Իրանի և Միացյալ Նահանգների փոխադարձ հարձակումների ֆոնին նավթի համաշխարհային գինն այսօր բարձրացել է և հատել 100 դոլարի շեմը:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները եվրոպական բորսաներում առավոտյան աճել են 2.2 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի համար 100.07 դոլարի: ԱՄՆ-ի West Texas Intermediate նավթի ֆյուչերսները աճել են 1.8 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի համար 94.73 դոլարի, հայտնում է Reuters-ը։
Brent տեսակի նավթի գինը վերջին անգամ 100 դոլարի շեմը հատել էր հուլիսի 24-ին:
Վերջին օրերին նավթի գները կտրուկ աճել են տարածաշրջանային լարվածության սրման և նավթի մատակարարման խափանումների վերաբերյալ մտահոգությունների ֆոնին։
ԱՄՆ-ն այսօր հայտարարել է, որ իրանական 5 լցանավ է ոչնչացրել, Իրանն էլ հայտարարել է, թե Հորմուզում 10 նավի է հարվածել, որից երկուսը՝ ամերիկյան: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հերքել է թե Իրանը ամերիկյան նավերի է հարվածել:
Երեկ էլ Եմենում Իրանի աջակցությունը վայելող հութի ուժերը հարձակվել էին Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող մի քանի քաղաքների և էներգետիկ օբյեկտների վրա՝ հրդեհելով նավթային օբյեկտներ և ժամանակավորապես խափանելով որոշ գործողություններ։ Ավելի քան 70 մարդ էր տուժել:
Իրանը փակ է պահում Հորմուզի նեղուցը, որտեղով պատերազմից առաջ փոխադրվում էր աշխարհում սպառվող նավթի ու բնական գազի մոտ 20 տոկսը: Հիմա ջրային այս կարևորագույն ուղիով սահմանափակ թվով նավեր են անցնում, ինչն իր հերթին նպաստում է նավթի գնի բարձրացմանը: