TRIPP-ի բաժնետերերի համաձայնագիրը կստորագրվի մեկ շաբաթվա ընթացքում․ Փաշինյան

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում իրականացվում են TRIPP նախագծի նախապատրաստական աշխատանքները,  նոյեմբերի 23, 2026 թ.
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում իրականացվում են TRIPP նախագծի նախապատրաստական աշխատանքները, նոյեմբերի 23, 2026 թ.

Կառավարությունն այսօր հավանություն տվեց TRIPP զարգացման ընկերության բաժնետիրական կառավարմանն առնչվող որոշմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում նախատեսվում է ստորագրել ընկերության բաժնետերերի համաձայնագիրը, որից հետո այն կգրանցվի Հայաստանում և գործնականում հնարավորություն կունենա իրականացնելու նախագծի աշխատանքները։

«TRIPP-ի շրջանակում գործնական աշխատանքներն արդեն սկսվել են այս շաբաթ։ Մեկնարկել են շինհրապարակի նախապատրաստական աշխատանքները»,- հայտարարեց Փաշինյանը։

TRIPP-ը հայ - ամերիկյան ենթակառուցվածքային նախագիծ է, որը ներառում է երկաթուղի, ավտոճանապարհ, նավթատար, գազատար խողովակաշարեր, հոսանքի և ինտերնետային կապի գծեր: TRIPP-ը նախատեսված է Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելու համար՝ միաժամանակ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։

Նոյեմբերի 23-ին Հայաստանի և ԱՄՆ ղեկավարները հայտարարել էին նախագծի գործնական փուլի մեկնարկի մասին։

Սա որակելով որպես պատմական իրադարձություն Հայաստանի նորագույն պատմության մեջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ևս հայտարարեց, որ մեկնարկում են անկախությունից ի վեր Հայաստանի խոշորագույն տնտեսական ծրագրի աշխատանքները:

Նախօրեին Հայաստանի հանրային ռադիոյին տված հարցազրույցում TRIPP նախագծով զբաղվող ամերիկյան կողմի ներկայացուցիչ Արիե Լայթսթոունը հայտնել էր, որ TRIPP զարգացման ընկերության շուրջ հայ-ամերիկյան բանակցություններն ավարտվել են նոյեմբերի 20-ին։ Նրա խոսքով՝ այժմ իրավաբաններն աշխատում են ընկերության կանոնադրության վրա, իսկ ստորագրման ժամկետը կախված է նաև արարողության օրվա համաձայնեցումից։ Լայթսթոունը նաև հայտնել էր, որ TRIPP-ի սկզբնական փուլում նախատեսվում է կառուցել երկաթուղի և ավտոճանապարհ, իսկ հետագայում նախագիծը կարող է ընդլայնվել՝ ներառելով գազատարներ, նավթատարներ, էլեկտրահաղորդման գծեր և թվային մալուխներ։

Հայ-ամերիկյան համաձայնագրով TRIPP զարգացման ընկերության բաժնետոմսերի 74 տոկոսը պատկանելու է Միացյալ Նահանգներին, 26 տոկոսը՝ Հայաստանին։ Ընկերությանը նախատեսվում է 49 տարով տրամադրել նախագծի ենթակառուցվածքների զարգացման իրավունք՝ ևս 50 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Երկարաձգման դեպքում Հայաստանի բաժնեմասը կավելանա՝ հասնելով 49 տոկոսի։

Նախագծի գործնական մեկնարկին դրական է արձագանքել նաև Բաքուն։ Նոյեմբերի 25-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը պարբերաբար տեղեկացվում է TRIPP-ի շուրջ բանակցությունների ընթացքի մասին և հույս ունի, որ նախագիծը կավարտվի հնարավորինս սեղմ ժամկետում։

​
XS
SM
MD
LG