Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի 6-րդ տարելիցին, Առաջին ալիքով Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները և համապատասխան միջոցներ կկիրառի պատասխանատուների նկատմամբ։
Խորհուրդն արձանագրել է, որ համերգի ցուցադրությունը հանրության շրջանում «արդարացի դժգոհության, քննադատության ու վրդովմունքի» պատճառ է դարձել։
«Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի կատարվածի հանգամանքները և իր լիազորությունների սահմաններում համապատասխան միջոցներ կկիրառի պատասխանատուների նկատմամբ՝ հետայսու բացառելու հանրության համար գերզգայուն թեմաների հանդեպ պատասխանատվության բացակայությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով մոտ երկու ժամ տոնական համերգի հեռարձակումը մեծ արձագանք էր առաջացրել համացանցում։ Նույն օրը Թաթա Սիմոնյանը կատարվածն անվանել էր «արդարացում չունեցող կոպիտ սխալ»՝ նշելով, որ համերգը հեռարձակվել է առանց իր հետ համաձայնեցնելու։
Հաջորդ օրը Հանրային հեռուստաընկերությունը ևս ընդունել էր սխալը և ներողություն խնդրել։ Այժմ Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտնում է, որ պատասխանատուների նկատմամբ միջոցներ կկիրառվեն։