Մատչելիության հղումներ

Խուզարկություններ՝ Ծառուկյանի տանը և բիզնեսներում. ԲՀԿ առաջնորդը ձերբակալվեց, կալանքի միջնորդություն կներկայացվի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին ձերբակալեցին և տարան Քննչական, այնտեղից էլ տանելու են դատարան, որտեղ կալանքի միջնորդություն են ներկայացնելու: Այս մասին լրագրողներին հայտնեց փաստաբան Երեմ Սարգսյանը:

«Մեղադրանքները մի քիչ շատ ծիծաղալու և աբսուրդային են՝ խարդախության օժանդակություն և փողերի լվացման օժանդակություն», - ասաց փաստաբանը:

«Մենք շատ մանրամասներ հիմա չենք ներկայացնի, բայց ընդհանուր առմամբ էնտեղ, որտեղ Ծառուկյանը կամ նրա հետ որևէ կերպ փոխկապակցված ընկերությունը պետք է ճանաչվեր տուժող, էս դեպքում իրեն վերածել են մեղադրյալի», - նշեց Սարգսյանը:

Ըստ փաստաբանի՝ «հայ-իրանական համատեղ առևտրային պալատ է ստեղծվել, Ծառուկյանը փորձել է նպաստել, որպեսզի Հայաստան-Իրան հարաբերությունները լուրջ զարգանան առևտրային, և էս առումով նաև պետական մակարդակով էնտեղից թույլտվություններ են տվել իրենց կազմակերպություններին, որ գան էստեղ մասնակցեն, և հիմնվի էդ համագործակցության համար համապատասխան կազմակերպությունները, այսինքն՝ լուրջ ներդրում է արել միջպետական հարաբերությունների զարգացման առումով, բայց էդ ընթացքում Իրանի որոշ քաղաքացիներ որոշակի չարաշահումներ են թույլ տվել»: «Դրա հետ կապված՝ նաև էստեղ հաղորդումներ կան ներկայացված նրանց դեմ, բայց քանի որ իրենք էլ, օգտվելով իրեց հնարավորություններից, Իրանում են համապատասխան հաղորդումներ տվել, էնտեղի նյութերը ուղարկել են էստեղ, և չգիտենք ինչի մեր իրավասու մարմինները պետական հիմք են ընդունել իրանական կողմի որոշակի նյութեր և դրա հիման վրա որոշել են, որ պետք է Ծառուկյանին վերածեն մեղադրյալի՝ էն դեպքում, երբ որ էստեղ նրա մասնակցությամբ կազմակերպությունը պետք է տուժող ճանաչվեր», - ասաց Երեմ Սարգսյանը:

«Ձերբակալել են դատարան ներկայացնելու համար, ըստ էության, հիմա մենք կշարժվենք քննչական մարմին, ու հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը կներկայացվի պարոն Ծառուկյանին», - ասաց փաստաբան Էմին Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է խուզարկություններին, Խաչատրյանը նշեց. - «Ճիշտն ասած՝ ինչ որ փնտրում էին, ու գործին վերաբերելու որևէ նյութ չեն վերցրել, ըստ էության, իսկ մնացած ինչ որ վերցրել են, վերցրել են ապօրինի, դրա մասին հայտարարությունները մեր կողմից կատարվել են, ու հետագայում բողոքարկման պրոցեսներ կսկսվեն»:

«Մենք ասենք թե չասենք քաղաքական՝ բոլորդ տեսել եք, թե ինչպես է հրապարակային հանձնարարվել, թե ինչ պետք է արվի Ծառուկյանի հետ կապված, նրա գույքերի հետ կապված, ունեցվածքի հետ կապված: Այսինքն՝ դա պարբերաբար ասվել է, ընդ որում՝ ասվել է, հիմա էլ ասում են՝ «ասեցինք ու արեցինք», - ընդգծեց Երեմ Սարգսյանը:

«Այսինքն՝ ինչ է ստացվում. ստացվում է, որ բոլոր քննչական մարմինները, հարկային մարմին, Դատախազություն՝ բոլորը սպասում էին, որ էսօր նույն ժամին, բոլորը միաժամանակ սկսեին գործողություններ կատարելը: Այսինքն՝ սա ուղիղ նշանակում է, որ մի կետից հրահանգ է եղել, այլապես 19 թվականին, 20 թվականին, 22 թվականին, 24 թվականին հարուցված ինչ-որ գործերով էսօր չէր որոշվի, որ միանգամից, տարբեր մարմինների վարույթներում գտնվող բոլորը միանգամից ակտիվանում են», - հավելեց փաստաբան Սարգսյանը:

Արդեն մի քանի ժամ է Քննչականում գործողությունները շարունակվում են. ՔԿ են տարվում բազմաթիվ համակարգիչներ: Դրսում հավաքվել են Գագիկ Ծառուկյանի աջակիցները:


Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց

Քննչականը հայտնում է, որ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով «փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում»:

«Ըստ քրեական վարույթում առկա տվյալների, Գ.Ծ.-ի կազմակերպմամբ և ղեկավարմամբ գործող հանցավոր խմբի անդամները Իրան-Հայաստան առևտրային կապերը զարգացնելու նպատակով ԻԻՀ քաղաքացի հանդիսացող անձանց հետ ձեռք են բերել համապատասխան պայմանավորվածություններ, որոնց շրջանակում հիմնել են նաև համատեղ իրավաբանական անձինք։ Այնուհետև, Իրան-Հայաստան լոգիստիկ բեռնափոխադրման կապ ստեղծելու քողի ներքո, գործելով խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ՝ ԻԻՀ-ում ձեռնարկատեր հանդիսացող մի շարք անձանց կողմից ղեկավարվող և այնտեղ գործունեություն ծավալող ընկերություններից ձեռք են բերել և Հայաստանի Հանրապետություն են ներմուծել 52 միավոր տրանսպորտային միջոցներ, տեխնիկաներ, վառելիք և տարբեր տեսակի ապրանքներ, ապա ներկրումները քողարկելով տնտեսական գործունեություն ծավալելու ձևական դրսևորումներով, կեղծել են ներմուծման մաքսային հայտարարագրերը և պաշտոնական այլ փաստաթղթեր, նախապես առաջացած դիտավորությամբ հափշտակել են ընդհանուր 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամ արժողության գույքերը», - մասնավորապես ասված է հաղորդագրությունում: Այնուհետև, ըստ Քննչականի, «ապրանքների հափշտակությունից հետո ՀՀ ներմուծման փաստաթղթերը կեղծելու, դրանց մի մասը նաև կեղծ փաստաթղթերի հիման վրա օտարելու եղանակով քողարկել են խարդախությամբ հափշտակված տրանսպորտային միջոցների և մյուս ապրանքների հանցավոր ծագումը, փոխակերպել և վաճառքից առաջացած գումարները միախառնել են իրենց այլ եկամուտներին՝ թաքցնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի և դրամական միջոցների իրական ծագման բնույթը՝ դրանց տալով օրինական տեսք»:

Բացի այդ, ըստ հաղորդագրության, «Գ.Ծ.-ն հանդիսանալով ՀՀ-ում պետական գրանցում ստացած ՍՊ ընկերության իրական շահառու, վառելիքի ներկրմամբ և վաճառքով զբաղվող Ռ.Կ.-ի հետ գալով նախնական հանցավոր համաձայնության, կազմակերպել և ղեկավարել է վերջինիս կողմից վառելիքի ներկրման գործարքի շրջանակում ԻԻՀ քաղաքացի Յ.Ի.-ից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով՝ 934 հզր 465 ԱՄՆ դոլար գումարի հափշտակությունը»:

Քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը կազմակերպելը), 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը կազմակերպելը), հանցավոր խմբի անդամներից մեկի նկատմամբ՝ 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), հանցավոր խմբի մյուս անդամի նկատմամբ՝ 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։

«Առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձանապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի առթիվ գլխավոր վարչությունում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների նախաքննության շրջանակում ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՊԵԿ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ 70-ից ավելի հասցեներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, առարկաներ, այդ թվում՝ հափշտակված տրանսպորատային միջոցները», - փոխանցում է Քննչականը:

Ծառուկյանը և ևս մեկ անձ ձերբակալվել են՝ դատարան ներկայացնելու նպատակով, «հանցավոր խմբի մյուս անդամի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում», - ասված է հաղորդագրությունում:


Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի շենքը կապարակնքվել է. Տոնոյան

Անդրադառնալով «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գործող ընկերություններում կատարվող խուզարկություններին՝ ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց, որ «Արարատցեմենտ»-ում, «Մուլտի Վելնես»-ում, Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատում, «Մուլտի Սթոուն»-ում խուզարկություններն ավարտվել են: Խուզարկություններն ավարտվել են նաև «Օլիմպավան»-ում և Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեում:

Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի շենքը, Գագիկ Ծառուկյանի խոսնակի փոխանցմամբ, կապարակնքվել է, դադարեցվել է գործունեությունը: «Սա միջազգային մակարդակի խայտառակություն է, վնաս է հասցվում Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը, որովհետև նման նախադեպ քաղաքակիրթ աշխարհում որ դադարեցվի ազգային օլիմպիական կոմիտեի գործունեությունը և կապարակնքվի վարչական շենքը չի եղել», - ընդգծեց Տոնոյանը:

Տոնոյանը հայտնեց, որ կապարակնքվել են նաև «Արարատցեմենտ» գործարանը, Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը, կոմբինատի հարևանությամբ գտնվող ադմինիստրատիվ շենքը, «Մուլտի Սթոուն» ընկերությունը, որի տնօրենը նաև հրավիրվել է հարցաքննության:

«Ադմինիստրատիվ շենքում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գրասենյակներն են գտնվում, հաշվապահությունը: «Օլիմպավան»-ում դեռ գործողությունները շարունակվում են: Այդտեղ ունենք ուրիշ խնդիր, որովհետև ԱՄՆ ըմբշամարտի հավաքականն էր մարզվում, UFC-ի վարկածով աշխարհի չեմպիոն ունեինք, ով մարզումներ էր անցկացնում: Այս մասով ևս լրջագույն խնդիր է առաջացել, որովհետև իսկապես երկրի հեղինակության մասին ենք խոսում», - հայտարարեց նա:

Կապարակնքված հիմնարկներից բոլոր աշխատակիցները դուրս են բերվել, այդ թվում նաև անվտանգության աշխատակիցները, ինչն, ըստ Իվետա Տոնոյանի, անվտանգային առումով «լրջագույն խնդիրներ կարող է առաջացնել»:

«Դրանց մի մասը գործարաններ են, որոնք արտադրությամբ են զբաղվում, կան պայթյունավտանգ նյութեր, այդ առումով լուրջ խնդիրների կարող են հանգեցնել: Մեր իրավաբաններն արդեն զբաղվում են, որպեսզի մենք դրա հետ կապված բողոքարկման գործընթաց սկսենք», - հավելեց նա:

Տոնոյանը նաև տեղեկացրեց, որ ԲՀԿ առաջնորդի ընտանիքին պատկանող «Փարավոն» համալիրից մոտ 600 անձի են դուրս բերել, որոնց թվում նաև օտարերկրյա հյուրեր են եղել:


ԲՀԿ-ն «քաղաքական» է որակում գործընթացը

«Ազատության» հարցին ի պատասխան՝ Ծառուկյանի խոսնակն այս գործընթացը որակեց քաղաքական, պնդեց՝ «իրավապահները գործում են Նիկոլ Փաշինյանի հրահանգով»: Նրա համոզմամբ՝ տեղի ունեցողը կապ ունի վարչապետի՝ նախընտրական և հետընտրական փուլերում արված հայտարարությունների հետ:

«Մենք բոլորս հասկանում ենք, որ այս գործընթացը, կոնկրետ ֆիզիկական հաշվեհարդարների, տնտեսական հաշվեհարդարների, քաղաքական հաշվեհարդարների վերաբերյալ սպառնալիքները հատկապես ակտիվացան նախընտրական ժամանակահատվածում», - ընդգծեց Իվետա Տոնոյանը:

Նիկոլ Փաշինյանը թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական փուլում պարբերաբար ամենակոշտ բառապաշարով սպառնացել է իր գլխավոր ընդդիմախոսներին՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, զգուշացրել, որ նրանք անպայման հայտնվելու են բանտում:

Ծառուկյանի խոսնակը տեղեկացրեց, որ իրավաբանները և իրենց փաստաբանական թիմը քննարկում են հնարավոր գործողությունները, որ կիրականացվեն այս, իր բնորոշմամբ, «ապօրինություններից» հետո:

Երեկոյան Ծառուկյանին առանձնատան մյուս մուտքով տարան իրավապահները:

Կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Հաղորդագրություն տարածեց նաև Երևանի քաղաքապետարանը՝ տեղեկացնելով, որ քննչական գործողությունների ընթացքում իրենց առաջարկով «մասնավոր առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի»։

«Կենդանիները կգտնվեն մասնագետների հսկողության և խնամքի ներքո», - վստահեցնում են քաղաքապետարանից:

ՔԿ-ն հայտնում է, որ վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել կենդանաբանական այգի։

Ըստ հաղորդագրության, ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 մլն դրամի վնաս:

Ծառուկյանի առանձնատանը պահվող մյուս կենդանիները նախատեսվում է առգարվել և պատասխանատու պահպանությանը հանձնել հաջորդող օրերին:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Գլխավոր դատախազությունն ավելի վաղ դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ:

ԿԸՀ-ից «Ազատությանը» փոխանցել էին, որ միջնորդությունը կքննարկեն Սահմանադրական դատարանում ընտրական վեճի քննությունից հետո՝ «պայմանավորված աշխատանքային ծանրաբեռնվածությամբ»:

Ավելի վաղ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ու մեղադրանք առաջադրվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար:

Դեռևս խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատ ցեմենտի» գործարանը պետականացնելու մասին, այնուհետև շարունակել էր այդ ցանկը՝ հասնելով Ծառուկյանի առանձնատանը: Վարչապետն իր քաղաքական մրցակցի գործարանը համարում էր նրա «բիզնես ողնաշարը», «մաֆիա» էր անվանում Ծառուկյանին ու նրա խնամիներին և սպառնում, որ շատ արագ կլուծվի գործարանում ժամանակավոր կառավարիչ նշանակելու հարցը՝ այնպես, ինչպես եղավ մյուս մրցակցի՝ Սամվել Կարապետյանի էլցանցերի դեպքում: ԲՀԿ առաջնորդն էլ պատասխանել էր, թե «իրեն դրանով չեն վախեցնի»:

Գլխավոր դատախազությունն էլ հայտարարել է, թե 2000-ականների սկզբին «Արարատ ցեմենտի» գործարանը խախտումներով է մասնավորեցվել:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG