Մատչելիության հղումներ

Հայաստանի քարտեզը վարչապետի պիջակին. ԿԸՀ-ից պարզաբանում են՝ քարոզչական նյութերի օգտագործումն ընտրողների կողմից խախտում չէ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում, Երևան, 7-ը հունիսի, 2026թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում, Երևան, 7-ը հունիսի, 2026թ.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից խախտում չեն համարում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրատեղամաս է գնացել Հայաստանի քարտեզը պիջակին ամրացրած: Ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանի խոսքով՝ քարոզչական նյութերի օգտագործումն ընտրողների կողմից խախտում չէ, իսկ ընտրատեղամասում գտնվելու իրավունք ունեցողների դեպքում միանշանակ խախտում է:

«Քարոզչական նյութերի վերաբերյալ մենք շատ խիստ ենք վերաբերվում, երբ դրանք կրում են տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձինք՝ վստահված անձ, ԶԼՄ ներկայացուցիչ, դիտորդ և այլն: Իրենց կարող ենք պարտադրել, որ չանեն, բայց ընտրողների դեպքում գերակա է նրանց ընտրելու իրավունքը, ցանկալի չէ, բայց չենք կարող որևէ միջոց կիրառել: Իսկ վստահված անձանց դեպքում շատ խիստ ենք», - ասաց Մարկոսյանը:

ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանն էլ հավելեց՝ եթե ընտրողներն են կրում քարոզչական իրեր, ապա հանձնաժողովի անդամը պետք է դուրս հրավիրի ընտրողին և նրա վերադարձը թույլ տա միայն այն դեպքում, երբ ազատվի այդ իրերից:

Էրեբունու տեղամասերից մեկում այսօր հանձնաժողովի անդամն, օրինակ, «Ազատությանը» պատմել է՝ «Քաղաքացիական պայմանագրի» շապիկով մի քաղաքացու առաջարկել է գնալ, փոխել շապիկը, հետո գալ ընտրության: Մինչդեռ 8/20 տեղամասում ընտրությանը մասնակցած վարչապետին հանձնաժողովի նախագահը նման հորդով չդիմեց, երբ նա Հայաստանի քարտեզը պիջակին մտավ ընտրատեղամաս:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG