Մատչելիության հղումներ

Մոսկվան անընդունելի է համարում Ռումինիայից իր դիվանագետի արտաքսումը՝ ԱԹՍ-երի խոցման դեպքից հետո

ՌԴ դեսպանությունը Բուխարեստում, արխիվ
ՌԴ դեսպանությունը Բուխարեստում, արխիվ

Ռուսական անօդաչուների՝ Ռումինիայի օդային տարածքը խախտելու վերաբերյալ բողոքով երկրի արտգործնախարարություն կանչված Ռուսաստանի դեսպանը անընդունելի է համարել Մոսկվային ուղղված մեղադրանքները և ՌԴ դեսպանության դիվանագետներից մեկի արտաքսումը, ռուսական TACC-ի փոխանցմամբ՝ հայտնել են դեսպանությունից։

«Որևէ ապացույց չի ներկայացվել, որ անօդաչուները Ռուսաստանին էին պատկանում։ Թռիչքի տեխնիկական պարամետրերի վերաբերյալ հարցերից որևէ մեկին պատասխան չի տրվել», - ասվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Լիպաևն ընդգծել է, որ Ռուսաստանը երբևէ չի թիրախավորել ռումինական օբյեկտները։

Նախօրեին ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Բուխարեստի «ոչ-բարեկամական քայլերը պատշաճ պատասխան կստանան»։

Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հուլիսի 26-ին հայտարարեց F-16 կործանիչով երկրի օդային տարածքում երեք օրում երեք ռուսական անօդաչու խոցելու մասին։

Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը հայտարարել էր. «Անթույլատրելի է, որ Ռուսաստանը շարունակի խախտել Ռումինիայի օդային տարածքը, որը միաժամանակ ՆԱՏՕ-ի և Եվրամիության օդային տարածք է»։

Ռումինիան Ուկրաինայի հետ 650 կիլոմետր երկարությամբ ցամաքային սահման ունի, և ռուսական ԱԹՍ-երը բազմիցս խախտել են երկրի օդային տարածքը, սակայն մինչև ուրբաթ անօդաչու խոցելու դեպք չէր եղել:

XS
SM
MD
LG