«Ախտոյանն է պատվիրատուների մեջ». Փարաքարի սպանված համայնքապետի հոր համոզմամբ՝ քննությունը սխալ ուղղությամբ են տարել

Փարաքարի համայնքապետի սպանության մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանի հայտարարությունը դարձավ քրեական վարույթի հիմք:

Քննչական կոմիտեն Գլխավոր դատախազության հաղորդման հիման վրա այսօր քրեական վարույթ է հարուցել Փարաքարի համայնքապետի սպանության մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանի՝ օրերս դատարանում արած հայտարարությունների կապակցությամբ:

Մեղադրյալ Գևորգ Հարությունյանը նախորդ դատական նիստում աղմկահարույց ցուցմունքներ էր տվել՝ պնդելով, որ համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանության մեղքն իր վրա է վերցրել փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանի սպառնալիքներից հետո: Նախկին փոխոստիկանապետ Վարդանյանն ավելի ուշ «Ազատության» հետ զրույցում «հերյուրանք» էր որակել այդ պնդումները: Սպառնալիքների ներքո ցուցմունք կորզելը հերքել էր նաև ՆԳՆ նախարարը:

Թե ի՞նչ հոդվածներով է վարույթը հարուցվել, Քննչական կոմիտեն հրաժարվում է ասել: Վոլոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող 20-ամյա Գևորգ Հարությունյանը դատարանում անցած շաբաթ հայտարարել էր. «Վարդանյանը ասեց՝ «եթե ուզում ես, որ ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես, որ էս ամենը դու ես արել»: Ասեցի, ո՞նց ասեմ, եթե ես կապ չունեմ, ընտանիքիս ինչի՞ եք էս ամեն ինչին խառնում: Ասեց՝ «նայի, եթե չես ասում, որ դու ես արել, չես վերցնում քո վրա, քո տան դիմաց անվտանգության պոստ չեմ դնի: Վոլոդյա Գրիգորյանի ընտանիքի մարդկանց մոտ կատաղած վիճակ ա, շուխուրը կգցենք, որ սրա հետ դու կապ ունես, կամ դու ես արել: Նայի՝ տնեցիքիդ մի վնաս չտան: Եթե չտան էլ, նայի մենք չօժանդակենք, որ քո ընտանիքին մի հատ վնաս տան: Քուր ունես փոքր, մեր ունես, տարիքով տատ ու պապ ունես, նայի մենք մի վնաս չտանք...»: Վերջը էդ ամենը վերցրեցի ինձ վրա»:

«Գևորգը թող ասի՝ ով է եղել իր հետ»

Սպանված Վոլոդյա Գրիգորյանի հայրը վերջին դատական նիստից հետո, արձագանքելով գլխավոր մեղադրյալի այս հայտարարությանն, ասել էր, թե այդ դեպքում մեղադրյալ Գևորգ Հարությունյանը պետք է տա սպանություն կատարողի ու պատվիրատուի անունները, նշելով, որ գործով 2 մեղադրյալներն էլ՝ և՛ Գևորգ Հարությունյանը, և՛ Նարեկ Օհանյանը մասնակից են եղել իր որդու սպանության գործին: Պարզապես նրանք չեն տալիս մյուս դերակատարների անունները:

«Գևորգը թող ասի՝ ով է եղել հետը: Ինքը մասնակից է եղել, թող ասի՝ հետն ով է եղել: Ինքը, որ չի եղել, պետք է ասի՝ ո՞վ է եղել, որովհետև ինքը եղել է այնտեղ, մասնակցել է: Պատվիրատուի հետ է ինքը պայմանավորված եղել... Ավտոմատի վրա մի հատ մատնահետք է եղել, թող գտնեն ով է», - ասել է Լևոն Գրիգորյանը:

Անցած սեպտեմբերին սպանված ընդդիմադիր համայնքապետի հայրը միաժամանակ հնչեցրել է Փարաքարի կազմում գտնվող Մերձավանի նախկին ՔՊ-ական ղեկավար Մհեր Ախտոյանի ու նրա հոր անունը:

«Հենց ինքն է (Մհեր Ախտոյանը) պատվիրատուների մեջ, ինքը, իրա հերը...», - ասել է Վոլոդյա Գրիգորյանը հայրը՝ համաձայնելով լրագրողի դիտարկման հետ, որ եթե օբյեկտիվ նախաքննություն իրականացվեր, ապա ՔՊ-ական Ախտոյանների առնչությունը սպանության այս գործին կբացահայտվեր:

«Անպայման... տեսնում եք, բոլորն էլ հասկանում են, ժողովուրդն էլ հասկանում է, որ իրենք կիսատ-պռատ են արել գործը, քննությունը լավ չեն արել... թատրոնի նման բան են սարքել», - ասել է սպանված Գրիգորյանի հայրը՝ կասկածի տակ դնելով քննության օբյեկտիվությունը:

ՔՊ-ական Մհեր Ախտոյանը, մամուլի հրապարակումների համաձայն, Վոլոդյա Գրիգորյանի սպանությունից հետո հեռացել է Հայաստանից: Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալներից Նարեկ Օհանյանը Ախտոյանի հորաքրոջ որդին է:

Գևորգ Հարությունյանի փաստաբանը նույնպես պնդում է՝ ՔԿ-ն մակերեսային քննություն է կատարել

Փարաքարի համայնքապետի սպանության գործի քննության օբյեկտիվությունը կասկածի տակ է դնում ոչ միայն Վոլոդյա Գրիգորյանի հայրը, այլև գործով գլխավոր մեղադրյալ Գևորգ Հարությունյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը: Վերջինս «Ազատության» հետ զրույցում օրերս պնդել է, որ Քննչական կոմիտեն մակերեսային քննություն է կատարել, մի շարք կարևոր փորձաքննություններ չեն իրականացվել: Իսկ դրանք, ըստ փաստաբանի, կարող էին ապացուցել Գևորգ Հարությունյանի անմեղությունը:

Մասնավորապես, փաստաբանի խոսքով, սպանության գործիք ավտոմատի վրա չեն հայտնաբերվել մեղադրյալ Գևորգ Հարությունյանի մատնահետքերն ու ԴՆԹ նմուշները, փոխարենը հայտնաբերվել է այլ անձի ԴՆԹ նմուշ: Եվ քննիչն այդպես էլ չի պարզել՝ այդ ավտոմատի վրա ում մատնահետքն է:

«Հայտնաբերված հանցագործության գործիք հանդիսացող ավտոմատ հրազենի վրա և դրանից կրակված գնդակների և պարկուճների վրա որևէ մատնահետք կամ ԴՆԹ հատկանիշներ պարունակող նմուշներ չեն հայտնաբերվել, որոնք կարող էին նույնականացվել Գևորգ Հարությունյանի հետ: Այսինքն քննությամբ չի ձեռք բերվել որևէ տվյալ, որ Գևորգ Հարությունյանը կապ ունի հանցագործության հետ կապ ունեցող հրազենի հետ: Հայտնաբերվել է մեկ արական սեռի անձի ԴՆԹ նմուշ, որը չի նույնականացվել Գևորգ Հարությունյանի հետ», - ասել էր փաստաբանը՝ հավելելով՝ «մենք ունենք փաստացի հանցագործության գործիք զենքը, բայց չունենք կատարողին»:


​
XS
SM
MD
LG