Մատչելիության հղումներ

Առինջում Ծառուկյանի ընկերություններին հողերի օտարման դեպքերով քրեական վարույթներ են նախաձեռնվել. ՊՎԾ

Պետական վերահսկողական ծառայությունը հայտնում է, որ Առինջում օտարման ոչ ենթակա և կադաստրային արժեքի շուրջ 99․94 տոկոս նվազեցմամբ հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են «Բարրգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին:

ՊՎԾ-ն նշում է, որ արձանագրված դեպքերի առթիվ հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել Գլխավոր դատախազություն, և նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Ըստ հաղորդագրության, Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող, ինժեներական ենթակառուցվածքով՝ 700 մմ տրամագծով մայրուղային գազատարով ծանրաբեռնված, օտարման ոչ ենթակա 16․17 հա հողատարածքն աճուրդով վաճառվել է Ծառուկյանին պատկանող «Ավիասերվիս» ընկերությանը։

Խախտումներ են արձանագրվել նաև Առինջ համայնքում հողային պաշարների կառավարման, օգտագործման և տնօրինման գործընթացներում։

ՊՎԾ-ի տվյալներով՝ 2017 թվականին համայնքի սեփականություն հանդիսացող 11.2 հեկտար արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, 36.29 հեկտար բնակավայրերի և 28.96 հեկտար այլ բարձրարժեք հողատարածքների նպատակային նշանակությունը փոխվել է՝ դրանք դասակարգվել են որպես գյուղատնտեսական նշանակության արոտավայրեր։ Դրանց կադաստրային արժեքը ավելի քան 8 միլիարդ դրամից նվազել է մոտ 5.2 միլիոն դրամի՝ շուրջ 99.94 տոկոսով։

Այնուհետև հողատարածքները աճուրդով վաճառվել են 21 միլիոն 533 հազար դրամով՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ին։

Ըստ ՊՎԾ-ի՝ այդ գործարքները, սակայն, պետական գրանցում չեն ստացել, քանի որ խախտվել էր մեկ լոտով օտարվող հողամասի առավելագույն՝ 20 հեկտարի սահմանափակումը։ Ծառայության հաղորդմամբ՝ նոր աճուրդներ անցկացնելու փոխարեն փոփոխություններ են կատարվել նախկին աճուրդների արձանագրություններում և դրանց հիման վրա ընդունված համայնքի ղեկավարի որոշումներում։

Դրանից հետո, ըստ ՊՎԾ-ի, ենթադրյալ կեղծ փաստաթղթերի հիման վրա կնքվել են անշարժ գույքի աճուրդ-վաճառքի չորս պայմանագրեր, որոնց միջոցով իրականացվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և այն Ծառուկյանին պատկանող ընկերությանը փոխանցելու գործընթացը։

Իրավապահները Գագիկ Ծառուկյանին մեղադրանք են առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության, փողերի լվացման հոդվածներով, հետո էլ ավելացրին հարկերից խուսափելու մեղադրանքը:

Օգոստոսի վերջին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Դատախազության հայցը, որ պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի Առինջի առանձնատան հողատարածքի աճուրդը, որ 23 տարի առաջ է կայացել։ Մեկ այլ հայցով էլ Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյաններին պատկանող Առինջ մոլի հողատարածքի աճուրդը, որը 11 տարի առաջ է կայացել։

Ընդդիմադիր կուսակցության առաջնորդին կալանավորելուց հետո, նրան պատկանող ընկերություններից երկուսում՝ «Արարատցեմենտ» ու կոնյակի գործարաններում կառավարությունը իր կառավարիչներին է նշանակել, Ծառուկյանի սպորտային կենտրոնը քաղաքապետարանի ղեկավարմանն է անցել: Օլիմպիական կոմիտեի մարզաբազան դեռ փակ է:

Մինչ իշխանությունը վստահեցնում է, թե ապօրինի կուտակած ունեցվածքն է վերադարձնում պետությանը, Գագիկ Ծառուկյանի թիմակիցները սա քաղաքական հետապնդում են համարում։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG