Մատչելիության հղումներ

Հետընտրական զարգացումները Հայաստանում

Հունիսի 7-ի ընտրությունների վերջնական արդյունքներով՝ ԱԺ են անցնում «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Ուժեղ Հայաստան»-ը և «Հայաստան»-ը

12:51 29.6.2026

Սահմանադրական դատարանը չորրորդ օրն է՝ շարունակում է ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։

Քաղաքական 7 ուժերն արդեն ներկայացրել են իրենց դիմումները։ Դիրքորոշում է հայտնել նաև պատասխանող կողմն ու որպես երրորդ կողմ ճանաչված իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», ինչպես նաև իրավապահ կառույցները։ Այժմ դատավորները հարցեր են տալիս կողմերին։

Ավելին՝ այստեղ

18:01 30.6.2026

Սահմանադրական դատարանը 5-րդ օրն է՝ շարունակում է ընտրության արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունը: Այսօր ՍԴ-ն փակ նիստում քննել է գաղտնի ցուցակների հետ կապված հարցերը:

«Այսօր ուսումնասիրելու ենք գաղտնի փաստաթղթեր: Դրանք ուսումնասիրելու համար այս դատավարությունում մեկ փուլ է, փակ դռների հետևում է լինելու: Միայն դատավարության մասնակիցներն են մասնակցելու և դատավորները»,- լրագրողների հետ զրույցում ասել է Բարձր դատարանի նախագահ Արման Դիլանյանը:

14:06 1.7.2026

Վեցերորդ օրն է, ինչ Սահմանադրական դատարանը քննում է յոթ քաղաքական ուժերի դիմումները, որոնցով պահանջվում է անվավեր ճանաչել հունիսի 7-ի քվեարկության արդյունքները։ Այսօր կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն այսօր անդրադառնալով ԲՀԿ փաստաբան Հովհաննես Խուդոյանի նախօրեի դիտարկմանը, հերքեց, թե ընտրողների թվի տարբերություն կա։

Երեկ Խուդոյանը հայտարարել էր, որ ստորագրված մատյանները ԿԸՀ-ի հրապարակած մասնակցության տվյալների հետ համադրելուց հետո սկզբում շուրջ 27 հազար ստորագրության տարբերություն են հայտնաբերել։

14:09 1.7.2026

Կողմերն այս պահին հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով:

Ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը մասնակցում են ՍԴ 9 դատավորներից 7-ը:

Դիմումների վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանը ամենաուշը հուլիսի 4-ին պետք է կայացնի։ Դա օրենքով նախատեսված ժամկետ է՝ դիմումների ստանալուց հետո, մուտքագրման օրվանից հետո՝ 15-օրյա ժամկետում, իսկ դիմումները անցած ուրբաթ են մուտքագրվել:

16:53 1.7.2026

Սահմանադրական դատարանում ընտրության արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ գործով որոշում կայացնելու:

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտնեց, որ գործով որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ը օրվա վերջ:

20:23 3.7.2026

Սահմանադրական դատարանը վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշումը:

«2026 թվականի հուլիսի 4-ին կհրապարակվի Սահմանադրական դատարանի որոշումը` 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման հետ կապված վեճի վերաբերյալ», - ասված է Բարձր դատարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում:

Որոշման հրապարակման ժամի վերաբերյալ ՍԴ-ից կտեղեկացնեն լրացուցիչ:

18:20 4.7.2026

Սահմանադրական դատարանը մերժեց ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումներն ու ուժի մեջ թողեց հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:

Որոշման հրապարակումից հետո Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն «Ազատությանն» ասաց՝ «Արդարադատությունը հաղթեց»:

ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց.- «Սահմանադրական դատարանն ուներ պատմական հնարավորություն անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները: Մենք ունեինք մի ունիկալ իրավիճակ, երբ մանդատներ ստանալ կամ չստանալու հանգամանքը կախված է եղել բացառապես ԿԸՀ-ի կողմից ընդունված որոշմամբ: Ակնհայտ է, որ դատական նիստի շրջանակում ներկայացված ապացույցների նյութերի ուսումնասիրությամբ միանշանակ էր, որ առնվազն ԲՀԿ-ն պետք է ստանար մանդատներ: Սա այն դեպքն էր, որ բոլորը տեսան, ցավոք սրտի, Սահմանադրական դատարանը մասնակից եղավ կամ առնվազն չկանգնեցրեց ձայնագողությունը»:

Ավելին՝ այստեղ:

XS
SM
MD
LG