Մատչելիության հղումներ

ԵՄ-ն պարզաբանում է պահանջել Ռուսաստանից՝ Ռումինիայի օդային տարածքի խախտման համար

EU FLAG ILLUSTRATION
EU FLAG ILLUSTRATION

Եվրամիությունը Բրյուսելում կանչել է Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին՝ Ռումինիայի օդային տարածքը ռուսական անօդաչուների կողմից խախտելու կապակցությամբ։

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասի գրասենյակը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը՝ այն որակելով Ռումինիայի օդային տարածքի կանխամտածված խախտում և Ռուսաստանի կողմից իրավիճակի լուրջ սրում։

Բրյուսելի գնահատմամբ՝ նման քայլերը սպառնում են ԵՄ քաղաքացիների անվտանգությանը, տարածաշրջանային կայունությանը և հարևան երկրներին։

Կալասն առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ ինչպես Ռումինիայի օդային տարածք անօդաչուների ներխուժման, այնպես էլ Սլովյանսկում Լատվիայի պատվավոր հյուպատոսության շենքը վնասած ռուսական հարվածի համար։

Հուլիսի 27-ին Ռումինիան հայտարարել էր Բուխարեստում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին արտաքսելու մասին, իսկ դեսպանը հետ էր կանչվել Մոսկվա՝ խորհրդակցությունների։ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան պատասխան քայլ կձեռնարկի։

Ռումինիայի իշխանությունների փոխանցմամբ՝ հուլիսի 24-ից 26-ը երկրի օդային տարածք երեք անօդաչու է ներխուժել։ Դրանք խոցվել են ռումինական F-16 կործանիչներով։ Սա առաջին նման դեպքն է Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Հետաքննությամբ պարզվել է, որ խոցված անօդաչուներից մեկը ռուսական «Շահեդ» էր, մյուս երկուսի ծագումը ևս, ըստ իշխանությունների, ամենայն հավանականությամբ ռուսական է։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ միջադեպի բոլոր հանգամանքները հնարավոր կլինի պարզել միայն բոլոր կողմերի մասնակցությամբ մանրամասն քննությունից հետո։

XS
SM
MD
LG