականն ասել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորմամբ, իսկ մինչ այդ կշարունակի հետամուտ լինել այսպես կոչված «հատուկ ռազմական գործողության» նպատակների իրագործմանը մարտի դաշտում, որտեղ, նրա պնդմամբ, ռուսական զինուժն է թելադրողը:
Ուշակովի փոխանցմամբ՝ երեկվա հանդիպմանը, որը բոլոր առումներով օգտակար էր թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի համար, կողմերը նաև համաձայնել են շարունակել սերտ կապ պահպանել միմյանց հետ՝ թե՛ Ուկրաինայի, թե՛ այլ հարցերի շուրջ։
ԱՄՆ նախագահն, իր հերթին, երեկ Դավոսից Վաշինգտոն վերադառնալիս ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդները ցանկանում են համաձայնագիր կնքել և վերջ դնել արդեն չորրորդ տարին ընթացող արյունալի պատերազմին:
«Գիտեք, կար ժամանակ, երբ Պուտինը չէր ուզում գործարք կնքել, երբ Զելենսկին չէր ուզում գործարք կնքել … Հիմա կարծում եմ, որ երկուսն էլ ուզում են։ Մենք կպարզենք», - հայտարարել է Դոնալդ Թրամփը:
Դիվանագիտական դաշտում այս զարգացումներին զուգահեռ, ռուսական զինուժը շարունակել է հարվածներն Ուկրաինային: Դոնեցկում անօդաչուի հարվածից չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ հինգամյա երեխա: Եվս երկու մարդ զոհվել է Խարկովում: Ռուսական զինուժն ամբողջ օրը հարվածել է Կրիվոյ Ռոգին՝ կիրառելով մոտ 70 անօդաչու, կա առնվազն 13 տուժած, այդ թվում՝ երեխաներ: Ռուսական կողմը հայտնել է, որ ևս մեկ բնակավայր է վերցրել Խարկովում:
Կիևում 1900-ից ավելի բազմաբնակարան շենք դեռ ջեռուցում չունի: Ուկրաինայի էլեկտրական ցանցի օպերատոր «Ուկրէներգո»-ն հայտարարել է, որ ռուսական վերջին հարձակումներից հետո իրավիճակը զգալիորեն վատացել է՝ երկրի մեծ մասում էլեկտրաէներգիայի անջատումներ են, էլեկտրակայանների վերանորոգման արտահերթ աշխատանքներ են ընթանում: Եվրոպական հանձնաժողովը մոտ 450 գեներատոր է ուղարկել Ուկրաինա:
Խերսոնի բնակիչները պատմում են, որ էլեկտրաէներգիայի, ջեռուցման, ջրի պակասը լուրջ խնդիրներ է ստեղծում, մի կերպ են դիմանում սառնամանիքին.
«Ես ձմեռն անցկացնում եմ ուրիշի բնակարանում։ Իմ թաղամասը տեսնում եմ միայն կամավորների կողմից տարածվող տեսանյութերում և շատ եմ ուզում տուն վերադառնալ … Այնտեղ ո՛չ էլեկտրաէներգիա կա, ո՛չ գազ, ո՛չ ջուր»:
«Ջեռուցում չունենք և առաջին անհրաժեշտության պարագաների կարիք ունենք։ Բայց ամենակարևորը հարվածներից խուսափելն է … Մենք դիմանում ենք։ Մենք շատ բանի ենք դիմացել, և ժամանակն է, որ սա ավարտվի»:
«Քաղաքի ամենամեծ խնդիրը հրետակոծությունն է։ Մյուս խնդիրը ջրի, էլեկտրաէներգիայի և ջեռուցման պարբերական պակասն է։ Սրանք են մարդկանց համար հիմնական խնդիրները»։
Ուկրաինական զինուժն, իր հերթին, պատասխան հարվածներ է հասցրել: Պենզայում անօդաչուն հարվածել է ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության նավթամբարի, որտեղ հրդեհ է բռնկվել: