Սյունիքի մարզի Շաքի գյուղ ներթափանցած ադրբեջանցու գործով նախաքննությունը առաջիկայում կավարտվի, լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Քննչական կոմիտեի նախագահը:
Արթուր Պողոսյանի խոսքով՝ ադրբեջանցի զինծառայողն արդեն հարցաքննվել է և ցուցմունք տվել։ Պաշտոնյան, մի կողմից վկայակոչելով նախաքննական գաղտնիքը, ասում էր, թե մանրամասներ չի կարող հայտնել, մյուս կողմից պնդում, թե քննության ընթացքում պարզվել է, որ զինծառայողը մառախուղի պատճառով է մոլորվել և Շաքի գյուղի բնակիչներին սպանելու մտադրություն չի ունեցել։
Պողոսյանը չհամաձայնեց լրագրողի դիտարկմանը, թե այլ պաշտոնյաների նման ինքն էլ է պաշտպանում տեղի բնակիչներից մեկին հրազենով ծանր վիրավորած ադրբեջանցուն:
«Այն անձը, ով մոլորվելու արդյունքում քայլելով գալիս ա, մի հատ տուն ա տեսնում, ապակին կոտրում ա, սոված ա լինում, մտնում ա ճաշ ա սարքում, փոխվում ա, երեխեքը մտնում, են ինքը երեխեքի ձեռից հեռախոսը վերցնում ա, ժամերով Էդ երեխեքին նստացնում ա, երեխեքին չի վնասում... մենք մեղադրել ենք շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով անձին ծանր մարմնական վնասվածք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար: Եվ քարտեր ու դրամ է գողացել: Նաև ապօրինի սահմանահատման մեջ ենք մեղադրել», - ասաց Պողոսյանը:
ՔԿ ղեկավարը նաև պնդեց, թե տեղյակ չէ՝ ո՞ր քրեակատարողական հիմնարկում է պահվում ադրբեջանցի զինծառայողը:
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը հոկտեմբերի 1-ին մտել էր Սյունիքի Շաքի գյուղի տներից մեկը, կրակել տանտիրուհու վրա՝ նրան ծանր վնասվածք պատճառելով: Նրան առաջինը իրենց տանը հայտնաբերել էին Անի Ավետիսյանի երեխաները: Ադրբեջանցի զինծառայողն, ըստ Բաքվի, սեպտեմբերի 26-ին էր ինքնակամ լքել Լաչինի զորամասը:
Երկու ամսով կալանավորված ադրբեջանցի զինծառայողը մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար: Ադրբեջանում նրան մեղադրում են դասալքության համար: