Այս ընտրությունների ֆավորիտը համարվող չորս ուժերի առաջնորդներն այսօր քվեարկեցին միմյանցից մոտ կես ժամ տարբերությամբ՝ մինչև օրվա առաջին կեսը։
Նախ ընտրատեղամաս եկավ Նիկոլ Փաշինյանը՝ միայնակ, «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդանշան՝ Հայաստանի նարնջագույն քարտեզը կրծքին, թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ էր հորդորել «ուշադիր լինել հագուստի հարցում, որպեսզի այն որևէ կերպ չասոցացվի ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի հետ»։
«Ժողովուրդը ընտրությունը կատարելիս պետք է առաջնորդվի պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը և երեխաների հեղափոխությանը տեր կանգնելու անհրաժեշտությամբ», - հայտարարեց գործող վարչապետը:
Արդեն ութ տարի Հայաստանը միանձնյա ղեկավարող Փաշինյանը պնդեց՝ պատրաստ է ցանկացած, այդ թվում՝ ընդդիմության շարքերը վերադառնալու սցենարին. - «Ասեցի՝ ժողովուրդը ինչ որոշի, էն էլ կանեմ»:
«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանն ընտրատեղամաս եկավ իրավապահների ուղեկցությամբ։ Տնային կալանքի տակ գտնվող մեծահարուստ գործարարը քվեաթերթիկները վերցնելիս որոշեց ընտրության մասին հրապարակավ խոսել. - «Ես որոշել եմ 16-րդին՝ մի հատ ձայն ունենա գոնե ինձնից»:
«Իսկ եթե ընդդիմությունը չհաղթի, ի՞նչ ծրագրեր ունեն» հարցին Կարապետյանն արձագանքեց՝ պատրաստ են ընդունել ժողովրդի ցանկացած որոշում. - «Իշխանափոխության այլ սցենարը կախված է հայ ժողովրդից, ես ինչպե՞ս կարող եմ ունենալ այլ պլան: Հայ ժողովուրդը ինչպես կորոշի, այդպես էլ կորոշի: Այսինքն՝ եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, չնայած դրա հնարավորությունը ձգտում է զրոյի, բայց հայ ժողովուրդը եթե կհամակերպվի, ուրեմն կհամակերպվենք»:
Երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կրկնեց՝ ընդդիմությունից ով շատ ձայներ ստանա, նա էլ կառաջադրի վարչապետի թեկնածու։ Ի տարբերություն Սամվել Կարապետյանի, սակայն, առավել ռադիկալ հայտարարություններով հայտնի Քոչարյանը չբացառեց՝ կլինեն հետընտրական զարգացումներ:
«Եթե Փաշինյանը պարտվի, այնուամենայնիվ, հեշտ կթողնի՞ իշխանությունը և կգնա՞, ինչպես ինքն է ասում՝ «եթե ժողովուրդը որոշի, ես կհեռանամ», - այս հարցին նախկին նախագահն արձագանքեց. - «Եթե չգնա, շատ վատ ա ավարտելու ինքը, շատ վատ»:
«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր նախընտրած վարչապետի թեկնածուի անունը քվեարկության օրն էլ չբացահայտեց։ Կրկնեց՝ չի ընկճվում իշխանության հայտարարություններից, թե ապօրինի է հարստացել և կարող է զրկվել կարողությունից։
«Ով ինչ ուզում ա անի, ամենակարևորը ես մի բան գիտեմ՝ Աստված պետք է կամենա, Աստծո կամոք», - հայտարարեց Ծառուկյանը:
Ընտրություններում սեփական հաղթանակի կանխատեսումներին զուգահեռ՝ չորսն էլ խոսեցին Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումից։ Փաշինյանը պնդեց, թե քվեարկությունից հետո կմեկնի ավանդական դաշնակից երկրներ՝ Մոսկվա, Բրյուսել, Վաշինգտոն, և ոչ միայն. - «Ասել եմ, որ հուսով եմ, որ նաև հնարավորություն կունենամ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին Բաքվում»:
«Ռուսաստանի հետ հարաբերություններոմ ճգնաժամ չկա, այդ պնդումներն արհեստական են», - հայտարարեց Փաշինյանը՝ վերջին օրերին հայկական ապրանքների ներմուծումն արգելող ռուսական որոշումների ֆոնին։ Կրկնեց՝ ինքը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ շատ սերտ կապեր ունի:
«Հայաստանում գործող որոշ ուժեր իրենք փորձում են լարվածություններ ստեղծել Հայաստան - Ռուսաստան հարաբերություններում, էդ լարվածությունները չեն ստեղծվում այն պարզ պատճառով, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մենք ունենք շատ սերտ հարաբերություններ», - պնդեց Նիկոլ Փաշինյանը:
Մինչ գործող վարչապետը ուղղում էր լրագրողներին, թե Ռուսաստանի կողմից պատժամիջոցներ չկան, և ձեռնարկված քայլերը սովորական բնույթ են կրում, նրա կառավարությունում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հենց պատժամիջոց բառն էր կիրառում։
«Տեսանք նաև որոշակի ուղղորդման փորձեր, տեսանք տնտեսական սանկցիաներ՝ չգիտեմ ծաղիկներ, մրգերի, բանջարեղենների, «Ջերմուկ»-ի հարցեր, որը որ, ասենք, ուզես թե չուզես՝ որոշակիորեն մտքիդ մեջ կապում ես ընտրությունների հետ», - ասաց Արարատ Միրզոյանը:
Թե՛ Փաշինյանը, թե՛ Միրզոյանը, միաժամանակ, վստահեցնում էին՝ ընտրություններից հետո կարող են այս հարցերը հեշտությամբ լուծել. Հայաստանին Եվրասիական տնտեսական միությունից դուրս թողնելու տարբերակ չկա:
Եվրասիական տնտեսական միությունում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով, և Հայաստանի Հանրապետությունն էլ, հետևաբար, ունի նաև վետոյի իրավունք», - ասաց գործող վարչապետը:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մինչդեռ, կրկնեց՝ եթե անգամ ընթացակարգ չկա, դա Ռուսաստանին չի խանգարելու։
«Իսկ կա՞ ընթացակարգ ՀԱՊԿ-ում սառեցնելու անդամակցությունը, չկա՛ ընթացակարգ: Բայց ինքը համարեց, որ ինքը կարող է սառեցնել: Արե՞լ է: Հիմա պատկերացրեք հետևյալը. Ռուսաստանի Դաշնությունը սառեցնում է բոլոր հարաբերությունները Հայաստանի հետ, տնտեսական կապերը սառեցնում է Հայաստանի հետ: ... Իսկ հիմքեր ա պե՞տք: Վաշինգտոնին հիմքեր ա պետք՝ անել այն, ինչ անում է որտեղ ուզո՞ւմ է», - ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը:
Քոչարյանը թերահավատ էր նաև Բրյուսելից հնչող հայտարարությունների հարցում, թե Հայաստանին աջակցելու համար ֆինանսական օգնություն ու արտոնյալ պայմաններ կտան։ «Հեքիաթներ են»,- ասաց նախկին նախագահը՝ կրկին զուգահեռներ տանելով Հայաստանի գործող իշխանությունների և Ուկրաինայի միջև, որի դեմ Ռուսաստանի պատերազմը շարունակվում է արդեն չորս տարուց ավելի։
«Ամեն մի պետություն իր շուկան այնպես է պաշտպանելու, որ դժվար է պատկերացնել: Հեքիաթներ են՝ հերթական անգամ մեր ժողովրդին խաբելու», - պնդեց Քոչարյանը:
Ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանը հայտարարեց՝ ընտրության դեպքում փորձելու է բալանսավորված քաղաքականություն վարել ուժային բոլոր կենտրոնների հետ։ Ընդունեց՝ Ռուսաստանը պատժամիջոցներ է կիրառում, որոնց, սակայն, ինքը համաձայն չէ, «քանի որ դրանից տուժվում են հայ բիզնեսմենները, հայ ժողովուրդը»:
«Ցանկացած քայլ ցանկացած երկրի կողմից եթե արվում է ու տուժվում է հայ ժողովուրդը, ես չեմ կարող դա ընդունել», - հայտարարեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը:
«Ինձ թվում է՝ ռուսները ունեն իրենց շահերը և հետևողական վարում են իրենց քաղաքականությունը: Դա ոչ մի կապ չունի ո՛չ Փաշինյանի հետ, ո՛չ ինձ հետ», - վստահ է Սամվել Կարապետյանը:
Ռուսաստանի ու Բելառուսի հետ սերտ հարաբերություններով հայտնի Գագիկ Ծառուկյանի համար Մոսկվայի քայլերը հասկանալի են, անհասկանալի ու անընդունելի է մրցակից Փաշինյանի քաղաքականությունը, ասաց։
«Եթե ձեզ ավելի լավ բան առաջարկում ա Եվրոպան, խնդիր չկա, գնացեք: Բայց մենք արդեն նայելով, որ «դու մեր հետ խաղում եք, եթե տենց ա, ուրեմս՝ մենք ձեր հետ վերաբերվելու ենք ոնց որ եվրոպական պետության, եթե գնում եք Եվրոպա», էդքան մի բան», - հայտարարեց ԲՀԿ առաջնորդը: