Մատչելիության հղումներ

«Ենթադրում եմ՝ կլինեն սանկցիաներ»․ ԵՏՀ-ն 3 ամսում պետք է որոշի՝ օրինակա՞ն են Ռուսաստանի սահմանափակումները, թե՞ ոչ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան առավելագույնը երեք ամսում պետք է որոշում կայացնի՝ արդյոք Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների դեմ սահմանափակումներն օրինակա՞ն են, թե՞ ոչ։

Հայաստանի կառավարությունը երեկ հաղորդեց, որ Ռուսաստանի պատժամիջոցների դեմ բողոք է ներկայացրել միության կարգավորող մարմին։

Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ եզրակացություններն արդեն պատրաստ են և քննարկման փուլում, ինչից հետո հարցը քվեարկության կդրվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստում։ Եթե կոլեգիայի նիստում որոշվի՝ Ռուսաստանի սահմանափակումներն արհեստական են, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը չբացառեց հնարավոր սանկցիաները Մոսկվայի նկատմամբ։

«Ես ենթադրում եմ, որ կլինեն որոշակի տնտեսական սանկցիաներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հնարավորությունների շրջանակում: Բայց այստեղ կոնկրետ ինչպիսին են այդ գործիքները, լավ կլինի հարցնեք պատկան կառույցին», - ասաց ՊԵԿ նախագահը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան ունի 10 անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր երկրից երկուական ներկայացուցիչ։ Կոլեգիայի նախագահը Ղազախստանի նախկին վարչապետ Բակիջան Սագինտաևն է, իսկ Հայաստանից անդամներն են տարբեր գերատեսչություններում նախկինում աշխատած Գոհար Բարսեղյանն ու էկոնոմիկայի նախկին փոխնախարար Վարոս Սիմոնյանը։

Կիրառված սահմանափակումները խոչընդոտ ճանաչելու մասին որոշումն ընդունելու համար անհրաժեշտ է, որ կոլեգիայի անդամների երկու երրորդը կողմ քվեարկի, այսինքն՝ 7 անդամ։

Երեկ էկոնոմիկայի փոխնախարարը լավատես էր․ «Մենք բողոքել ենք և հույս ունենք ու վստահ ենք, որ պետք է մեխանիզմները գործեն, որպեսզի խոչընդոտները հանվեն»։

Էդուարդ Հակոբյանը, արխիվ
Էդուարդ Հակոբյանը, արխիվ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահն այսօր «Ազատությանը» միայն փոխանցեց, որ Ռուսաստանը հայկական ապրանքների միայն որակն է հարցականի տակ դնում, մաքսային ընթացակարգերի հարցով արհեստական խոչընդոտներ վերջին ամիսներին չեն արձանագրվել։ Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ նախկինում արձանագրված փաստաթղթային խնդիրներն արդեն լուծված են։

«Մենք այդ ուղղությամբ մեծ ջանք ենք դրել, այսինքն՝ ի՞նչ ենք անում, մենք բոլոր հնարավոր փոփոխությունները կանոնների՝ թե՛ ԵԱՏՄ-ում առևտրի, թե՛ երկկողմ առևտրի, կոմունիկացրել ենք մեր բոլոր արտահանողներին և ներմուծողներին, ունենք թվային համակարգ, որը հնարավորություն է տալիս դա անել, այդ վիճակը արդեն կարելի է ասել հաղթահարված է, այսինքն, խոսում ենք հիմա որակի մասին: Փաստաթղթային արհեստական խոչընդոտ չկա, մենք ուղիղ կապի մեջ ենք մեր մաքսայինի գործընկերների հետ, ցանկացած հարց, որը մեր տիրույթում է, դրանք շատ արագ լուծվում են, այսինքն՝ այս պահին մաքսային հարց չկա», - ընդգծեց նա։

ՊԵԿ նախագահն այսօր բողոքարկման գործընթացի մանրամասներից, այդ թվում՝ ե՞րբ է հայկական կողմը դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողով, տեղյակ չէր։ Թե ե՞րբ է դիմումն ուղարկվել և ե՞րբ կլինի քվեարկությունը, Էկոնոմիկայի նախարարությունից ևս ճշտել չհաջողվեց։ Մինչ այդ Երևանը պնդում է՝ Ռուսաստանի դեմ այս քայլը լիովին տեղավորվում է կազմակերպության կանոնադրության շրջանակում։

«Դա բնական պրոցես է, որևէ անդամ երկիր եթե մյուսի նկատմամբ ինչ-որ գործողություններ է ձեռնարկում, և դա որոշակի աստիճան անցնում է, ցանկացած երկիր բնական իրավունք ունի իր հարցը բարձրացնելու և քննարկելու այդ հարթակներում», - ասաց Հակոբյանը։

Ռուսաստանը հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումներ սկսեց կիրառել հունիսյան խորհրդարանական ընտրություններից առաջ։ Ապրանքների ցանկը պարբերաբար ընդլայնվում է։ Հայաստանի պաշտոնյաները ամիսներ առաջ վստահ էին, որ հարցը կլուծվի, սակայն իրավիճակը չփոխվեց անգամ սեպտեմբերի սկզբին տեղի ունեցած Փաշինյան-Պուտին բանակցություններից հետո։

Արդյոք Եվրասիական տնտեսական հանձնաժողով դիմելու որոշումը նշանակո՞ւմ է, որ Մոսկվայի հետ բանակցություններով խնդիրը լուծելու հնարավորությունները սպառվել են, այդ պատճառով է Երևանն անցել իրավական գործիքների։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի խոսքով՝ ոչ. «Ռուսաստանի հետ այս հարցի շուրջ քննարկումները, ոչ, չեն ավարտվել, մեր համապատասխան գերատեսչությունները շարունակում են խոսակցությունը, բայց ես պիտի խոստովանեմ, որ այդ բողոքարկման գործընթացի մանրամասների մասին պատշաճ տեղեկացված չեմ և այդ կապակցությամբ չեմ կարող ասել, թե հատկապես ինչի համար և ինչու են բողոքարկել»։

Երևանն ու Մոսկվան հայտնել են, որ առաջիկայում սպասվում է Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների ևս մեկ հանդիպում։ Հանդիպման կոնկրետ օրը, սակայն, դեռ հայտնի չէ։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG