Մատչելիության հղումներ

Ռումինիայի երկնքում ԱԹՍ է խոցվել՝ առաջին անգամ Ուկրաինայում պատերազմից ի վեր

Ռումինիա, Գալաց։ ԱԹՍ-ի հարվածից հետո բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի վայրում։ Արխիվ
Ռումինիա, Գալաց։ ԱԹՍ-ի հարվածից հետո բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի վայրում։ Արխիվ

Առավոտյան F-16 կործանիչը Ռումինիայի երկնքում խոցել է անօդաչու թռչող սարք, որն ավելի վաղ է մուտք գործել երկրի օդային տարածք, հայտնել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը՝ ընդգծելով, որ կործանիչը ղեկավարել է ռումինացի օդաչուն։

Ինչպես գրել է Դանը, ԱԹՍ-ն թռչում էր անմարդաբնակ տարածքի վրայով, «ուստի օդաչուն կարող էր կրակ բացել՝ առանց որևէ ռիսկի»։

Այժմ ուսումնասիրվում է բեկորների ենթադրյալ անկման վայրը։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում, ինչպես նաև հայտնի չէ, թե ում էր պատկանում անօդաչու թռչող սարքը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտնել էր Ռումինիայի հետ սահմանակից Օդեսայի մարզի նավահանգիստներին գիշերային հարվածների մասին։

Անօդաչու թռչող սարքերը նախկինում ևս բազմիցս խախտել են Ռումինիայի օդային տարածքը։ Մայիսի վերջին, ինչպես պնդում էին երկրի իշխանությունները, ռուսական ԱԹՍ-ն բախվել էր Գալաց քաղաքում գտնվող բազմահարկ շենքին, որի հետևանքով բնակարաններից մեկում հրդեհ էր բռնկվել։

Սակայն սա առաջին դեպքն է, երբ անօդաչու թռչող սարք է խոցվել երկրի տարածքի վրա։ Ռումինիայում տեղակայված է ՆԱՏՕ-ի ավիաբազա, իսկ երկրի ռազմաօդային ուժերը սպառազինված են F-16 կործանիչներով։


XS
SM
MD
LG