ԵԱՏՄ-ից դուրս գալու տնտեսական բացասական ազդեցությունը մեծ չէ, մինչդեռ գազի գնի փոփոխությունը կարող է Հայաստանի տնտեսության վրա 5-7 տոկոս կամ ավելի ազդեցություն ունենալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի անդամների ներկայացրած զեկույցին:
Զեկույցի հեղինակները պնդել են, թե Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, «միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ու, մասնավորապես, միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969 թվականի մայիսի 23-ի կոնվենցիայի դրույթներին համապատասխան», իրավունք ունեն քննարկել մինչև Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվեի անցկացումը ԵԱՏՄ-ին երկրի անդամակցությունը կասեցնելու հարցը:
Փաստաթղթում նաև ըստ ոլորտների կանխատեսումներ են արված ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության հնարավոր դադարեցման դեպքում, մասնավորապես՝ թե երկրի կողմից արտադրվող ապրանքների արտահանումը կնվազի 30-50 տոկոսով, ներկրումը կնվազի գրեթե կիսով չափ, ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունը կնվազի 55.6 տոկոսով, երկրի ՀՆԱ-ն կնվազի 15.6 տոկոսով, գազի գինը Հայաստանի համար կաճի 69 տոկոսով և այլն:
Հայաստանի էկոնոմիկայի նախարարն այսօր ընդգծելով, որ գազի թանկացումը ցանկալի չէ, ասաց. «Արդյոք դա այնպիսի հետևանք է ունենալու մեր տնտեսության համար, որից մենք չկարողանանք դուրս գալ, չէ, այդպես չի լինի»:
«Գնային տարբերության համար մենք այսպես թե այնպես վճարել ենք կամ վճարում ենք։ Համարելով գազի գնի բարձրացումը խիստ անցանկալի, ես համարում եմ, որ նույնիսկ ժամանակի ընթացքում շուկայական գներով, այդ թվում՝ գազ գնելը պետք է տրամաբանական լինի, պետք է ադապտացիայով գնանք հասնենք դրան», - նշեց Պապոյանը։
Էկոնոմիկայի նախարարը հավելեց նաև, որ լավ կլիներ զուգահեռ զարգացնենք էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրները՝ հիդրոն, արևային կուտակիչներ:
«Մենք պետք է մտածենք, որ ամեն ինչի համար պետք է վճարել շուկայական գնով։ Եթե ինչ-որ բանի համար չենք վճարում շուկայական գնով, այլ ինչ-որ ձևով դրա համար վճարում ենք, որովհետև ոչ մի երկիր հիմար չի, որ ինչ-որ բան էժան է մեզ վաճառում», - ընդգծեց նախարարը։
Էկոնոմիկայի նախարարն, այսօր անդրադառնալով Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումներին, հայտարարեց, որ դա համարում են տնտեսական վեճ:
Ռուսաստանը մայիսից սկսեց փուլ առ փուլ արգելել Հայաստանից տարբեր ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքի, ձկնամթերքի, խմիչքների, կաթնամթերքի և ծաղիկների ներմուծումը։ Այս սահմանափակումները հաջորդեցին Երևանում անցկացված Եվրոպական երկու գագաթնաժողովներին, որոնցից մեկին մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահը։ Մոսկվան Երևանից նաև պահանջում է արագ ընտրություն կատարել Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև:
Սեպտեմբերի սկզբին Հայաստանը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով (ԵՏՀ)՝ ԵԱՏՄ տարածքում հայկական ծագում ունեցող ապրանքների տեղափոխման ընթացքում առկա սահմանափակումները որպես խոչընդոտ ճանաչելու նպատակով: ԵՏՀ կոլեգիան առավելագույնը երեք ամսում պետք է որոշում կայացնի՝ արդյոք Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների դեմ սահմանափակումներն օրինակա՞ն են, թե՞ ոչ: