Մատչելիության հղումներ

«8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե՞ ոչ». Փաշինյան

Լրացված

Հատուկ անդրադարձ չենք կատարել, որովհետև կարծում եմ, որ 44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ սեպտեմբերի 27-ին չի անդրադարձել 44-օրյա պատերազմին:

«Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր ենք սահմանել, դա նրա համար է, որպեսզի չստացվի, որ տարբեր կերպ ենք վերաբերվում հայրենիքի համար զոհված քույրերին ու եղբայրներին: Օրինակ՝ սեպտեմբերի 13-ի հետ կապված հատուկ ուղերձ չեղավ, ապրիլյան պատերազմի հետ կապված հատուկ ուղերձ չեղավ, նախորդող շրջանում մեծ էսկալացիաներ են եղել, տասնյակ զոհեր: Այդ դեպքերում էլ զոհվածների հարազատները երբեմն մեզ արդարացի վերապահում են ներկայացնում՝ ասելով, որ էդ հանգամանքը մոռացության է տրվել», - ասաց Փաշինյանը

«Քաղաքացիական պայմանագրի» որոշմամբ՝ Հայաստանում սգո օր է համարվում հունվարի 27-ը, այս ամսաթիվը ոչ մի պատերազմի հետ կապ չունի: Իշխանավորները հենց այդ օրն են «Եռաբլուր» այցելում, հայտարարություններ անում:

Ինչ վերաբերում է նրան, որ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում մոտ երկու ժամ Թաթա Սիմոնյանի համերգն էր ցուցադրվում, վարչապետն ասաց՝ այդտեղ, իհարկե, անպատեհություն կա:

«Բայց մենք պետք է հասկանանք՝ մեր հեռարձակած բոլոր համերգների օրերի՞ն է, որ մենք տասնյակ զոհեր չենք ունեցել: Այսօր էլ 44-օրյա պատերազմի օրերից մեկն է: Հետո գալու է նոյեմբերի 9-ը: Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե՞ չէ, իսկ մնացած օրերի՞ն: Պրոբլեմն այն է, որ մեր պատմությունը շատ ողբերգական օրեր ունի, կարող է պարզվի, որ մեր բոլոր շաբաթ կիրակիները և ընդհանրապես 360 օրերը մեծ ողբերգություններով նշանավորված են», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարել է, որ կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի 6-րդ տարելիցին, Առաջին ալիքով Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները:

Խորհուրդն արձանագրել է, որ համերգի ցուցադրությունը հանրության շրջանում «արդարացի դժգոհության, քննադատության ու վրդովմունքի» պատճառ է դարձել։

«Ազատության» հարցին՝ արյդոք Փաշինյանի այսօրվա հայտարարությունը չի՞ նշանակում, որ վարչապետն արդեն Հանրային հեռարձակող խորհրդի փոխարեն որոշում է կայացրել, Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Քրիստինե Մելքոնյանը, պատասխանեց. «Ոչ, չի նշանակում»

Հարցին՝ «Փաշինյանի հայտարարությունից հետո խորհուրդը խիզախություն կունենա՞, օրինակ, աշխատանքից ազատել Հանրային հեռուստաընկերության տնօրենին, Մելքոնյանն արձագանքեց. «Խորհուրդը գործում է բացառապես օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում»:

Սեպտեմբերի 27-ին Հանրային եթերում համերգի հեռարձակումից հետո ժամեր տևած հանրային զայրույթից հետո տեղի ունեցածին առաջինն արձագանքեց Թաթա Սիմոնյանը: Երգիչն իր ֆեյսբուքյան էջում կատարվածն անվանել է «արդարացում չունեցող կոպիտ սխալ»: Ադեն հաջորդ օրը Հանրային հեռուստաընկերությունը պարզաբանեց, թե հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և իրենք ամբողջությամբ ընդունում են դրա պատասխանատվությունը։



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG