44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում մոտ երկու ժամ տոնական համերգ էր, բեմում՝ Թաթա Սիմոնյանը: Մի կողմից «Եռաբլուրի» ծանր լռությունը, մյուս կողմից Հանրայինի եթերում հնչող ուրախ ռիթմերը բառացիորեն րոպեների ընթացքում համացանցում զայրույթի մեծ ալիք բարձրացրին:
«Ազգերը հաղթում ու պարտվում են, հաշտվում կամ թշնամանում։Ամենասարսափելին բարոյականության կորուստն է։ Ես չգիտեմ աշխարհի որևէ այլ պետություն ու «վերնախավ», որ իր համար կյանքը զոհած հազարավոր տղերքի հիշատակին այսպես վերաբերվի։ Ամոթ, հազար ամոթ ձեզ». «Սիվիլնեթ»-ի խմբագիր Կարեն Հարությունյանի այս գրառումը տարածել է մոտ 250 օգտատեր, իսկ մեկնաբանություններում մարդիկ ամոթանք են տալիս ոչ միայն Հանրայինի ղեկավարությանը, այլև երգչին։
Հրապարակախոս Գոռ Մադոյանն էլ գրում է. «Անկեղծ զարմանում եմ, թե սեպտեմբերի 27-ին ինչի վարչաֆեսթ չեն արել՝ նշելով «թոկ»-ից ազատման օրը։ Հոգ տանենք նվաստացմանը»:
Ժամեր տևած հանրային զայրույթից հետո տեղի ունեցածին առաջինն արձագանքեց Թաթա Սիմոնյանը: Երգիչն իր ֆեյսբուքյան էջում կատարվածն անվանել է «արդարացում չունեցող կոպիտ սխալ»:
Կեսգիշերն անց՝ երգչի այս գրառումից հետո էլ Առաջին ալիքով Թաթայի համերգը դարձյալ հեռարձակվեց: Զուգահեռ չէր դադարում նաև մարդկանց հոսքը դեպի «Եռաբլուր»։
Իսկ արդեն այսօր կեսօրին լռությունը խախտեց Հանրային հեռուստաընկերությունը։ Պարզաբանեցին, թե հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և իրենք ամբողջությամբ ընդունում են դրա պատասխանատվությունը։
«Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։ Ներողություն ենք խնդրում կատարվածի համար։
Վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար», - նշված է հայտարարությունում։
Թե պատերազմի տարելիցին համերգ հեռարձակելն ո՞ւմ սխալն էր, և ովքե՞ր են պատասխանատվություն կրելու դրա համար, տարածված պարզաբանման մեջ ոչ մի խոսք չկա։ Իսկ Հանրայինի բացատրությունը մարդկանց զայրույթը մեղմելու փոխարեն էլ ավելի բորբոքեց։
«Շատ տխուր բան է, պետք չէր էդ», - ասաց քաղաքացիներից մեկը:
«Էդքան զոհերի դիմաց տենց բան կարելի՞ է անել», - նշեց մեկ այլ քաղաքացի:
Հանրայինի աշխատանքը վերահսկող Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Խորհրդի նախկին անդամ Մերուժան Տեր-Գուլանյանի կարծիքով՝ Առաջին ալիքը գործում է պետական քաղաքականությամբ։ Նա պնդում է՝ հակառակ դեպքում ոչ միայն հեռուստաընկերության տնօրենը, այլև խորհրդի կազմն ամբողջությամբ պետք է հրաժարական տար։
«Հանրային ճնշում է պատճառը, որ ներողություն են խնդրում: Ես կարծում եմ, որ պետք է հրաժարական տան, որովհետև աղ լցնել ցավի վրա ու այդպես անտարբեր ու ցինիկ.... սարսափելի բան է: Չգիտեմ՝ ուրիշները ներում են, չեն ներում, ես չեմ ներում», - ասաց Տեր-Գուլանյանը:
«Քաղաքացիական պայմանագրի» որոշմամբ՝ Հայաստանում սգո օր է համարվում հունվարի 27-ը, ամսաթիվ, որը ոչ մի պատերազմի հետ կապ չունի: Իշխանավորները հենց այդ օրն են «Եռաբլուր» այցելում, հայտարարություններ անում: