«Ցմահ բանտարկություն՝ ինձ կիսամարդ դարձնելու ու երեխեքիս հոգեվիճակի համար». Մուսաևի գործը հասավ դատարան

Շուրջ ամիսուկես հիվանդանոցում գտնվող ու արդեն մի քանի վիրահատության ենթարկված Շաքիի բնակչուհի Անի Ավետիսյանը ակնկալում է, որ իր տուն ներխուժած, երեխաներին պատանդ վերցրած և իրեն ծանր հրազենային վնասվածքներ հասցրած ադրբեջանցի զինծառայողը ցմահ ազատազրկման կդատապարտվի:

Այսօր հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Փաստորեն Քննչականն այս գործի նախաքննությունն ավարտեց բավականին արագ՝ մոտ մեկ ամսում:

«Ցմահ բանտարկություն, որովհետև երեխեքի կյանքի հետ է խաղ արել, երեխեքիս հոգեվիճակն է խանգարել, ինձ դարձրել է կիսամարդ: Ո՞վ է պատասխան տալու դրա համար, պետությո՞ւնը», - ասաց Անի Ավետիսյանը:

Օրերս 39-ամյա Անի Ավետիսյանը հերթական անգամ ծանր վիրահատության է ենթարկվել: Կնոջ խոսքով՝ ազդրի վերևի հատվածից ոսկոր են վերցրել և ծնկի հատվածում տեղադրել՝ փորձելով վերականգնել ոտքի աշխատանքը: Բժիշկները նաև փորձում են երկարացնել շուրջ 10 սանտիմետրով կարճացած Անիի ոտքը, ադրբեջանցի զինծառայողի հասցրած հրազենային վիրավորումների հետևանքով Անիի ոտքի ոսկրերը փշրվել են: Առաջիկայում կինը կրկին պետք է վիրահատվի:

«Ազդրի էդ ամենավերևի հատվածից կտրել են ոսկորը, բերել են ներքև, քանի որ ծնկի ոսկորները լրիվ փշրվել են... վիրահատության ընթացքում մի փոքր ձգել, երկարացրել են ոտքս, երկաթներով հավաքել են, ցավերը ավելի են շատացել», - ներկայացրեց նա:

Ո՞վ է պատասխան տալու ադրբեջանցու ներխուժման ու իր տառապանքների համար. Անի Ավետիսյանը հարցեր ունի

Անի Ավետիսյանը հարց է տալիս՝ ո՞վ է իր այդ վիճակի համար պատասխան տալու, ո՞վ է պատասխան տալու սահմանը հատելուց հետո իր տուն զինված ադրբեջանցու ներխուժման և իր երեխաների տառապանքների համար:

«Պետության պատճառով եմ ես էս օրն ընկել, եթե պետությունը իր տեղում լիներ, հաստատ էս օրը չէի ընկնի, սահմանները բաց չէին մնա, ազերին չէր գա հասներ իմ տուն», - ասաց Շաքիի բնակչուհին:

Անի Ավետիսյանի փոխանցմամբ՝ ադրբեջանցու կողմից պատանդառված 12-ամյա աղջկա հոգեբանական վիճակը դեռ չի կայունացել: Երեխան մորը տեսնելիս արտասվում է:

«Մայրիկիս ասել եմ, որ երեխեքին չբերի հիվանդանոց, քանի որ ամեն անգամ ինձ տեսնելիս լացում են, ես չեմ կարող ամեն անգամ էդ տեսարանը տեսնել: Պետությունը դրան ո՞նց է աջակցելու, ո՞նց է անելու, որ իմ երեխեքը էդ հոգեվիճակից դուրս գան», - հարցնում է անկողնուն գամված երիտասարդ կինը:

Ադրբեջանի իշխանությունները հայտնել էին, որ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը սեպտեմբերի 26-ին ինքնակամ լքել էր Լաչինի զորամասը: Հայաստանի իրավապահ մարմինները, թեև սեպտեմբերի 29-ից Բաքվի կողմից տեղեկացվել էին այդ մասին, սակայն զինված ադրբեջանցուն ժամանակին հայտնաբերել չէին կարողացել: Մուսաևին առաջինը իրենց տանը հայտնաբերել էին Անիի անչափահաս երեխաները:

Հեռախոսով աղջկա բղավոցները լսելուց հետո մայրը տուն էր շտապել, ապա կռվի բռնվել զինված ադրբեջանցու հետ: Անի Ավետիսյանը երեխաներին պաշտպանելիս ոտքի և ձեռքի հատվածներում հրազենային վնասվածքներ է ստացել, կորցրել ձեռք մատները:

Նասիմի Մուսաևը հոկտեմբերի 2-ին կալանավորվել էր սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով, Ադրբեջանում նրան մեղադրում են դասալքության համար:

Թե՛ վարչապետ Փաշինյանը, և թե՛ Քննչական կոմիտեի նախագահը անդրադառնալով այս գործին պնդել են՝ ադրբեջանցի զինծառայողը մոլորվել է: Ավելին՝ Քննչական կոմիտեի նախագահը պնդել էր, թե ադրբեջանցին սպանելու դիտավորություն չի ունեցել: Մինչդեռ Անի Ավետիսյանի խոսքով՝ եթե չդիմադրեր, ողջ չէին մնա:

Նասիմի Մուսաևի գործը քննվելու է Սյունիքի մարզի դատարանում, Կապան քաղաքում: Առայժմ հայտնի չէ, թե մարզի որ դատավորին կմակագրվի այս գործը և երբ կնշանակվի առաջին դատական նիստը: Դատավորը նաև պետք է որոշում կայացնի՝ նիստը դռնբաց, թե դռնփակ անել:

Պարզ չէ նաև, թե Երևանում անկողնուն գամված Անի Ավետիսյանը ինչպես է կարողանալու մասնակցել Սյունիքի մարզում նշանակված դատական նիստերին:


​
XS
SM
MD
LG