Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» հայտնում են, որ մեղադրանք է ներկայացվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ «Ազատությանը» հայտնեցին, որ Սերժ Սարգսյանին ձերբակալելու որոշում դեռ չկա։
«Երբ որ գործի նյութերը ստանամ, էն ժամանակ կխոսեմ, բան չեմ հասկանում»,- Հակակոռուպիցոն կոմիտեից դուրս գալիս ասաց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը :
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սերժ Սարգսյանը ևս Հակակոռուպցիոն կոմիտեում է:
Նույն քրեական վարույթի շրջանակում այսօր ավելի վաղ ձերբակալվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նրան որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Այս քրեական վարույթի շրջանակում բացի Ռոբերտ Քոչարյանից և որդուց, ձերբակալվել է ևս չորս անձ, նրանց անունները իրավապահները, սակայն, չեն հայտնում:
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար: Սեդրակ Քոչարյանին էլ մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու համար:
Քոչարյանի փաստաբան Ալեքսանդր Կուչուբաևն «Ազատությանը» հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է հիվանդանոց: Սեդրակ Քոչարյանին տանում են դատարան՝ կալանքի հարցը քննարկելու:
Ըստ նախաքննության՝ Ռոբերտ Քոչարյանը, «պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր մտերիմների հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր»։
Հակակոռուպցիոն կոմիտեն գույքի ծավալուն ցանկ է հրապարակել, որոնք, ըստ քննիչների, խախտումներ են օտարվել ու գնվել: Մասնավորապես, հաղորդագրությունում նշվում են «Փլեյ Սիթի» ժամանցի կենտրոնը, «Ֆաստ քարթ» ընկերությունը, «Կասկադ» համալիրի ձախ հատվածում գտնվող 2 հա հողամասը, Պարոնյան 8 հասցեի շենքը, Գեղարքունիքի մարզում գտնվող «Կապուտակ Սևան» հանգստյան համալիրը, «Արթ Բիլդ» ընկերությունը, «Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին պատկանող 29 հազար քմ հողատարածքն ու դրա վրա գտնվող 1700 քմ շինությունը, «Օրանժ Ֆիտնես» ակումբը, «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոնը, «Տոյոտա Երևան» ընկերությունը և այլն:
Ուսումնասիրվում են նաև նախկին նախագահի որդու անվամբ կատարված շուրջ 144 մլրդ դրամի, 309 մլն դոլարի, 77 մլն եվրոյի և 18 մլն ռուբլու փոխանցումները, ինչպես նաև Հայաստանում և արտերկրում գտնվող տասնյակ անշարժ գույքերի ձեռքբերման հանգամանքները։ «Գույքերի հնարավոր օտարումը կանխելու նպատակով դրանց նկատմամբ արգելանքներ կիրառելու գործընթաց է իրականացվում», - հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում Քոչարյանների տներում և նրանց հետ կապված ընկերություններում: Ռոբերտ Քոչարյանին ու ավագ որդուն վաղ առավոտյան էին տեղափոխել էին Հակակոռուպցիոն կոմիտե: