Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանության գործով գլխավոր մեղադրյալի՝ դատարանում արած աղմկահարույց հայտարարությունից հետո Գլխավոր դատախազությունն առայժմ հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել:
Մեղադրյալ Գևորգ Հարությունյանը երեկ պնդել էր, թե ինքը չի սպանել ընդդիմադիր համայնքապետին, իսկ ինքնախոստովանական ցուցմունքը տվել է փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանի կողմից իր ընտանիքի հասցեին հնչեցրած սպառնալիքների ներքո:
Մեղադրյալի փաստաբան Հովսեփ Սարգսյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ հանրային մեղադրողի պարտականությունն է Գևորգ Հարությունյանի ցուցմունքը հիմք ընդունելով քրեական վարույթ նախաձեռնել կամ դա հանձնարարել Հակակոռուպցիոն կոմիտեին՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ կեղծ ապացույցներ ստեղծելուն դրդելու համար:
Փաստաբանը պնդում է, որ Քննչական կոմիտեն մակերեսային քննություն է կատարել, չիրականացնելով մի շարք փորձաքննություններ, որոնք կարող էին ապացուցել Գևորգ Հարությունյանի անմեղությունը:
Ո՞ւմ է պատկանել հայտնաբերված ԴՆԹ նմուշը
Մասնավորապես, ըստ փաստաբանի, սպանության գործիք ավտոմատի վրա չի հայտնաբերվել մեղադրյալ Գևորգ Հարությունյանի մատնահետքներն ու ԴՆԹ նմուշները, փոխարենը հայտնաբերվել է այլ անձի ԴՆԹ նմուշ:
«Հայտնաբերված հանցագործության գործիք հանդիսացող ավտոմատ հրազենի վրա և դրանից կրակված գնդակների և պարկուճների վրա որևէ մատնահետք կամ ԴՆԹ հատկանիշներ պարունակող նմուշներ չեն հայտնաբերվել, որոնք կարող էին նույնականացվել Գևորգ Հարությունյանի հետ: Այսինքն՝ քննությամբ չի ձեռք բերվել որևէ տվյալ, որ Գևորգ Հարությունյանը կապ ունի հանցագործության հետ կապ ունեցող հրազենի հետ: Հայտնաբերվել է մեկ արական սեռի անձի ԴՆԹ նմուշ, որը չի նույնականացվել Գևորգ Հարությունյանի հետ», - ասում է փաստաբանը:
Թե ո՞ւմ է պատկանել ԴՆԹ նմուշը, ըստ Հովսեփ Սարգսյանի, այդ հարցի պատասխանը բաց է մնացել և չի պարզվել: Թե ինչո՞ւ քննիչին այդ հարցի պատասխանը չի հետաքրքրել, փաստաբանն ասում է՝ պետք է հարցնել գործը քննած քննիչին:
Պարզ չէ նաև, թե ինչպես է գործը հսկող դատախազը հաստատել քննիչի մեղադրանքն ու ուղարկել դատարան:
«Մենք ունենք փաստացի հանցագործության գործիք զենքը, բայց չունենք կատարողին», - ասում է Հովսեփ Սարգսյանը:
Փաստաբանի փոխանցմամբ՝ այդ հրազենի հետ Գևորգ Հարությունյանի կապը քրեական նյութերով միայն հաստատվել է այն հանգամանքով, որ մեղադրյալը ցույց է տվել զենքի տեղը: Մինչդեռ երեկ Հարությունյանը դատարանում հայտարարեց՝ նախկին փոխոստիկանապետը իրեն նախապես տարել էր Մերձավանում գտնվող ամայի մի տարածք, ցույց տվել մի քար ու ասել, որ քննիչներին պետք է ասի, որ զենքն այդտեղ է թաքցրել:
Ի դեպ, փաստաբանի փոխանցմամբ, ըստ գործի նյութերի, մյուս մեղադրյալի՝ Նարեկ Օհանյանի տանից հայտնաբերվել են ձեռնոցներ և պայուսակ, որոնց վրա առկա են եղել Գևորգ Հարությունյանին պատկանող ԴՆԹ նմուշներ: Փաստաբանն ասում է՝ պետք է հասկանալ, թե այդ ձեռնոցները, պայուսակն ու հեռադիտակը ինչ կապ ունեն այլ վայրում հայտնաբերված սպանության գործիք ավտոմատի հետ:
Փաստաբանի խոսքով՝ քննիչը խորամուխ չի եղել մի շարք հանգամանքներ պարզելու համար, մինչդեռ եթե դրանք պարզվեին, ամենայն հավանականությամբ, Գևորգ Հարությունյանը մեղադրյալ չէր դառնա:
Հարությունյանը ֆիզիկապես կարո՞ղ էր կատարել սպանությունը
Հովսեփ Սարգսյանը մեկ այլ հանգամանքն էլ է նշում: Նրա խոսքով՝ Գևորգ Հարությունյանը բանակում չի ծառայել, զինծառայությունից ազատվել է ողնաշարի խնդիրների պատճառով:
Քննիչը, ըստ փաստաբանի, ունեցել է այդ տվյալները, բայց գործի քննության ընթացքում այդպես էլ փորձաքննություն չի արել և չի ստուգել արդյոք այդ հիվանդության մասին վկայող փաստաթղթերը համապատասխանում են իրականությանը, և եթե այո, արդյոք այդ պարագայում մարդը կարո՞ղ էր սպանություններ կատարել, թե՞ ոչ:
Փարաքարի համայնքապետի սպանության ժամանակահատվածում մեղադրյալ Գևորգ Հարությունյանն, ըստ Հովսեփ Սարգսյանի, կշռել է 145 կիլոգրամ:
«Գրիժաների պարագայում, ըստ մասնագետների, նա չէր կարող ակտիվ գործողություններ կատարել, ցանկացած ակտիվ գործողության դեպքում իր մոտ սուր ցավեր են առաջանում, ընդհուպ մինչև գիտակցության կորուստ: Էս տվյալները քննիչը ունեցել է նախաքննության ընթացքում: Բայց չի արել դատաբժշկական փորձաքննություն, պարզելու՝ այդ տվյալները իրական են, թե կեղծ, իսկ եթե իրական են, կարո՞ղ էր անձը վազել կրակելով: Կներեք, պետք է շատ հմուտ լինել, հմուտ տիրապետել զենքին, որ վազելով կրակես ձախ ձեռքով ու հետո մոտենալ անձանց, նորից կրակել, համոզվել, որ սպանված են և այլն», - նշել է փաստաբանը:
Ըստ փաստաբանի, չի արվել նույնականացման փորձաքննություն
Հովսեփ Սարգսյանի փոխանցմամբ՝ քննիչը նաև նույնականացման փորձաքննություն չի արել, պարզելու համար արդյոք տեսախցիկների արձանագրած սպանության կադրերում երևացող անձը որևէ նմանություն ունի՞ մեղադրյալի հետ, թե՞ ոչ:
«Դեպքի պահին Գևորգ Հարությունյանն ունեցել է 145 կգ քաշ, հիմա 140 է, պետք էր պարզել էդ ֆիզիանոմիայով կամ սիլուետով անձը արդյոք կարո՞ղ է նույնացվել տեսագրության մեջ վազող ու կրակող անձի հետ, դա էլ չի արվել: Նույնականացման վերաբերյալ փորձաքննություն չի արվել», - ասում է փաստաբանը:
Երկրորդ օրն է՝ ոչ Ներքին գործերի նախարարությունը, ոչ էլ նախկին փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը չեն արձագանքում սպանության համար մեղադրվող 20-ամյա Գևորգ Հարությունյանի աղմկահարույց ցուցմունքներին: