Մատչելիության հղումներ

Թրամփը Զելենսկիի հետ հանդիպումից հետո հայտարարել է՝ «պատերազմը պետք է ավարտվի»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դավոսում այսօր «լավ» հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

«Այս պատերազմը պետք է ավարտվի», - AFP-ի փոխանցմամբ ասել է նախագահ Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ ուղերձ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով ավելի ուշ Մոսկվայում կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին:

Փակ դռների հետևում մոտ մեկ ժամ տևած հանդիպման ավարտին Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Զելենսկին կարճ առանձնազրույց են ունեցել:
Ուկրաինայի նախագահի գրասենյակից ասել են, որ հանդիպումը լավ է անցել:

Մինչ այդ Զելենսկին հայտարարել էր, որ Դավոս կմեկնի միայն, եթե պատերազմի ավարտից հետո Ուկրաինային տրամադրվելիք անվտանգության երաշխիքների և երկրի տնտեսական զարգացման փաստաթղթերը պատրաստ լինեն ստորագրման: Արդյոք սեղանին փաստաթուղթ կա, թե ոչ՝ հստակ չէ:
Թրամփն էլ Զելենսկիի հետ հանդիպումից առաջ այսօր հայտարարել էր, թե մոտ են գործարք կնքելուն: Երեկ էլ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ ունեցած ելույթում ընդգծել էր, որ ուկրաինական խնդիրը պետք է լուծեն Եվրոպան և ՆԱՏՕ-ն, ոչ թե ԱՄՆ-ն, ապա քննադատել էր թե՛ Եվրոպային, թե՛ ՆԱՏՕ-ին:

«Նրանց դուր չի գալիս, թե ինչ ենք մենք անում. ես խոսում եմ ՆԱՏՕ-ի, Եվրոպայի մասին։ Նրանք պետք է լուծեն Ուկրաինայի խնդիրը, ոչ թե մենք։ Միացյալ Նահանգները շատ հեռու է. մեզ բաժանում է մեծ, գեղեցիկ օվկիանոս։ Մենք դրա հետ ոչ մի կապ չունենք»,- հայտարարել էր նախագահ Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG