ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «բացառիկ լավ վիճակում է» և պնդել, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի օգնությամբ գիշերը միջինը 30 նավ է անցնում ջրային այս կարևորագույն ուղով:
«Հորմուզի նեղուցը բացառիկ լավ վիճակում է։ Գիտեք, մենք այն վերցնում ենք վերահսկողության տակ», - Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է Դոնալդ Թրամփը:
«Ինչպես գիտեք, երեկ գիշերը Ռազմածովային ուժերի օգնությամբ շատ նավեր են անցել, և միջինը գիշերը 30 նավ է անցնում: Դա շատ է, և շատ նավթ է արտահանվում։ Ահա թե ինչու նավթի գինը չի նվազում այնքան, որքան նրանք էին ակնկալում», - հավելել է նա:
Թրամփի մեկնաբանությունները հնչում են ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների նոր սրացման ֆոնին։ ԱՄՆ-ն երեկ հայտարարեց, որ օգոստոսի 30-ին ամերիկյան ուժերը հարվածել են Հորմուզի նեղուցի Լարակ կղզում գտնվող իրանական երկու հրթիռային կայանքների։ Իրանն իր հերթին հայտարարեց, որ պատասխան հարվածներ է հասցրել Հորդանանում տեղակայված ամերիկյան բազաներին:
Թրամփը նաև Իրանը «ձախողված պետություն» է անվանել և պնդել, որ երկրում գնաճի մակարդակը հասել է 350 տոկոսի, կառավարությունն էլ չի կարողանում աշխատավարձ վճարել զինվորներին:
«Նրանք ձախողված երկիր են։ Նրանց մոտ գնաճը 350 տոկոս է։ Նրանք չունեն արժույթ։ Նրանք չեն վճարում իրենց զինվորներին։ Նրանց առաջնորդների մեծ մասը մահացել է։ Նրանց նավատորմը ոչնչացված է։ Նրանց օդուժը ոչնչացված է։ Նրանց հետախուզական հնարավորությունները գրեթե ամբողջությամբ ոչնչացված են», - ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ Իրանում ղեկավարության կառուցվածքն անորոշ է. «Ես չեմ կարծում, որ նրանք իրականում գիտեն, թե ով է իրենց առաջնորդը»։
Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահը զգուշացրել է, որ Իրանի դեմ հետագա ռազմական գործողությունները դեռ հնարավոր են։ «Դա չի նշանակում, որ մենք նրանց չենք հարվածի։ Տեսնենք, թե ինչ կլինի», - ասել է նա։
Reuters-ի փոխանցմամբ, սակայն, նեղուցով նավագնացությունը մնում է ցածր՝ մոտենալով հանգստյան օրերի ամենացածր մակարդակին։ Նավագնացության մշտադիտարկմամբ զբաղվող Kpler ընկերության տվյալներով՝ կարևորագույն այս ջրուղիով անցած մեկ օրում անցել է ընդամենը հինգ նավ, ինչը զգալիորեն ցածր է 10-օրյա միջին ցուցանիշից, որը կազմում է մոտ 14 նավ։