Ամերիկյան AECOM ընկերությունը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչներին է ներկայացրել ԹՐԻՓՓ նախագծի ուսումնասիրության նախնական արդյունքները։
Կառավարության փոխանցմամբ՝ անդրադարձ է կատարվել երկաթուղային ենթակառուցվածքի, ինչպես նաև էներգետիկ, ճանապարհային և թվային կապուղիների ֆունկցիոնալի նախնական վերլուծություններին։ Քննարկվել են նաև տեխնիկատնտեսական ուսումնասիրության հետագա փուլերի իրականացման հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր։
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն, իր հերթին, հայտնում է, որ AECOM ընկերության ներկայացուցիչներն այս շաբաթ կրկին Հայաստանում էին՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացնելու երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները և դիտարկելու TRIPP-ի շրջանակում ենթակառուցվածքային լրացուցիչ ներդրումների հնարավորությունները։
Ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմը Հայաստանում էր նաև հուլիսին, ուսումնասիրել էր TRIPP-ի տեղանքը՝ երկաթուղու և այլ ենթակառուցվածքների նախագծման նպատակով։
TRIPP-ը նախատեսված է Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելու համար՝ միաժամանակ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։