Փաշինյանը չի նահանջի նոր Սահմանադրության օրակարգից, «խոչընդոտող ընդդիմությանը» ԱԺ-ից հեռացնել է խոստանում

Վերջնական ու անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք ու այդ խոչընդոտը խորհրդարանական ընդդիմությունն է, այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ խոսելով սահմանադրական հանրաքվե անցկացնելու մտադրությունից:

Փաշինյանի կուսակցությունը խորհրդարանում չունի այնքան պատգամավոր, որ հաստատի և հանրաքվեի դնի նոր Սահմանդրության նախագիծը: Ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ պնդում են, որ չեն աջակցի «ալիևյան Սահմանդրությանը»: Հայաստանի գործող Սահմանադրությունը փոխելը Բաքվի պայմանն է՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար:

Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման խոչընդոտը համարում է խորհրդարանական ընդդիմությանը, և նրա խոսքով՝ պետք է հասնել նրան, որ գործող ընդդիմությունը՝ կալանավորված Սամվել Կարապետյանի ու Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժերը չլինեն Ազգային ժողովում:

«Հիմա կամ մենք հանրային ճնշում ենք գեներացնում ու ընդդիմությունը ի վերջո հրաժարվում է էդ դերակատարումից, խաղաղության խոչընդոտի դերակատարումից, կամ սրա շարունակությունը՝ քաղաքական պրոցեսները տանում ենք էն ուղղությամբ, որ ընդդիմության այս հատվածը չի լինելու խորհրդարանում, մնացածը տեխնիկայի հարց է: Մենք ունենք բավարար վճռականություն և կամք գնալու այդ ճանապարհով», - ասավ վարչապետը՝ չբացահայտելով ընդդիմությանը հեռացնելու «տեխնիկան»:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ ընդդիմադիրների դիմադրությունից չի նահանջելու և չի հրաժարվելու Սահմանդրությունն ընդունելու ճանապարհից:

«Մեր ժողովրդի առաջ ստանձնել ենք պարտավորություն ունենալ նոր Սահմանդրություն և խաղաղություն, հիմա շատ անլուրջ կլինի, որ գանք,ասենք՝ գիտեք ինչ «Ուժեղ Հայաստանն ու «Հայաստան»-ը չեն համաձայնում այդ օրակարգի հետ, ու մենք հրաժարվենք այդ օրակարգից: Իրենք գիտեն, որ քաղաքական մեծամասնությունը, կառավարությունը վճռական են», - ասաց Փաշինյանը:

Կառավարություն - ԱԺ հարցուպատասխանն այսօր էլ թեժ անցավ, ընդդիմադիրների հարցերից վարչապետը պարբերաբար զայրանում էր և նրանց սպառնում բանտարկությամբ:

«Պարոն Փաշինյան, շատ խառն եք, այսօրվա Ձեր խոսույթն ու պահվածքը անգամ Ձեզ համար էր չափազանցված: Ենթադրում եմ՝ պրոբլեմներ ունեք իշխանությունը պահելու հետ կապված, երևի դրանի՞ց է նյարդերը տեղի տալիս»,- «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի այս դիտարկումը Փաշինյանն անարձագանք չթողեց:

«Իշխանությունը պահելու խնդիր, իհարկե, ունենք: Ի տարբերություն ձեզ՝ իշխանությունը մեզ համար վայելք չէ, էդ իշխանությունը ստեղներս ա հասել, բա էդ ենք ասում՝ գնում ենք, չեք թողնում, որ գնանք: Քանի ձեր պես ընդդիմություն կա, չենք կարալու գնանք: Ես շատ պարզ բան եմ ասում, գործարք եմ առաջարկում, ասում եմ եկեք էդ վասիլիչ-բան թարգեք, մենք գնանք խաղաղություն վավերացնենք, մենք գնանք մեր գործին, դուք էլ գնացեք ձեր գործին, այսինքն ժողովուրդը կորոշի, մտածեք, կարողա հետո ուշ լինի: Լուրջ եմ ասում, չմտածեք հումոր եմ անում, ամենայն լրջությամբ», -Ղազինյանին արձագանքեց Փաշինյանը:

Փաշինյանը վստահ է, որ ժողովուրդը կողմ կքվեարկի նոր Սահմանադրությանը

Այսօրվա հարցուպատասխանը ևս անցավ փոխադարձ մեղադրանքների մթնոլորտում: Ընդդիմությունը պարբերաբար Փաշինյանին մեղադրում էր Բաքվի պահանջները կատարելու, նույն հարցի շուրջ հակասական պնդումներ անելու, ժողովրդին մոլորեցնելու մեջ, Փաշինյան էլ հիշում էր նախկիններին, նրանց վերագրվող մեղքերն ու կոշտ, վիրավորական բառերով դիմում ընդդիմադիրներին:

