«Փոխոստիկանապետն ասաց՝ քույր ունես, նայի՝ մի վնաս չտանք». Փարաքարի համայնքապետի սպանության մեղադրյալը աղմկահարույց պնդում է անում

Մերձավան - Ոստիկանները Փարաքարի համայնքապետի և ընկերոջ սպանության վայրում, 24-ը սեպտեմբերի, 2025 թ.
Մերձավան - Ոստիկանները Փարաքարի համայնքապետի և ընկերոջ սպանության վայրում, 24-ը սեպտեմբերի, 2025 թ.

Փարաքարի համայանքապետի սպանության գործով գլխավոր մեղադրյալ Գևորգ Հարությունյանն այսօր դատարանի դահլիճում աղմկահարույց հայտարարություններ արեց՝ պնդելով, որ համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանության մեղքն իր վրա է վերցրել փոխոստիկնապետ Վարդան Վարդանյանի սպառնալիքներից հետո:

Հարությունյանը ինքնախոստովանական ցուցմունք էր տվել ու կալանավորվել անցած տարվա սեպտեմբերին: Նա դատարանի դահլիճում այսօր հայտարարեց, թե ոստիկանությունում նախ իրեն համոզել են, որ ինչ-որ մարդկանց դեմ ցուցմունք տա, իսկ երբ հրաժարվել է, սպառնալիքների ներքո ստիպել են սպանությունն իր վրա վերցնել:

Ստիպողն, ըստ Գևորգ Հարությունյանի, եղել է այն ժամանակ փոխոստիկնապետ, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը:

Ներքին գործերի նախարարությունից հրաժարվեցին արձագանքել բարձրաստիճան ոստիկանի կողմից սպառնալիքներով ցուցմունքներ կորզելու մասին Հարությունյանի մեղադրանքներին: Վարդան Վարդանյանը ևս չի արձագանքել:

Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանն ու նրա ընկերը՝ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը սպանվել էին անցած տարի սեպտեմբերի 23-ին Մերձավանում: Դեպքից մի քանի օր անց Քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարել էր, թե սպանության համար մեղադրվող Գևորգ Հարությունյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ ասելով, որ շարժառիթը վրեժխնդրությունն է եղել:

Այս գործով Գևորգ Հարությունյանից բացի կալանավորվել էր նաև Մերձավանի բնակիչ Նարեկ Օհանյանը: Նարեկ Օհանյանը 2025 թվականի փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է, իսկ Հարությունյանը, ըստ լրատվամիջոցների, Օհանյան եղբայրների ընկերը:

Գևորգ Հարությունյանը մեղադրվում է սպանության, սպանության փորձի և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով: Նարեկ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել սպանությանն օժանդակելու հոդվածով:

«Նշեց, որ պատճառը վրեժխնդրությունն էր 2025թ. փետրվարի 5-ի տեղի ունեցած դեպքի հետ կապված։ Ըստ մեղադրյալի՝ ինքը մտերիմ և շատ մոտ հարաբերությունների մեջ էր մահացած Գրիգոր Օհանյանի, ինչպես նաև Նարեկ Օհանյանի հետ, և իր կարծիքով՝ քանի որ իր ընկերը մահացել էր Վոլոդյա Գրիգորյանի մտերիմների կողմից, մեղավորը համարում էր Վոլոդյա Գրիգորյանին, և ըստ ցուցմունքի՝ ինքն ուզում էր դրանով վերջ տալ այս հարաբերություններին, և հիմնականը հենց Վոլոդյա Գրիգորյանն էր»,- հայտարարել էր Քննչական կոմիտեի ղեկավարը:

Մեղադրյալ Գևորգ Հարությունյանը դատարանի դահլիճում, լուսանկարը՝ «Ժողովուրդ» օրաթերթի
Մեղադրյալ Գևորգ Հարությունյանը դատարանի դահլիճում, լուսանկարը՝ «Ժողովուրդ» օրաթերթի

Մինչդեռ դատարանում մեղադրյալ Գևորգ Հարությունյանն իրադարձություններն այսպես ներկայացրեց. - «Վարդանյանը ասեց՝ եթե ուզում ես, որ ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես, որ էս ամենը դու ես արել: Ասեցի, ո՞նց ասեմ, եթե ես կապ չունեմ, ընտանիքիս ինչի՞ եք էս ամեն ինչին խառնում: Ասեց նայի, եթե չես ասում, որ դու ես արել, չես վերցնում քո վրա, քո տան դիմաց անվտանգության պոստ չեմ դնի: Վոլոդյա Գրիգորյանի ընտանիքի մարդկանց մոտ կատաղած վիճակ ա, շուխուրը կգցենք, որ սրա հետ դու կապ ունես, կամ դու ես արել: Նայի՝ տնեցիքիդ մի վնաս չտան: Եթե չտան էլ, նայի մենք չօժանդակենք, որ քո ընտանիքին մի հատ վնաս տան: Քուր ունես փոքր, մեր ունես, տարիքով տատ ու պապ ունես, նայի մենք մի վնաս չտանք... վերջը էդ ամենը վերցրեցի ինձ վրա»:

Ըստ մեղադրյալի՝ ինքն ասել է, որ եթե սպանությունը վերցնի իր վրա, մինևնույն է գործի մանրամասներին չի տիրապետում, ի՞նչ է ասելու ցուցմունքներում: Գլխավոր մեղադրյալի պնդմամբ՝ Վարդան Վարդանյանը հերթով ասել է, թե ինչ պետք է արվի:

Պնդեց, թե փոխոստիկանապետի հետ նույն մեքենայով նախ ուղևորվել են Մերձավանում գտնվող անմարդաբնակ մի տարածք, որտեղ բարձրաստիճան ոստիկանն ասել է, որ քարի տակ զենք կա դրած, պետք է ցույց տա ու ասի, որ իրենն է:

«Գնացինք Մերձավան, չոլերով մտանք, կանգնեցինք, քայլեցինք չոլերի մեջ, ես ու ինքն առաջ ընկած էինք, քարեր կար: Ասեց՝ բետոնի տակ է զենքը: Ասեցի՝ պիտի ասեմ, որ էստեղ է զենքը, որ գան հանե՞ն, ասեց՝ հա, տենց կասես... ասեց՝ էս էն ճանապարհն է, որը որ պետք է քննչականին ցույց տաս, իբր դու էդ ճանապարհով ես փախել»,- ասաց Հարությունյանը՝ նշելով, որ հետո փոխոստիկանապետի հետ գնացել են Վաղարշապատի ոստիկանություն՝ ինքնախոստովանական ցուցմունքը գրելու:

Այդ ընթացքում փոխոստիկանապետը, ըստ Հարությունյանի, հանգստացրել է, որ մեղքն իր վրա վերցնելուց հետո լավ կլինի, ընթացքում իրական մարդասպանին կգտնեն ու իրեն էլ ազատ կարձակեն: Իսկ եթե հանկարծ ազատազրկման դատապարտվի, առավելագույնը 10-12 տարի կտան, իրենք էլ կօգնեն, որ վաղաժամկետ ազատվի:

Նախկին փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը
Նախկին փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը

«Ասում եմ, եթե էս ամեն ինչը վերցնում եմ իմ վրա, իմ վերջը ի՞նչ է լինելու: Ասեց մինչև նախաքննությունը կգնա, մինչև դատարան կգնա գործը, սպանողը մի տեղից պռակոլ կտա, մենք կբռնենք, քեզ կարդարացնենք: Ասեցի, բայց եթե ես մանրամասներ եմ ցույց տալիս, ասեց, որ բռնենք անողին, ինքը ավելի ճիշտ կներկայացնի, կերևա, որ քո ասածը սուտ է, անիմաստ ես քո վրա վերցրել», - պատմեց Գևորգ Հարությունյանը՝ պնդելով, որ Վաշարշապատի ոստիկանությունում թելադրել են, ինքն էլ գրել է ինքնախոսոտվանական ցուցմունքը:

Դրանից հետո տարել են Քննչական կոմիտե, իսկ հաջորդ օրն ուղևորել են Մերձավան, որտեղ ցույց է տվել զենքի տեղը: Ի դեպ, նաև պնդեց՝ քանի որ բանակում չի ծառայել, զենք գործածել չգիտի, իրեն ասել են, թե «կասես՝ գնացել ես գերեզման, մի քանի անգամ կրակել ես, ձեռքդ բացել ես»:

Փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը Ներքին գործերի նախարարի հրամանով պաշտոնանկ է արվել այս տարվա սկզբին: Նա այս պահին համակարգում չի աշխատում:

Մանե Թանդիլյանը կասկածում է

Վոլոդյա Գրիգորյանի սպանության գործով գլխավոր մեղադրյալի այսօրվա աղմկահարույց հայտարարությունները չեն համոզել «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանին: Փարաքարի սպանված համյանքապետը հենց այս կուսակցության անդամ էր:

Թանդիլյանը կարծում է, որ այս ամենը «կազմակերպված սցենարի մաս է»: Ընդդիմադիր գործիչն ընդգծեց՝ չեն կարող ասել, թե ով է իրական մարդասպանը, բայց «սպանության իրական կազմակերպիչներն ամեն ինչ անում են, որ այս գործը կոծկվի»: Դրան, ըստ Թանդիլյանի, մասնակից են նաև իրավապահ մարմինները:

​
XS
SM
MD
LG