«Հերյուրանքներ են». նախկին փոխոստիկանապետը հերքում է, թե սպառնալիքներով ցուցմունք է կորզել Փարաքարի համայնքապետի սպանության գործով

Նախկին փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը, արխիվ
Նախկին փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը, արխիվ

Նախկին փոխոստիկանապետը հերքում է, թե սպառնալիքներով ցուցմունք է կորզել Փարաքարի համայնքապետի սպանության գործով՝ հերյուրանք որակելով գլխավոր մեղադրյալի իր հասցեին արած պնդումները:

Մեղադրյալ Գևորգ Հարությունյանը երեկ դատարանում պնդել էր, թե ինքը չի սպանել ընդդիմադիր համայնքապետին, իսկ ինքնախոստովանական ցուցմունքը տվել է փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանի կողմից իր ընտանիքի հասցեին հնչեցրած սպառնալիքների ներքո:

«Առանձնապես մեկնաբանություն չունեմ, քրեական վարույթի շրջանակներում բավականին ապացույցներ կան ձեռք բերված, իր ասածը ընդամենը հերյուրանքներ է, ինքն էլ անփորձ երիտասարդ է», - «Ազատության» հետ զրույցում պնդեց նախկին փոխոստիկանապետ, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Վարդանյանը:

Մինչդեռ երեկ դատարանում ցուցմունք տված մեղադրյալ, 20-ամյա Գևորգ Հարությունյանը մանրամասներ էր հայտնել, թե ինչպես է նախկին բարձրաստիճան ոստիկանը նախ սպառնացել, որ վնաս կտան փոքր քրոջը, ապա նաև մատնացույց արել քարի տակ պահված սպանության գործիք զենքի տեղը և թե այն ճանապարհը, որով իբրև թե փախել է սպանությունը կատարելուց հետո:

«Վարդանյանը ասեց՝ եթե ուզում ես, որ ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես, որ էս ամենը դու ես արել: Ասեցի, ո՞նց ասեմ, եթե ես կապ չունեմ, ընտանիքիս ինչի՞ եք էս ամեն ինչին խառնում: Ասեց նայի, եթե չես ասում, որ դու ես արել, չես վերցնում քո վրա, քո տան դիմաց անվտանգության պոստ չեմ դնի: Վոլոդյա Գրիգորյանի ընտանիքի մարդկանց մոտ կատաղած վիճակ ա, շուխուրը կգցենք, որ սրա հետ դու կապ ունես, կամ դու ես արել: Նայի՝ տնեցիքիդ մի վնաս չտան: Եթե չտան էլ, նայի մենք չօժանդակենք, որ քո ընտանիքին մի հատ վնաս տան: Քուր ունես փոքր, մեր ունես, տարիքով տատ ու պապ ունես, նայի մենք մի վնաս չտանք... վերջը էդ ամենը վերցրեցի ինձ վրա», - դատարանում տված ցուցմունքում հայտարարել էր մեղադրյալ Գևորգ Հարությունյանը:

Ինչո՞ւ է Վոլոդյա Գրիգորյանի գործով գլխավոր մեղադրյալը տալիս հենց նախկին փոխոստիկանապետի անունը, ինչո՞ւ է հենց նրա հասցեին նման մեղադրանքներ հնչեցնում: «Ազատության» այս հարցին Վարդան Վարդանյանն այսօր չցանկացավ պատասխանել. «էլ մեկնաբանություն չունեմ, կարծում եմ սրանով ամեն ինչ ասված է»:

«Ազատություն». - Այսինքն չե՞ք սպառնացել:

Վարդան Վարդանյան. - Իհարկե ոչ, ձեռք են բերվել մի շարք ապացույցներ, որոնք ապացուցում են իր սպանություն կատարելու փաստը:

«Ազատություն». -Բայց ավտոմատի վրա մատնահետք չկա (ըստ փաստաբանի):

Վարդան Վարդանյան. - Մնացածը կարծում եմ դատաքննության փուլում էդ ապացույցները ի հայտ կգան: Իր ասածները հերյուրանքներ են:

«Ազատություն». - Զենքի տե՞ղն էլ դուք մատնացույց չեք արել իրեն:

Վարդան Վարդանյան. - Դե ես արդեն ասեցի:

«Ազատության» հարցին, արդյոք պատրա՞ստ է դատարանում պնդել, որ գլխավոր մեղադրյալը հերյուրանքներ է տարածում իր հասցեին, նախկին բարձրաստիճան ոստիկանը պատասխանեց՝ «տեսնենք»: Այլ հարցերի Վարդան Վարդանյանը հրաժարվեց պատասխանել, հաստատելով, որ այլևս ոստիկանության համակարգում չի աշխատում:

Փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը ներքին գործերի նախարարի հրամանով պաշտոնանկ է արվել այս տարվա սկզբին:


​
XS
SM
MD
LG