Մատչելիության հղումներ

Իրանը Ծոցում ԱՄՆ բազաների է հարվածել, սպառնում է ասիմետրիկ հարվածներով

Արխիվ
Արխիվ

Իրանի բանակը հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Քուվեյթում և Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների: Բանակի տարածած հաղորդագությունում նշվում է, որ գործողությունն իրականացվել է ի պատասխան ԱՄՆ զինուժի նախորդ հարվածների հետևանքով Իրանի կրած կորուստների:

Հարվածներ ԱՄՆ ուժերին և հետախուզությանն աջակցող օբյեկտներին

«Կայծակ» անունով գործողության ընթացքում իրանական զինուժը հարվածել է Քուվեյթում տեղակայված Ահմադ ալ-Ջաբեր բազայի արբանյակային կապի համակարգերին, սարքավորումների պահեստներին և կործանիչների անգարներին: Իրանական կիսապաշտոնական Tasnim գործակալությունը, հղում անելով բանակին, հայտնում է, որ վնասել են կապի համակարգերը և ինքնաթիռների պահեստները։

Բանակը նշել է, որ այս բազան «կարևոր դեր է խաղում» տարածաշրջանում ամերիկյան ուժերին և նրանց օդային ու հետախուզական գործողություններին աջակցելու գործում։

Իրանի զինված ուժերը նաև հարվածել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Մինհադ ավիաբազայում գտնվող զորքերի տեղակայման վայրերին և ռադարային համակարգերին: Բանակը հայտարարել է, որ այս օբյեկտը «օտարերկրյա ուժերի աջակցության և օդային շարժունակության կարևոր կենտրոն» է և զգուշացրել, որ եթե ԱՄՆ-ն կրկին հարվածի Իրանին, ապա ավելի «կոշտ և կործանարար» պատասխան կստանա:

Tasnim-ը նաև հաղորդել է, որ վերջին օրերին ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով իրանցի երեք օդաչու է սպանվել: Վաշինգտոնը դեռ չի մեկնաբանել իրանական կողմի այս հաղորդումները:

Թեհրանը սպառնում է ասիմետրիկ պատասխանել

Մինչ այդ Իրանից հայտարարում են, որ ԱՄՆ-ն իր գործողություններով փոխել է Թեհրանի անվտանգության և պաշտպանության հաշվարկները: Հետևաբար, զգուշացրել է առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը, Թեհրանի պատասխանն այսուհետ «ասիմետրիկ» կլինի:

«Այսուհետ մեր պատասխանը կլինի ասիմետրիկ, բազմաշերտ և կզրկի ագրեսորին անվտանգությունից: Ամերիկացիները պետք է սկսեն մտածել բենզինի և վառելիքի պաշարներ կուտակելու մասին: Ամերիկյան տնտեսությանը մռայլ ամիսներ են սպասվում»,- ասել է նա:

ԱՄՆ նախագահն էլ այսօր հայտարարել է, որ Իրանի դեմ վերսկսված ռազմական գործողությունները «շատ երկար» չեն տևի, սակայն Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նոր հարվածներ հասցնել։ Դոնալդ Թրամփը նաև պնդել է, որ լիովին վերահսկում են Հորմուզի նեղուցը և հետևում Իրանում ցանկացած շարժման:

«Մենք վերահսկել և վերահսկում ենք Հորմուզի նեղուցը։ Ամեն օր բազմաթիվ նավեր ենք դուրս բերում միլիոնավոր բարել նավթով։ Մեծ մասամբ դա անում ենք առանց խնդիրների։ Ժամանակ առ ժամանակ նրանք անօդաչու են արձակում, և մենք այն խփում ենք։ Բայց շատ ուժեղ վերահսկողություն ունենք»,- ասել է Թրամփը:

$1 մլրդ եկամուտ նավթից

ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված ռազմական գործողությունների ֆոնին նավթի գինը վերջին մոտ հինգ շաբաթվա ամենաբարձր մակարդակին է հասել: Brent տեսակի գինը մի պահ անցել է 97 դոլարը մեկ բարելի դիմաց, ապա կրկին իջել։

Չնայած ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, շարունակում է ռազմածովային շրջափակումը, Թրամփն էլ պնդում է, որ լիովին վերահսկում են Հորմուզի նեղուցը, կիսապաշտոնական Fars գործակալությունը հայտնում է, որ վերջին 11 օրում Իրանը նավթի վաճառքից ավելի քան 1 միլիարդ դոլարի եկամուտ է ունեցել: Գործակալությունը նշում է, որ լրացուցիչ եկամուտը կամրապնդի Կենտրոնական բանկի կարողությունը՝ բավարարելու երկրի արտարժույթի կարիքները։

Համացանցը վերահսկող նոր օրինագիծ

Ռազմական գործողություններին զուգահեռ մոտ 90 մլն բնակչություն ունեցող Իրանը շարունակում է ջանքերը՝ վերահսկելու համացանցը, որը պատերազմի ընթացքում անջատված էր մոտ 90 օր: Իսլամական հանրապետության օրենսդիրները մշակել են նոր օրինագիծ, որը ավելի է խստացնում երկրում առցանց գրաքննությունը և սահմանափակում ինտերնետի հասանելիությունը:

Նոր օրինագիծը նախորդի վերանայված տարբերակն է, որը մերժվել էր բուռն քննադատության արժանանալուց հետո։ Առաջարկվող տարբերակից դուրս են մնացել նախորդի ամենավիճահարույց դրույթներից մի քանիսը: Սակայն քննադատները նշում են, որ նպատակը նույնն է և նոր օրինագիծը կխստացնի ինտերնետի նկատմամբ պետական վերահսկողությունը: Դեռ պարզ չէ, թե երբ տեղի կունենա քվեարկությունը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG