Բայրամովն ու Վադեֆուլը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը

Լրացված
Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարար Յոհան Դավիդ Վադեֆուլը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը
Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարար Յոհան Դավիդ Վադեֆուլը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը

Այսօր Գերմանիայի արտգործնախարարը կայցելի Երևան

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարար Յոհան Դավիդ Վադեֆուլը Բաքվում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ։

Բայրամովը գերմանացի գործընկերոջը տեղեկացրել է նաև Ադրբեջանի՝ «ազատագրված տարածքներում» իրականացվող վերականգնման աշխատանքների, նախկին ներքին տեղահանվածների վերադարձի և ականների խնդրի մասին։

Այսօր ակնկալվում է Գերմանիայի արտգործնախարարի այցը Երևան։ Յոհան Վադեֆուլը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է ժամանում Հարավային Կովկաս։

Բաքվում հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ադրբեջանի և Գերմանիայի երկկողմ հարաբերությունները, տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներն ու միջազգային օրակարգի հարցերը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ նախարարներն առանձնահատուկ կարևորություն են տվել տնտեսական կապերի ամրապնդմանը։ Նշվել է, որ 2025 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել է 1,4 միլիարդ դոլարի, իսկ 2026 թվականի հունվարից սկսվել է ադրբեջանական գազի արտահանումը Գերմանիա։

Բայրամովն ընդգծել է գերմանական ընկերությունների մասնակցության հնարավորությունները Միջին միջանցքի զարգացման, Ալաթի ազատ տնտեսական գոտու և Բաքվի միջազգային ծովային առևտրային նավահանգստի գործունեության, ինչպես նաև Ադրբեջանի՝ «ազատագրված տարածքներում» վերականգնման և զարգացման ծրագրերի շրջանակներում։

Գերմանիան ամեն ինչ կանի հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Վադեֆուլ

«Ադրբեջանն ու Հայաստանը Վաշինգտոնում օգտվեցին պատմական հնարավորությունից, և մենք շնորհակալ ենք երկու երկրներին դրա համար»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում։

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Վադեֆուլը նշել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման հարցը լինելու է Հայաստանի իր այցի հիմնական թեման։

«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։ Ադրբեջանի նախագահը նույնպես պատրաստակամություն է հայտնել այդ հարցում»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը։

Յոհան Դավիդ Վադեֆուլը երեկ հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

​
XS
SM
MD
LG