Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, պատգամավորներին մանդատներ տրամադրելուց հետո, արտահերթ նիստ էր գումարել՝ քննարկելու Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատություն զրկելու պահանջով:
Չնայած նիստը դռնբաց անցկացնելու Նարեկ Կարապետյանի փաստաբանների միջնորդությանը՝ քննությունը տեղի ունեցավ դռնփակ: Նիստը կշարունակվի վաղը կեսօրին, որոշում դեռ չկա:
Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնեց, որ Նարեկ Կարապետյանին առնչվող քրեական գործը վերաբերում է «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ալեքսան Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին:
Ալեքսանյանին մեղադրում են հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Ըստ Քննչական կոմիտեի՝ լինելով «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» հասարակական կազմակերպության հիմնադիրն ու ղեկավարը, 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսը ձևական աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու՝ նրանց ներգրավելով Սամվել Կարապետյանի աջակիցների, «Մեր ձևով» ՀԿ-ի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպած հավաքներին ու ցույցերին։ Ըստ իրավապահների՝1400 մարդկանցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում: ՔԿ-ի փոխանցմամբ՝ հարցաքննվել է շուրջ 500 անձ:
Սամվել Կարապետյանն այս գործը համարում է իր թիմի դեմ հերթական ապօրինությունը:
«Իրականության, իրավունքի, օրենքի, նույնիսկ տրամաբանության հետ կապ չունի այս միջնորդությունը և հնարավոր մեղադրանքը», - ասաց փաստաբանը և պնդեց՝ այն ամբողջությամբ քաղաքական է:
Թեև միջնորդությունը ԿԸՀ էր ներկայացվել դեռ հուլիսի 13-ին, այն քննվում է միայն այսօր՝ պատգամավորներին մանդատներ տրամադրելուց հետո։ Նարեկ Կարապետյանը ևս այսօր ստացավ պատգամավորական մանդատը։
«Սահմանադրական դատարանը, երբ իր որոշումը կայացրել էր 2021 թվականի դեկտեմբեր ամսին, հստակ արձանագրել էր, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից սկսած անձը չի կարող լինել անազատության մեջ։ Ոչ թե օգտագործվել էր լիազորությունների ստանձնում եզրույթը, այլ պատգամավորի կարգավիճակ եզրույթը։ Պատգամավորի կարգավիճակը տրվում է վկայականով և համապատասխան արձանագրությամբ։ Հետևաբար կարգավիճակը այլևս այս պահից սկսած՝ 15:30-ից սկսած, հստակ է։ Հետևաբար ինչպե՞ս կարող է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անձի անձնական ազատությանը վերաբերող հարց քննի», - ասաց Արամ Վարդևանյանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, մինչդեռ, ասուլիսում պարզաբանեց. «Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասը պահանջում է, որ մինչև պատգամավորի լիազորությունները ստանձնելը ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԿԸՀ համաձայնությամբ: Այս ձևակերպումը նաև արձանագրված է Սահմանադրական դատարանի 22 թվականի, եթե չեմ սխալվում, մարտին կայացված 1644 որոշման մեջ, որտեղ Սահմանադրական դատարանը այս միջակայքի համար, այսինքն, ընտրված պատգամավորի, բայց լիազորությունները չստանձնած իրավիճակում պահանջում է, որպեսզի քրեական հետապնդման հարուցումը, ազատությունից զրկելու գործընթացը կարող է տեղի ունենալ միայն ԿԸՀ որոշմամբ: Այդ որոշումները պետք է ընդունվեն 2/3-ով»:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ևս Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման նշված դրույթը հստակ մեջբերելու եմ և նաև խնդրելու եմ, որ Նարեկ Կարապետյանը, Ազգային ժողովի պատգամավորի վկայականը ուշադրությամբ ուսումնասիրի դատախազության ներկայացուցիչը. Այդ պայմաններում ինչպե՞ս պետք է պնդում կատարեն անձի ազատության իրավունքի սահմանափակման: Սահմանադրական դատարանի որոշումը սևը սպիտակի, առանց նույնիսկ իրավական գիտելիքների, պարզությամբ գրված է, որ եթե անձը ձեռք է բերել Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ, ոչ թե լիազորությունների ստանձնում, այլ կարգավիճակ չի կարող լինել անազատության մեջ, բացառությամբ Ազգային ժողովի կողմից համապատասխան համաձայնություն», - ասաց Վարդևանյանը։
Նարեկ Կարապետյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով չէր ներկայացել: