ԱՄՆ-ը չի պատրաստվում բանակցություններ վարել Իրանի հետ, քանի դեռ Թեհրանը չի դադարեցրել Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակումները, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Նրանք պետք է դադարեցնեն դա։ Ամեն ինչ այդքան պարզ է», - լրագրողներին ասել է Վենսը։
ԱՄՆ փոխնախագահն անդրադարձել է նաև Իրանում հարսանեկան արարողության ժամանակ բնակելի տան հարվածին։ Իրանական կողմի տվյալներով՝ զոհվել է առնվազն հինգ մարդ, շուրջ 70-ը վիրավորվել են։ Վենսի խոսքով՝ Վաշինգտոնը պարզում է հարվածի հանգամանքները։ ԱՄՆ զինվորականները հայտարարել են, որ տեղյակ են Իրանի հաղորդումներից՝ շեշտելով, որ խաղաղ բնակիչներին երբեք միտումնավոր թիրախ չեն դարձնում։
Վենսը միաժամանակ պնդել է, որ Իրանը փաստացի կորցրել է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը, և նեղուցով նավթի ու գազի փոխադրումների ծավալները գրեթե վերադարձել են հակամարտությունից առաջ եղած մակարդակին։
Չնայած Թեհրանի և Վաշինգտոնի միջև շարունակվող հարվածներին՝ ԱՄՆ փոխնախագահը ստեղծված իրավիճակը պատերազմ չի համարում։ «Ես սա պատերազմ չէի անվանի։ Հիմա ակտիվ փոխհրաձգություն չի ընթանում», - ասել է նա։
Իրանն այսօր հայտարարել է նաև Քուվեյթում և Արաբական Միացյալ Էմիրություններում ամերիկյան ռազմաբազաներին պատասխան հարվածներ հասցնելու մասին՝ դրանք ներկայացնելով որպես պատասխան հարսանեկան արարողության ժամանակ տեղի ունեցած հարվածին։