ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացվող տնտեսական պատերազմը ուղղված չէ միայն Իրանի դեմ, քանզի այն նաև վնասում է համաշխարհային ազատ առևտրին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բաղային։
Ինչպես տեղեկացնում է Al Jazeera-ն, լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ ԱՄՆ-ն պետք է պատասխանատվության ենթարկվի Իրանի դեմ իր «ագրեսիայի» և իրանցի ժողովրդի դեմ «հանցագործությունների» համար։
«Վերջին մի քանի օրերի ընթացքում երկիրը բախվում է Միացյալ Նահանգների կողմից շարունակական ռազմական ագրեսիայի և անօրինական գործողությունների, որոնք սկսվել են փետրվարի 28-ին՝ սիոնիստական ռեժիմի հետ համագործակցությամբ», - ասել է նա։
«ԱՄՆ տնտեսական պատերազմը հարկադրանքի և անօրինական միջոցառումների նոր ալիք է, որն ուղղված չէ միայն Իրանի, այլև միջազգային հանրության, ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների, երկրների ինքնիշխանության և ազատ առևտրի դեմ»,- հավելել է նա։
ԱՄՆ-ն ռազմածովային շրջափակում է սահմանել իրանական նավահանգիստների նկատմամբ, որպեսզի արգելի Իրանից նավթի արտահանումը: Անցած ամիս էլ Վաշինգտոնը հայտարարեց Իրանի դեմ տնտեսական նոր ու խստագույն պատժամիջոցների մասին, որոնց շրջանակում երրորդ երկրներին զգուշացվել է չհամագործակցել Իրանի հետ, այլապես նրանք ևս կհայտնվեն պատժամիջոցների տակ:
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նոր ղեկավարը հայտարարել է, որ Թեհրանը կհայտարարի Հորմուզի նեղուցից դուրս «արգելված գոտի» ստեղծելու մասին, որն ուղղված է այն նավերի դեմ, որոնք, ըստ Իրանի, փորձում են անցնել ջրային այս ուղիով առանց Թեհրանի թույլտվության:
Տնտեսական դժվարությունների բախվող Իրանի կառավարությունն այսօր հայտարարել է, որ բարձրացնում է բենզինի գինը այն սպառողների համար, որոնք ամսական ավելի քան 110 լիտր վառելիք են օգտագործում: