Այսօր առավոտյան Ուֆայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են հարձակվել:
«Ետ է մղվել անօդաչու թռչող սարքերի հերթական գրոհը Ուֆայի վրա: Խոցված անօդաչուի վայր ընկած բեկորներից արդյունաբերական գոտու տարածքում ծուխ է առաջացել», - հաղորդել է ռուսաստանյան Բաշկորտոստանի Հանրապետության ղեկավար Ռադի Խաբիրովը:
Ուկրաինական մոնիթորինգային ալիքները, մինչդեռ, Ուֆայի արդյունաբերական գոտում միանգամից մի քանի հրդեհների լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակում:
Բաշկորտոստանում շաբաթ օրը տեղական ժամանակով ժամը 9:35 օդային տագնապ է հայտարարվել, «Ռոսավիացիա»-ն էլ հաղորդել է Ուֆայի օդանավակայանի փակման մասին:
Astra հրատարակության վերլուծաբանը հրդեհի լուսանկարների և տեսանյութերի հիման վրա եզրակացրել է, որ սև ծխի երկու սյուն է բարձրանում «Բաշնեֆտ-Ուֆանեֆտեխիմ» նավթավերամշակման գործարանի վրա:
Astra-ի տվյալներով՝ այդ ձեռնարկությունը տարեկան վերամշակում է մինչև 8.2 միլիոն տոննա նավթ, ինչպես նաև թողարկում է շարժիչային վառելիք, նավթային կոքս, հեղուկացված գազ, ծծումբ և արոմատիկ ածխաջրածիններ:
Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա նախորդ հարձակումը տեղի էր ունեցել հունիսի 25-ին:
Ուկրաինայի զինված ուժերը պարբերաբար հարվածներ են հասցնում ռուսաստանյան նավթավերամշակման գործարաններին, ինչը Ռուսաստանում վառելիքային ճգնաժամի պատճառ է դարձել: