Դատախազությունը հաղորդում է ներկայացրել Փարաքարի համայնքապետի սպանության մեջ մեղադրվողի աղմկահարույց պնդումների վերաբերյալ

Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանության գործով գլխավոր մեղադրյալ Գևորգ Հարությունյանի՝ դատարանում արած հայտարարությունների վերաբերյալ Գլխավոր դատախազությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով: Տեղեկությունն «Ազատությանը» հայտնել են գլխավոր դատախազությունից:

Մեղադրյալ Գևորգ Հարությունյանը նախորդ դատական նիստում աղմկահարույց հայտարարություններ էր արել՝ պնդելով, որ համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանության մեղքն իր վրա է վերցրել փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանի սպառնալիքներից հետո:

«Վարդանյանը ասեց՝ եթե ուզում ես, որ ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես, որ էս ամենը դու ես արել: Ասեցի, ո՞նց ասեմ, եթե ես կապ չունեմ, ընտանիքիս ինչի՞ եք էս ամեն ինչին խառնում: Ասեց նայի, եթե չես ասում, որ դու ես արել, չես վերցնում քո վրա, քո տան դիմաց անվտանգության պոստ չեմ դնի: Վոլոդյա Գրիգորյանի ընտանիքի մարդկանց մոտ կատաղած վիճակ ա, շուխուրը կգցենք, որ սրա հետ դու կապ ունես, կամ դու ես արել: Նայի՝ տնեցիքիդ մի վնաս չտան: Եթե չտան էլ, նայի մենք չօժանդակենք, որ քո ընտանիքին մի հատ վնաս տան: Քուր ունես փոքր, մեր ունես, տարիքով տատ ու պապ ունես, նայի մենք մի վնաս չտանք... վերջը էդ ամենը վերցրեցի ինձ վրա»,- ասել էր մեղադրյալը։

Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանն ու նրա ընկերը՝ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը սպանվել էին անցած տարի սեպտեմբերի 23-ին Մերձավանում: Դեպքից մի քանի օր անց Քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարել էր, թե սպանության համար մեղադրվող Գևորգ Հարությունյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ ասելով, որ շարժառիթը վրեժխնդրությունն է եղել:

Այս գործով Գևորգ Հարությունյանից բացի կալանավորվել էր նաև Մերձավանի բնակիչ Նարեկ Օհանյանը: Նարեկ Օհանյանը 2025 թվականի փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է, իսկ Հարությունյանը, ըստ լրատվամիջոցների, Օհանյան եղբայրների ընկերը:

Գևորգ Հարությունյանը մեղադրվում է սպանության, սպանության փորձի և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով: Նարեկ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել սպանությանն օժանդակելու հոդվածով:


​
XS
SM
MD
LG