Վարչապետի պնդմամբ՝ նախկին իշխանությունները Սահմանադրության դրույթները համաձայնեցրել են արտաքին դերակատարների հետ։

«Մեզ ասում եք՝ Ալիևի Սահմանադրություն և այլն, բայց չեք ասում, որ այն Սահմանադրությունները, որոնք ընդունել եք, գնացել եք այստեղ-այնտեղ, տառի, ստորակետի մակարդակով համաձայնեցրել եք։ Ձեզ թույլ են տվել նախադասություն ունենալ կամ չունենալ», - հայտարարեց Փաշինյանը:

Փաշինյանն այսօր պնդեց, որ իրենք Հայաստանը դուրս են բերել «նախկին իշխանությունների սարքած թակարդից»՝ այն պատկերացումից, թե երկիրը պետք է լինի «ֆորպոստ և հակամարտության փակուղի»։ Նա կրկին պաշտպանեց նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգը՝ այն կապելով Հայաստանի համար «անշրջելի խաղաղություն» հաստատելու հետ։

Վարչապետը, դիմելով ընդդիմությանը, նաև մեղադրեց նրանց պատերազմ ցանկանալու և բանակի հաշվին հարստանալու մեջ՝ հայտարարելով, որ նրանց «պատասխանատվության ժամը եկել է», և նրանք «հերթով իրենց տեղը գտնելու են բանտախցերում»։

Ավելի ուշ՝ պատասխանելով կուսակցի՝ պատգամավոր Մարիա Կարապետյանին վարչապետը համոզմունք հայտնեց, որ նոր Սահմանադրության ընդունմամբ «կփակվի կոնֆլիկտի էջը բոլոր ուղղություններով»:

«Խաղաղությունը դարձնում ենք անշրջելի: Սա է տրամաբանությունը: Պետության գործառնական էջն է դառնում անշրջելի: Եթե քաղաքական բանավեճը թարգմանենք՝ մի կողմում այս տեսլականն է, մյուս կողմում այն տեսլական է, որ Հայաստանը պետք է դարձնենք հենման կետ, որպեսզի փնտրենք ու ձեռք բերենք նոր հայաստաններ: Կկոչենք Արցախ, Արևմտյան Հայաստան, թե ուրիշ անունով, ընտրությունը սրա մեջ է», - ասաց վարչապետը՝ պնդելով, որ Սահմանադրության նոր տեքստը «խաղաղությունը սպասարկելու համար է»:

Փաշինյանը վստահ է, որ Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկելու նոր Սահմանադրությանը:

TRIPP-ի մասին. «Ադրբեջանի երկաթուղուն պետք է կպնի մեր երկաթուղին»

Հայաստանի տարածքով անցնող TRIPP-ի երկաթուղին պետք է միանա Ադրբեջանի երկաթուղային ցանցին, և այդ կապի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն, նաև հայտարարեց վարչապետը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հարցին։ Ընդդիմադիր պատգամավորը արձագանք էր պահանջում վարչապետից Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի այսօրվա հայտարարության վերաբերյալ։

Բայրամովն այսօր ասել էր, որ TRIPP-ի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախաձեռնությամբ ստեղծված եռակողմ տեխնիկական աշխատանքային խումբը նոյեմբերի 6-ից զբաղվում է տրանսպորտային ենթակառուցվածքների՝ երկաթուղիների և ավտոճանապարհների, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծերի տեխնիկական հարցերով։

Փաշինյանը, ներկայացնելով հայկական կողմի պատկերացումը, այսօր ընդծեց, որ երկաթուղին չի կարող չմիանալ մյուս երկաթուղային ցանցերին։

«Ես հասկանում եմ, որ մենք ուզում ենք մեր ինքնիշխան երկաթուղին կառուցել, որը Մեղրիի շուրջ պտույտ է գործում և չի կպնում ոչ մեկին, բայց դա ձեր պատկերացումն է։ Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի երկաթուղուն պետք է կպնի մեր երկաթուղին, և այդ տեխնիկական պարամետրերը պետք է ակտիվ համաձայնեցվեն։ Դա է պատճառը, որ պետք է ստեղծվի եռակողմ աշխատանքային խումբ», - վրդովված արձագանքեց վարչապետը։


​
XS
SM
MD
LG