Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի կողմից հրազենային վիրավորումներ ստացած Անի Ավետիսյանը «Ազատությանը» մանրամասներ է պատմել հոկտեմբերի 1-ի իր տանը տեղի ունեցած զինված միջադեպի մասին:
39-ամյա կինը, ով այժմ բուժում է ստանում երևանյան հիվանդանոցներից մեկում, ասում է՝ հասել է տուն ու տեսել զենքը երեխաների վրա պահած տղամարդուն: Հիշում է, որ ադրբեջանցին երեք կրակոց է արձակել: Առաջինը վրիպել է, երկրորդ անգամ, երբ փորձել է կրակել որդու ուղղությամբ, ինքը ձեռքով պահել է ինքնաձիգը: Այս կրակոցի հետևանքով Անին կորցրել է ձախ ձեռքի բութ մատը, իսկ մյուս մատները լրջորեն վնասվել են: Դրանից հետո Անին սկսել է դանակով դիմադրել:
«Գնացի առաջ, տեսա՝ երեխեքի վրա է պահած: Առաջ գնացի, ինձ տեսավ, պահեց իմ վրա, մի հատ խփեց, չկպավ, էդ պահին առաջ եկա ... պահեց, որ տղայիս խփի: Ձեռքով պահեցի, ձեռքս վնասեցի: Հետո ինձ գցեց կառավաթի վրա ու խփում էր, էդ րոպեին եմ ես սկսել խփել: Աղջկաս ասել եմ՝ գնա դարպասը բացի, տղայիս էլ ուզեցի դուրս հանեմ, դուրս չեկավ: Էդ րոպեին զենքը պահեց դոշիս, որ խփի, ես թափով իջեցրի զենքը, ոտքիս կպավ: Էդ րոպեին ես ընկել եմ արդեն: Ընկած վիճակում էլի ուզեց խփի, տեսավ՝ ավտոմատի մեջ [փամփուշտ] չկա, թե ինչ, ուզեցավ էլի լիցաքվորի: Պատրոնները վերցրեց, լիցքավորեց, մեկ էլ մի ձևի թուլացավ ու փախավ: Երեխեքը ասեցին՝ մամա փախավ ... դրանից հետո մորաքույրս է հասել, մի 5 րոպե հետո նոր ոստիկանները», - պատմում է Անին:
Կնոջ խոսքով՝ եթե ինքը չդիմադրեր, հետևանքները շատ ծանր կարող էին լինել. - «Եթե ես էդ րոպեին չկողմնորոշվեի, հիմա համ ես չէի լինի, համ էլ երեխեքը»:
Ավետիսյանի խոսքով՝ ադրբեջանցին մոտ 15 րոպե երեխաներին պատանդ պահած է եղել, մինչև ինքը Սիսիանից հասել է Շաքի:
«Ձայն չի հանել». կինը չի հասկացել, թե ում հետ գործ ունի
Ավետիսյանն, ի դեպ, ասում է՝ ողջ ընթացքում չի էլ հասկացել, որ իր տուն ներխուժած անձը ադրբեջանցի է, նա ողջ մենամարտի ընթացքում ձայն չի հանել. - «Բացարձակ բառ չի փոխանակել, լուռ իրա գործը անում էր»:
Ծանր վնասվածքներ ստացած կինը զայրացած է, որ իրավապահները տեղի բնակիչներին չեն զգուշացրել, որ Սյունիքում սահմանը հատած ադրբեջանցի զինվորի են փնտրում:
Ըստ ԱԱԾ-ի՝ զորամասը լքած և ենթադրաբար Հայաստան անցած զինվորի մասին Բաքուն հայկական կողմին հայտնել է սեպտեմբերի 29-ին: Նասիմի Մուսաևը վնասազերծվել է հոկտեմբերի 1-ին՝ Բաքվի զգուշացումից երկու օր անց:
«Եթե զգուշացրած լինեին, երեխաներին դպրոց չէի ուղարկի, Շաքիում չէինք մնա»,- ասում է կինը, որին ևս երեք վիրահատություն է սպասվում:
Ոստիկանները, չնայած ահազանգին, կնոջից ուշ են հասել Շաքի
Ավետիսյանը նաև դժգոհում է, որ ոստիկանները, չնայած ահազանգին, իրենից ուշ են հասել դեպքի վայր: Կնոջ խոսքով՝ Սիսիանի ոստիկանության բաժանմունքը ավելի մոտ է Շաքիին, քան այն հյուրանոցը, որտեղից ինքը հասել է իր տուն:
«Եթե իրենք ամսի 29-ից տեղյակ են եղել, որ ադրբեջանցի է եկել, ո՞նց կարող էին ահազանգով միանգամից վազելով չգալ»,- հարցնում է Ավետիսյանը:
Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը «սովորական կրիմինալ միջադեպ» էր անվանել Շաքիում տեղի ունեցածը և մեղադրել, որ Ավետիսյանը չի սպասել ոստիկանությանը:
«Հասկանում եմ, որ մայրական բնազդը ուժեղ է, բայց երբ ոստիկանություն են զանգում, պետք է սպասել ոստիկանության գործողություններին»,- անցած շաբաթ Ազգային ժողովում հայտարարել էր վարչապետը:
Ադրբեջանցի զինծառայողը կալանավորված է, մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով:
Անի Ավետիսյանն ու երեխաները տուժող են ճանաչվել, նրանք, ինչպես նաև ադրբեջանցի զինծառայողն արդեն հարցաքննվել են: