Մատչելիության հղումներ

Խաղաղությունը կարևոր է ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար. Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

«Հայ հասարակությունը պետք է գիտակցի, որ խաղաղությունը կարևոր է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար», - այսօր հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:

Ըստ ադրբեջանական APA գործակալության, մեկնաբանելով Հայաստանից հնչող տարբեր հայտարարությունները՝ կապված խաղաղության համաձայնագրի մշակման աշխատանքների ավարտի հետ, Բայրամովը նշել է, որ իրենք ուշադիր հետևում են այդ հայտարարություններին։

«Ադրբեջանը պատմական վաշինգտոնյան գագաթնաժողովում ցուցադրեց իր բարի կամքը։ Մեր երկիրը նաև միակողմանի քայլեր է ձեռնարկում, որպեսզի բոլորը տեսնեն խաղաղության գործընթացի իրական արդյունքները։ Սակայն Հայաստանում կան ներքին խնդիրներ։ Մենք հետևում ենք գործընթացին։ Հայ հասարակությունը պետք է գիտակցի և հասկանա, որ խաղաղությունը կարևոր հարց է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար», - Նիդերլանդների արտգործնախարար Թոմ Բերենդսենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը, ի դեպ, վաղը կժամանի Հայաստան։ Արտաքին գերատեսչությունից հայտնում են, որ նախատեսվում է հանդիպում արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, թե հայ հասարակությունը պետք է գիտակցի խաղաղության կարևորությունը, հնչում է Հայաստանի իշխանությունների՝ պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին։ Բաքուն, մինչդեռ, որպես պայմանագրի ստորագրման նախապայման պահանջում է Հայաստանի Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում:

​
XS
SM
MD
LG