Մատչելիության հղումներ

Ե՞րբ կբացվեն «Օլիմպավան»-ի դռները․ երկրորդ ամիսն է՝ անորոշություն

Մինչ «Օլիմպավան»-ի դռները փակ են, երեխաները մարզվում են բացօթյա, 16-ը հուլիսի, 2026թ.
Մինչ «Օլիմպավան»-ի դռները փակ են, երեխաները մարզվում են բացօթյա, 16-ը հուլիսի, 2026թ.

Ե՞րբ կբացվեն «Օլիմպավան»-ի դռները: Այս հարցը երկրորդ ամիսն է՝ տանջում է հարյուրավոր մարդկանց, ծնողների, որ պարտադրված վճարում են վարձը, բայց զրկված են պարապմունքներից: Ուսումնական տարին սկսվում է ու կատարյալ անորոշություն:

Քննչականը «Օլիմպավան»-ի դռները կապարակնքել է հիմնադիր Գագիկ Ծառուկյանին կալանավորելուն պես ու այդպես էլ չի բացում:

Սարգիս Զազյանը իր որդու պարապմունքների ամբողջ տարվա վարձն է վճարել, որ մոտ 200 հազար դրամ է: Տղան խառը մենամարտերի ակումբի մարզիկներից է ու երկու ամիս է զրկված է պարապմունքներից: Մարզիչների ջանքերով տարբեր դահլիճներում պարապմունքներ անում են, «բայց դրա համար չենք վճարել», զայրանում է մեր զրուցակիցը, որ որդուն Աշտարակից էր հասցնում «Օլիմպավան»:

«Ի՞նչ է եղել, որ այսքան ժամանակ է չեք կարողանում փորձաքննությունը ավարտեք, «Օլիմպավան»-ը բացեք, երեխաները գնան մարզվեն: Գագիկ Ծառուկյանին նեղություն եք տալիս, երեխաներին ինչի՞ եք նեղություն տալիս: Երեխաներն էլ ինչ-որ բան էն չե՞ն արել», - ասաց Սարգսի Զազյանը:

Ընդդիմադիր կուսակցության առաջնորդին կալանավորելուց հետո փակել էին նրան պատկանող մի շարք ընկերություններ: Նախընտրական քարոզարշավի օրերին վարչապետ Փաշինյանը սպառնում էր, որ նրան ունեզրկելու է: Ծառուկյանին կալանավորելուց հետո նրա «Արարատցեմենտ» ու «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու» գործարաններում կառավարիչներ նշանակեց կառավարությունը, իսկ մյուս՝ «Մուլտի Վելնես» սպորտային համալիրն անցավ Երևանի քաղաքապետարանի կառավարմանը: «Օլիմպավան»-ի ճակատագիրն անորոշ է:

Օլիմպավանում մեկ տասնյակից ավելի մարզաձևերի ակումբներ կան, հարյուրավոր երեխաներ են հաճախում: Այս մարզաբազայում են մարզվում նաև Հայաստանի օլիմպիական հավաքականները: Գարուշ Ավետիսյանը շատ ծնողների պես վարձը վարկով է ձևակերպել ու պարտավոր է բանկի օրացույցով վճարել: Վճարում է ու դրա դիմաց ոչինչ չի ստանում: Ո՞վ է սրա պատասխանատուն, «Ազատության» հետ զրույցում հարցնում են մոլորված ծնողները:

Երկրորդ ամիսն է՝ Քննչական կոմիտեն հրաժարվում է մեկնաբանել՝ ինչո՞ւ են կողպել այս սպորտային համալիրի դռները, ի՞նչ են փնտրում այնտեղ, ե՞րբ են բացելու ու ի՞նչ կապ ունի դա Ծառուկյանի քրեական գործի հետ: Գործարարը մեղադրվում է իրանցի գործարարներից 21 միլիոն դոլար հափշտակելու և փողերի լվացման համար:

Քննչական կոմիտեից այսօր էլ ասացին՝ «չենք մեկնաբանում»: Այստեղ 80-ից ավելի աշխատակիցներ կան, որ զրկված են աշխատավարձից: Մարդիկ վարկեր ունեն ու պատկան մարմինները ոչ մի հստակ տեղեկություն չեն հայտնում, «Ազատության» հետ զրույցում ասաց «Օլիմպավան»-ի տնօրեն Իշխան Սեդրակյանը:

Իշխան Սեդրակյանի համար էլ է անհայտ, թե երբ կվերաբացվի մարզաբազան: Բայց եթե սկսեն աշխատել, վճարված փաթեթների ժամկետները կերկարաձգեն, որ մարդիկ չտուժեն:

Ամիսներ շարունակ ծնողներն ու մարզիչները իրավապահներին ու կառավարությանը հորդորում են բացել մարզաբազայի դռները, մարզիկներին չզրկել պարապմունքներից, բայց նրանց չլսեցին: Խառը մենամարտերի աշխարհի առաջնությանը հայ պատանիները պատրաստվեցին Հրազդանի կիրճում ու առանձին փոքր դահլիճներում մարզվելով: Օրեր առաջ Աբու Դաբիից վերադարձան մեդալներով, բայց «Օլիմպավան»-ի դռները, որտեղ մարզում է այս ֆեդերացիան, դեռ ամուր փակված են:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG